Յուրաքանչյուր որոշման գնալու ենք միասնաբար․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ:

Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում մարզային բուհերի գործունեության, կրթական ծրագրերի վերլուծության և զարգացման վերաբերյալ հարցեր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում մեկնարկած կարևոր փոփոխություններին, կարևորել է գործընթացում բոլոր կողմերի ներգրավվածությունն ու համագործակցությունը:

«Համատեղ աշխատանքն ու աջակցությունը բարեփոխումների գործընթացին  շատ կարևոր են.  նախարարությունն ակնկալում է մասնակցակային գործընթաց»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նրա խոսքով՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի համատեքստում մարզային բուհերին առնչվող խնդիրները քարտեզագրելու և լուծման ուղիները գտնելու համար անհրաժեշտ է կատարել վերլուծություն՝ հասկանալու, թե մարզերում որ մասնագիտություններով կրթություն կազմակերպելու իրական անհրաժեշտություն կա:  Մասնագիտությունների ցանկը, ըստ Ժաննա Անդրեասյանի, պետք է հիմնված լինի շրջանավարտների զբաղվածության տվայլների հիման վրա՝  հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի աշխատաշուկայի սպասարկման պահանջարկը, ինչպես նաև  բուհի կողմից իրականացվող հետազոտական նախագծերը: 

«Կարևոր է հասկանալ՝ ըստ մասնագիտությունների ինչպիսի կրթություն ենք ապահովում,  ինչ որակավորումներ ենք շնորհում և ինչ կարիք ենք սպասարկում»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով ելքային տվյալների ճշգրիտ հավաքագրումը, որը ներառելու է տեղեկատվության ամբողջացում՝ կրթական ծրագրերի իրագործումից մինչև ենթակառուցվքածքների և մասնագետների առկայություն:

Ըստ նրա՝  կայացվող բոլոր որոշումների հիմքում դրվելու են վերլուծություններն ու  ստացված տեղեկությունները: Այս համատեքստում կարևորվել է տեղեկատվության տրամադրման միասնական ձևաչափի անհրաժեշտությունը: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել  նաև ընդունելության ցուցանիշներին, բուհերի գույքային հագեցվածությանը և այլ խնդիրների:

Անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացը պետք է իրականացվի թիրախային քննարկումների արդյունքում. «Ակադեմիական քաղաքի ծրագիրը ներկայացվելու է բոլոր բուհերում՝ պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ. յուրաքանչյուր որոշման գնալու ենք միասնաբար»:  

Նախարարի պարզաբանմամբ՝ ծրագրին առնչվող մնացյալ հարցերը՝ կառուցվածքային, կազմակերպչական, ֆինանսատնտեսական, բովանդակային, քննարկման դաշտում են, ինչի նպատակով շահագրգիռ կողմերի ներգրավմամբ ձևավորվում են աշխատանքային խմբեր: Նա ասել է, որ մարզային բուհերի ներկայացուցիչները ևս կընդգրկվեն աշխատանքային խմբերում՝ ծրագրի ընթացքին ավելի կառուցողական մասնակցություն ունենալու նպատակով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել