Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն անցավ լարված մթնոլորտում: Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը պնդում է, որ այն ընթացել է թափանցիկ:
Պարոն Մելիքյանի փոխանցմամբ` «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայտարարություններն ու մի շարք խնդիրների բարձրաձայնումը որոշակի հետևանքներ առաջացրեցին մրցութային հանձնաժողովի համար. «Որովհետև քաղաքացիական հասարակության կողմից բարձրացված և փաստարկված որոշակի հանգամանքների ուժով հանձնաժողովը օրակարգ ձևավորեց»:
Անդրադառնալով թեկնածուներից Արմեն Հարությունյանի, Արայիկ Մելքումյանի և Նորա Կարապետյանի փաստաթղթերի առկայության խնդրին` հանձնաժողովի անդամն ասաց. «Մենք ունեինք երեք հավակնորդ որոնց իրավիճակները տարբերվում էին միմյանցից: Մի հավակնորդի պարագայում իրավիճակն այն էր, որ առկա էին փոստային փաստաթղթերը, մյուս հավակնորդների պարագայում` ոչ: Մեկնաբանությունն այն էր, որ նրանք փաստաթղթերը չէին հանձնել այն ստորաբաժանման ղեկավարին, ով ընդունում էր դրանք»:
Մասնավորեցնելով իր խոսքը` մեր զրուցակիցը անդրադարձավ Արմեն Հարությունյանի հայտին. «Անվիճելի էր, որ այս հավակնորդի ծրարը փոստային բաժանմունք էր հանձնվել սեպտեմբերի 23-ին: Ցանկացած ոք դա կարող է պարզել, որովհետև հրապարակվել էր շտրիխ կոդը: Էլեկտրոնային ճանապարհով ֆիքսված էր այդ փաստաթղթի շարժը: Ըստ այս շարժի` հավակնորդի փաստաթղթերի հանձման վերջնաժամկետի օրը` սեպտեմբերի 24-ին ոչ թե ժամը 18:45 էր ֆիքսված, այլ առավոտյան 10:04 րոպե: Մեր գործընկերները դրա մասին չեն խոսում: Այս պայմաններում հավակնորդին անիրավաչափ կերպով չէինք կարող դուրս թողնել մրցույթից»:
Այնուհանդերձ պարոն Մելիքյանը շեշտեց` անգամ, եթե փոստը վերջնաժամկետից ուշ հասներ, հանձնաժողովը կընդուներ փաստաթղթերը: Նա նաև հիշեցրեց, որ մրցույթին փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը ժամը 18:00-ն սահմանվել է ոչ թե ՀՀ նախագահը, այլ հանձնաժողովը. «Հանձնաժողովն ինքը մեկնաբանեց, որ հայտարարության մեջ նշվող ժամկետը չի կարող վերաբերել փոստային ծառայությանը, այլ առձեռն հանձնող քաղաքացիների համար է այն նախատեսված: Փոստատարների կանխատեսելիության շրջանակը դրանցի դուրս է, անձը, ով փոստ է հանձնում, նա ամենևին պարտավոր չէ հետևել փոստատարերի գործողություններին»:
Ուստի ըստ մեր զրուցակցի` այս բոլոր հանգամանքները ժողովելով` հանձնաժողովը որոշեց լրացուցիչ պարզաբանումներ չպահանջել Արմեն Հարությունյանից:
Նա նաև անդրադարձավ մրցույթի հարցազրույցին, մասնավորապես լեզվի իմացության ստուգման փուլին, մեր այն հարցին, թե արդյոք այս փուլում հանձնաժողովի անդամներն ունեի՞ն թարգմանության տեքստերը` այն համադրելու համար հավակնորդի վերծանության հետ, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Այդ պահին չկար, սակայն գնահատման ժամանակ կար: Ըստ կարգի` մենք գնահատում իրականացնում ենք մասնագետների կարծիքը հաշվի առնելով և նաև նրանք, ովքեր որ այդ լեզվին տիրապետում էին կարող էին տեքստերը վերցնել ու դրա հիման վրա իրականացնել գնահատումը: Լեզվի մասնագետները կազմում էին համապատասխան եզրակացություն, որտեղ մանրամասն նշում էին թերությունները, նրանք չէին գնահատում, այլ նրանց եզրակացության հիման վրա հանձնաժողովի անդամներն էին գնահատումն իրականացնում»,- եզրահանգեց մեր զրուցակիցը: