«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Արագածոտնի թեմի Սաղմոսավանք վանական համալիրի հոգևոր սպասավոր Տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ զրուցել է «Ոսկե կանոնի» մասին։
-Աստվածաշնչի «Ոսկե կանոնն» ասում է՝ այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց․ Հիսուս Քրիստոսի այս պատգամը ինչպե՞ս է հասել մեզ։
-«Ոսկե կանոնը» առանձին նախադասություն չէ Սուրբ գրքի մեջ, այն հայտնի Լեռան քարոզի վերջին հատվածի մեջ է։ Եվ այն մեզ սովորեցնում է, թե ինչպես կառուցենք մեր կյանքը մեր շրջապատի հետ։
-Իսկ ինչո՞ւ է կոչվում «Ոսկե կանոն»։
-Շատ պարզ պատճառով, որովհետև ամենալավ բաները մենք ոսկյա ենք անվանում։ Աստվածաշնչում կան բազում կանոններ։ Այս կանոնը կոչվում է ոսկե, որովհետև մարդու կյանքի բանալին է, որպես լավագույն կանոն՝ կոչվել է «Ոսկե կանոն»։
-Ի՞նչ սկզբունք ունի «Ոսկե կանոնը» և ինչ արժեքային խորհուրդ է այն իր մեջ պարունակում, խնդրում եմ մանրամասնել:
-Ես քիչ առաջ ասացի, որ այն կյանքի բանալի է և Ավետարանի մեջ մեր կյանքը կազմակերպելու համար, որպես բանալիներ, շատ կանոններ կան։ «Ոսկե կանոնը» իր մեջ մեծ բարոյական սկզբունքներ է պարունակում, եթե դու ուզում ես քո ընկերական, ընտանեկան, հասարակական կյանքը կառուցել քրիստոնյային վայել կերպով, պետք է հետևես «Ոսկե կանոնին»։ Եթե դու դիմացինիդ վատություն ես անում, չզարմանաս, որ դիմացինդ քեզ վատություն անի։ Եթե դիմացինիդ խաբում ես, մի զարմացիր, որ դիմացինդ քեզ կխաբի։ Եթե դու ուզում ես ընկերություն անել, պետք է ընկեր լինես։
-Տեր Փառեն, իսկ երբ քրիստոնյան հետևում է այս կանոնին, բայց դիմացինն իր հետ նույն կերպ չի վարվում, քրիստոնյան ի՞նչ պետք է անի այս պարագայում։
-Այս կանոնը տրված է բոլոր քրիստոնյաներին։ Երբ ես կարդում եմ և հետևում եմ կանոնին, ենթադրվում է, որ դիմացինս էլ պետք է կարդա և հետևի այդ կանոնին, այսպիսով այս հարցը լուծվում է, բայց այնուամենայնիվ մենք մեր կյանքում հանդիպում ենք շատ դեպքերի, որ հետևում ես «Ոսկե կանոնին», բայց դիմացինից համարժեք պատասխանը չես ստանում, սրա պատասխանն էլ Ավետարանի մեջ շատ հստակ կա։ Մեկ անգամ Պետրոս առաքյալը եկավ և Քրիստոսին հարցրեց՝ եղբորս քանի՞ անգամ ներեմ, յո՞թ անգամ։ Քրիստոս պատասխանեց՝ ոչ, յոթ անգամ յոթանասուն յոթ, այսինքն բազում անգամներ։ Քրիստոնյայի կյանքը իրականում ոչ թե մարդկանց հետ է, այլ՝ Աստծո։ Պետք է չթշնամանաս։
-Արդյո՞ք «Ոսկե կանոնին» հետևելը քրիստոնյայի պարտականությունն է։
-Ոչ միայն «Ոսկե կանոնին» հետևելն է քրիստոնյայի պարտականությունը, այլ նաև ավետարանական կանոներին է քրիստոնյայի պարտականությունը։ Ես կուզեի անդրադառնալ պարտականություն բառին, այն մի քիչ խիստ է հնչում և մի քիչ արհեստական է, եթե դու անում ես դա իբրև պարտականություն, մի օր կհոգնես այդ պարտականությունը կատարելուց։ Նույնը կարող ենք ասել՝ արդյո՞ք սիրելը քրիստոնյայի պարտականությունն է։ Այո, պարտականություն է, բայց ես վստահ եմ, որ քրիստոնյան, երբ սիրում է, առհասարակ, մարդը, երբ սիրում է, ինքը չի մտածում՝ պարտականություն է անում, թե պարտականություն չի անում։
-Արդյո՞ք սա ենթադրում է, որ մարդկանց հետ շփման մեջ, պետք է որևէ ակնկալիք ունենանք նրանցից։
-Կա Մայր Թերեզայի հայտնի աղոթքը՝ «Ամեն դեպքում», որտեղ ասում է՝ դու կարող ես ամբողջ կյանքում կառուցել, բայց մի վայրկյանում քանդեն քո կառուցածը, կառուցի՛ր, ամեն դեպքում։ Վերջում մեկ նախադասություն կա, ասում է՝ ի վերջո ամեն ինչ քո ու քո Աստծու միջև է։ Քրիստոնյան դա չի անում իբրև պարտականություն, դա շնչելու պես մի բան է։ Այն պահին, երբ ինքը մտածեց, որ պարտականություն է անում, իմ կարծիքով, ինքն այդ պահին ձախողելու է։ Մենք այդ կանոնը պետք է գործածենք, ոչ թե որպեսզի, մարդկանցից շահ ակնկալենք, այլ պետք է անենք, որովհետև դա ճիշտ է։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան