20 հազար ԱՄՆ դոլարի կաշառք ստանալու պահին ձերբակալվել է դատավոր Խաչատուր Խաչատրյանը. ԱԱԾ

Դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից:

Աղբյուրը փոխանցում է, որ Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով, նրա օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել և ստացել է 20.000 ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաև` Որքա՞ն գումար է պաշտոնապես հայտարարագրել դատավոր Խաչատուր Խաչատրյանը

Ստորևէ ներկայացնում ենք դատավորի կենսագրությունը.

Ծնվել է 1970 թվականին Լենինական քաղաքում։

1995 թվականին ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկա և սոցիոլոգիա ֆակուլտետը, որակավորումը` տնտեսագետ։

2006 թվականին ավարտել է Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որակավորումը` իրավաբան։

1991 թվականից մինչև 1993 թվականը ուսման հետ համատեղ աշխատել է «Պոզիստոր» արտադրական միավորման «Կիլիկիա» կոոպերատիվում` որպես հերթափոխի պետ։

1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է «Մուշ» փոքր ձեռնարկությունում` որպես կոմերցիոն տնօրեն։

1998 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությունում` որպես Վիճակագրության և պետական ռեգիստրի Շիրակի մարզային վարչության Գյումրու պետական ռեգիստրի բաժնի պետ։

2000 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում` որպես ձեռնարկությունների պետական ռեգիստրի Գյումրու տարածքային բաժնի պետ։

2003 թվականից մինչև 2008 թվականն զբաղեցրել է ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Գյումրու տարածքային բաժնի պետի պաշտոնը։ Ունի քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի սնանկության գործեր վարող դատավոր։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել