«Իմ ընտանիքը բազմաթիվ զրկանքներ է տեսել». Զարուհի Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանը խոստովանում է` օրենսդրական և քաղաքական գործունեության արդյունքում տուժել է իր ընտանիքը: Այդուհանդերձ, նա երբևիցե չէր պատկերացնում, որ կհայտնվեր այս ոլորտում: Ինչո՞ւ նա մտավ քաղաքականության մեջ և ինչ զրկանքներ է տեսել տիկին Փոստանջյանի ընտանիքը: Մանրամասները Իրավաբան.net-ի` «Կանայք` օրենսդիրում» շարքի հերթական հարցազրույցում:

Փաստերի լեզվով 

Զարուհի Փոստանջյանը ծնվել է 1972թ. հունվարի 16-ին Երևանում:

1994թ. ավարտել է Երևանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը: Իրավաբան-իրավագետ:

1999թ. Հայաստանի Հանրապետության փաստաբաննների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: 1999 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:

Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում և Լեհաստանում:

1993-1996թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում` որպես ավագ տեսուչ, 1998-1999թթ.` «Հելսինկյան ընկերակցություն» հասարակական կազմակերպությունում, իսկ 1999-2000թթ.` «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում` իրավաբան, 1999-2000թթ.` «Դիկէ» իրավաբանական ծառայություն» ՍՊԸ-ում` փաստաբան: 2000-2002թթ. Հայ Փաստաբանների միջազգային միությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար, 2004-2005թթ.` «էնդաքսի» ՍՊԸ տնօրեն, 2006-2007թթ.` ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի իրավաբան: 2000-2007թթ. եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել «Պրոմեթևս» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ և վարող:

«Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության կողմից պարգևատրվել է պատվոգրով, շքանշանով և հուշամեդալով` մասնագիտական հմուտ կարողությունների համար, իսկ Փաստաբանների պալատի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար` ՀՀ փաստաբանների պալատի պատվոգրով:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Ժառանգություն» կուսակցություն): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 13.01.2010-31.05.2012թթ.` գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Տիկին Փոստանջյան, ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք Ազգային ժողովում:

Այստեղ իմ գտնվելը պայմանավորված է իրավունքների և մեր պետության ինքնիշխանության համար մղվող պայքարով: Ես ցանկանում եմ, որ մեր երկիրը լինի ինքնիշխան և մեր օրենսդրության մեջ հարգվեն մարդու իրավունքները, դրա համար էլ այստեղ եմ:

Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել օրենսդիր գործունեությամբ:

Երբևիցէ չէի պատկերացնի, որ պետք է լինեմ այստեղ, երբևիցե չեմ պատկերացրել, որ կարող է ընդգրկված լինեմ քաղաքական գործունեության մեջ: Մինչ այստեղ գալը, երկար տարիներ զբաղվել եմ փաստաբանական գործունեությամբ: Այն ինձ, այսպես կասեմ` հանդիպացրեց քաղաքականությանը, ես ներկայացնում էի «Ժառանգություն» կուսակցությանը դատական ատյաններում: Հենց այս հանգամանքն էր, որ նաև հիմք հանդիսացավ քաղաքականության մեջ իմ ներգրավվելուն:

Արդյոք դժվա՞ր չէ լինել մի կին, ով ակտիվ է, և՛ քաղաքականության մեջ, և՛ օրենսդիր դաշտում:

Ես կարծում եմ, ցանկացած մարդու համար է շփումը պետական պաշտոնյայի հետ դժվարություններ հարուցում: Ես էլ նրանցից մեկն եմ, այնպես չէ, որ առանձին կամ առանձնահատուկ եմ:

Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում, երբ Դուք որպես օրենսդիր մտաք այս ոլորտ և ի՞նչ տվեց Ձեր ընտանիքին այս պաշտոնը:

Իմ պապիկի և տատիկի նկատմամբ ստալինյան ժամանկահատվածում հետապնդումներ են եղել: Նրանց ընտանիքը նաև ակսորվել է Սիբիր, Ալթայսկի շրջան, մայրիկս այնտեղ է դպրոց գնացել: Այնպես որ, ես պատմելով գիտեի ինչ է նշանակում քաղաքական հետապնդում, սակայն անձամբ այդ ցավը չէի զգացել: Այս ժամանակահատվածում, իհրակե, շատ հասունացա: Դժվարին ճանապարհ ենք մենք անցել, տեսել ենք մարտի մեկ և մարտի մեկի զոհեր: Բայց չէի պատկերացնի, որ քաղաքական և օրենսդրական գործունեությունում իմ ծավալած աշխատանքն այսպիսի խնդիրներ կհարուցի նաև ընտանիքիս առջև: Այս ընթացքում ապօրինի հետապնդում սկսվեց եղբորս նկատմամբ, նրան երեք ամիս պահեցին կալանքի տակ, պայքարը ընթանում էր, վերջ ի վերջո արձակեցին: Ուզում եմ ասել, որ լինել քաղաքականության մեջ և պայքարել իրավունքների ու ազատությունների համար` նաև դժվար է: Ընտանիքի անդամների համար էլ, այսպես ասած` հաճույք չէ: Այնպես որ` հեշտ չէ, իմ ընտանիքը բազմաթիվ զրկանքներ է տեսել:

Ինչպիսի՞ն է Ձեր աշխատանքային առօրյան, խնդրում եմ հակիրճ ներկայացրել:

Իմ աշխատանքը միայն մի վայրում չէ, որ ծավալվում է, այլ երկու հայկական պետությունների տարածքում` և՛ Արցախի Հանրապետությունում, և՛ Հայաստանի Հանրապետությունում: Դեռ ավելին` հանրապետությունից դուրս` աշխարհի տարբեր քաղաքներում եմ լինում: Աշխատանքի ծավալը մեծ է և աշխարհագրությունն է տարբեր:

2014թ. հունվարի 10-ից մինչև հունիսի 24-ը Դուք վերապատրաստում անցաք ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: Ի՞նչ այն Ձեզ տվեց:

Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, որպես իրավաբան և փաստաբան, բավականին հմտություններ ունեի, բայց ունեի բաց քաղաքականությամբ զբաղելու համար: Ես փորձեցի այն լրացնել, մասնակցեցի մրցույթի և շուրջ վեց ամիս փորձառություն ձեռք բերեցի ԱՄՆ-ում` քաղաքականության, դիվանագիտության և հանրային կառավարման ոլորտում: Իհարկե, յուրաքանչյուր պաշտոնյա ժամանակ առ ժամանակ պետք է նաև վերապատրաստվի:

Արդյոք, կարելի՞ է ասել, որ կանայք բավարար չափով ընդգրկված են օրենսդրական գործունեության մեջ:

Ոչ, ընդհանրապես մեր պետական կառավարման մարմիններում կանայք բավարար չափով ընդգրկված չեն:

Խնդրում եմ Ձեզ` որպես օրենսդիր, ներկայացնել այսօրվա օրենսդրական դաշտը, ի՞նչ խնդիրներ ունի այն և Դուք ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես գալիս:

Ես հանդես եմ գալիս բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով` սկսած պետական տուրքի, պատգամավորների վարքագծի կանոններից մինչև օսմանյան կասրությունում այլ ազգերի ցեղասպանություն և այլն: Տարբեր հարցեր եմ փորձում ներկայացնել ԱԺ-ին: Ոչ միայն որպես օրենսդրական նախաձեռնություն, այլ նաև հանրային խնդրի բարձրացում նույնպես: Այստեղ մենք հայտարարություններ ենք անում: Տարբեր են ոլորտները, բազմաթիվ խնդիրներ կան Հայաստանի Հանրապետությունում: Երբ քեզ դիմում են քաղաքացիները, պարտավոր ես այդ դիմումներին արձագանքել:

Կարդացեք նաև` «Այսօր հնարավորություն ունեմ ինքս նախաձեռնելու օրենքների փոփոխություններ»․Ռուզաննա Մուրադյան

Հարցազրույցը վարեց Գևորգ Թոսունյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել