Ամուսնությունը դրախտի խորհուրդ է. Տեր Նշան քահանա Ալավերդյան

Ամուսնությունը դրախտի խորհուրդ է: Պնդում է Տեր Նշան քահանա Ալավերդյանը: Նա իր խոսքերը հիմնավորում է ինչպես աստվածաշնչյան մեջբերումներով, այնպես էլ պատմական ակնարկներով:

Եթե ամուսնության արմատները, ըստ հոգևորականի, բավականին խորն են ու հիմքային, ապա ամուսնալուծության պարագայում ընդհանուր կարծիք ու դիրքորոշում սկսվեց մշակվել դեռ միջնադարից:

Ամուսնությունն ու ամուսնալուծությունը իրավական սովորական ընթացակարգեր են, սակայն եկեղեցին դրանք ընկալում է որպես աստվածային երևույթ: Մանրամասները՝ «Եկեղեցին և իրավունքը» խորագրով հատուկ նախագծի հերթական հարցազրույցում:

– Ի՞նչ մոտեցումներ ունի եկեղեցին ամուսնության վերաբերյալ:

img_7954-copy– Ամուսնությունն Աստծո արքայության խորհուրդն ունի այնքանով, որ իր ձևի մեջ միակն է, որ մարդու անկումից առաջ կար, երբ դեռ Ադամն ու Եվան դրախտից չէին արտաքսվել ու Աստծո միությունն ունեին: Ուստի՝ ամուսնության խորհուրդ մի տեսակ վերադարձ է դեպի դրախտ, Աստծո արքայության նախատիպն է: Ամուսնության վավերացման համար պայմաններից առաջնայինը պսակադրությունն է, որը եկեղեցու 7 խորհուրդներից մեկն է, միացնողն Աստված է: Պսակը կատարվում է, եթե հարսն ու փեսան փոխադարձ համաձայնությամբ ու սիրով եկել են, և դա արտահայտում են քահանայի ու ներկաների առջև, երբ երկուսի ծնողներն ընդունել են ու հակառակ չեն այդ կապին, այսինքն՝ անպայման ծնողների օրհնությամբ լինի։ Բացի դրանից, կարևոր է, երբ երկուսի տարիքն էլ հասած է, չափահաս են` ըստ տվյալ ժամանակի ընկալման: Միջնադարյան շրջանում մենք տեսնում ենք, որ սա տատանվել է 12-15 տարեկանի մեջ։ Որպես օրինակ ունենք սուրբ Ներսես Շնորհալու ժողովական որոշումը, որտեղ ընդհանրական նամակում նա հստակ շեշտում է, որ ամուսնության տարիքը դիտարկվի աղջկանը 12, տղամարդունը՝ 15 տարեկանը: Մենք դիտարկում ենք դեպքեր, հատկապես Հռոմեական կայսրության ժամանակ, երբ աղջկա համար ամուսնության համար տարիքային մինիմալ շեմը 9 տարեկանն է։ Բնականաբար սա այժմյան մտածողության մեջ գուցե բոլորովին այլ կերպ ընկալվի։ Տվյալ պարագայում միանգամից աղջկան չեն տարել ամուսնական կենցաղավարությամբ ապրելու, այլ նպատակն է եղել, որպեսզի իր գիտակցական հասունությունը աղջիկն ունենա սկեսրայրի տանն ու դրանով իսկ այդ արժեհամակարգի կրողը դառնա: Եկեղեցու օրհնության համար կարևոր հիմք է այն հանգամանքը, որ որևէ կողմից բռնություն չպետք է լինի, ինչպես նաև ապագա ամուսիններից մեկը կապված չպետք է լինի պսակով, այսինքն՝ մինչ այդ ամուսնացած և ուրիշի հետ ամուսնական կապով կապված չլինի: Կարևոր է նաև պսակը թույլատրելի օրերին կատարելը: Թույլատրելի են դիտվել սրբերի տոնախմբան օրերը, իսկ պսակի համար արգելված օրեր են սահմանվել պահոց օրերը և տերունի տոները։

– Օրենսդրությունը սահմանում է, որ ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով՝ ամուսինների կամ ամուսիններից մեկի դիմումի հիման վրա, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա։ Իրավունքի տեսանկյունից` ամուսնալուծությունը սովորական քաղաքացիաիրավական գործընթաց է, ինչպե՞ս է եկեղեցին վերաբերում այս երևույթին:

unnamed– Նախապես մենք պետք է թերևս արմատներին հասնենք՝ ինչպե՞ս դա ձևավորվեց եկեղեցու կյանքի մեջ: Մենք տեսնում ենք, որ բավական մեծ ու նպաստող դեր է ունեցել հատկապես այն հանգամանքը, որ ամբողջ Հռոմեական կայսրության տարածքը իրավական նույն նորմերով էր առաջնորդվում։ Տարբեր ազգությունների`մի կայսրության տարածքում համակեցությունը նպաստեց, որ քրիստոնեությունը քարոզվի ամբողջ կայսրությունով մեկ։ Հետագայում մենք տեսնում ենք, որ պետականորեն քրիստոնեությունն ընդունվեց, որի արդյունքում եկեղեցի ներմուծվեցին նաև այն իրավական կարևոր ինստիտուցիոնալ մանրուքները որոնք կատարվում էին միմիայն քաղաքացիական դատարանի միջոցով: Հռոմեական իրավունքն այս դեպքում մի տեսակ օգտակար և նաև հիմնաքարային է եղել նաև եկեղեցական իրավունքի ձևավորման համար: Աստվածաբանական կրթության մեջ առանձին ճյուղ կար՝ կանոնագիտությունը, իրավագիտությունր: Ամբողջ Հռոմեական կայսրության մեջ քրիստոնեությունը իբրև բացարձակ կրոն հռչակելուց հետո բարձրացավ նաև հոգևոր իշխանության հեղինակությունը: Նշվում է, որ առանց Աստծո օրհնությամբ եղած պսակը կարող է անգամ անվավեր դիտարկվել, և նպատակն այն էր, որպեսզի հնարավորինս կանխվեն ամուսնալուծությունները և ամուսնական կյանքում անկարգությունները` շնությունը, պոռնկությունը, անառակությունը: Հայկական իրականությունում մենք տեսնում ենք, որ հեղափոխող է դառնում Ներսես Մեծ կաթողիկոսի եկեղեցական ժողովը, որը ներընտանեկան ու ներհասարակական շատ խնդիրներ է լուծում: Քրիստոնեությունը դարձավ այն բարձրագույն աստիճանը, որով էլ սրբագործվեց ամուսնությունը: Քրիստոնեությունն ամուսնությունը բարձրացրեց այն աստիճանի, որ այր և կնոջ միությունը դիտարկվեց իբրև Քրիստոսի և եկեղեցու միության արտահայտություն։ Ինչպես որ Քրիստոս իր անձը տվեց եկեղեցու համար, այնպես էլ այրը, տղամարդը իր կնոջ և ընտանիքի համար պատրաստ պետք է լինի նման զոհողության:

Սա միակ խորհուրդն է, որ կար դրախտից սկսած, դրա համար դիտարկվում է որպես աստվածահիմն խորհուրդ, երբ երկուսը դառնում են մեկ մարմին։ Ուստի, երբ հետաքրքրվում են Քրիստոսից, թե որևէ պատճառով արժե՞ որ մարդն ու կինը բաժանվեն, Քրիստոս ասում է, որ սկզբից ի վեր, երբ Աստված ստեղծեց, ասաց՝ այսուհետ մեկ մարմին լինեն, և ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի: Պետք է դիտարկել, որ Ս.Պսակով ամուսնությունը ոչ թե պարզ համաձայնություն է, այլ Աստծո միջոցով, Աստծո ներկայությամբ միություն: Ես կարծում եմ, որ եկեղեցու դիրքորոշումը պետք է լինի նախ և առաջ կանխարգելել ամուսնալուծությունը (Մանրամասները նաև տեսանյութում):

– Շատ հաճախ ամուսնալուծությունից հետո տղամարդը փորձեր է կատարում խուսափել ալիմենտից, այսինքն` վճարել երեխայի կարիքների համար, հաճախ այդ հարցերը լուծվում են դատարնում: Ինչպե՞ս եք այս հանգամանքին վերաբերում:

– Ինչպես քաղաղացիական դատարանը, նույնպես և եկեղեցական իրավասու մարմինը նախապես մանրամասն քննում է ամուսնալուծության պատճառներն ու հանգամանքները։ Եկեղեցական կանոններով այս ամենը նախապես սահմանված են: Հստակ դիտարկվում էր նաև, թե ով է մեղավորը ամուսնական կապի խզման մեջ: Այժմ մեր դատարանը մեծ մասամբ սահմանում է կնոջ մոտ երեխայի մնալու և տղամարդու կողմից ալիմենտ վճարելու կանոնակարգը, շատ կարևոր է քրիստոնեական մատուցումը, որը ավելի ինդիվիդուալ է, այսինքն՝ դիտարկել, թե ով է պատճառը հանդիսացել, այնպես ինչպես հիմա էլ խորքում դատարանը դիտարկում է, եթե կինը իր բարեպաշտ իր հեղինակությունը չի կարող պահել, աշխատունակ չէ, կայուն տեղ չունի ապրելու, սա պատճառ է հանդիսանում, որ խնամակալ համարվի հայրը: Մենք տեսնում ենք, որ ցարական Ռուսաստանում էլ, ինչին մաս կազմեց մեր երկիրը, եկեղեցու կողմից սահմանված կարգերը և կայացրած որոշումները կատարվում էին հաճախ քաղաքացիական դատարանի հետ համաձայնությամբ:

Գ.Թ., Ա.Ս.

Շարքի մտահղացման հեղինակներ՝

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ

Կարեն Զադոյան

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու

Տեր Եսայի քահանա Արթենյան

Կարդացեք նաև՝

Ապօրինի հարստացման քրեականցման օրինագիծը բավականին կարևոր է հանրության համար. Տեր Եսայի քահանա Արթենյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել