Պաշտոնատար անձանց համար կվերացվի պաշտոններ զբաղեցնելու 65 տարեկանի տարիքային սահմանափակումը

Iravaban.netը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում քննարկման դրված «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը, որն ուղղված է երկու կարևոր խնդիրների լուծմանը:

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում

Փոփոխություններ են առաջարկվում յոթ օրենքներում՝

  • «Քաղաքացիական ծառայության մասին»,
  • «Հանրային ծառայության մասին»,
  • «Համայնքային ծառայության մասին»,
  • «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»,
  • «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին»,
  • «Անձնական տվյալների պաշտպանության մասին»,
  • «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին»։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.netը, առաջարկվող փոփոխություններն ունեն երկու հիմնական նպատակ:

1. Պաշտոններ զբաղեցնելու տարիքային սահմանափակումների վերացում.

Գործող օրենսդրությամբ մի շարք պաշտոններում աշխատանքային հարաբերություններն ավարտվում են անձի՝ որոշակի տարիքի (հիմնականում 65 տարի) հասնելու դեպքում: Օրինակ՝

  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ քաղաքացիական ծառայողի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
  • «Համայնքային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածը նախատեսում է, որ համայնքային ծառայողի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
  • «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է, որ գիտական կազմակերպության տնօրենի պաշտոնում անձը չի կարող նշանակվել, եթե լրացել է նրա 65 տարին:
  • «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետը սահմանում է, որ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարում են, եթե լրացել է նրա 65 տարին:

Նախագծի ընդունմամբ բոլոր նշված օրենքներից կհանվեն պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի սահմանափակումները:

2. Խնամատար ծնող լինելու հնարավորության ընձեռում.

Ներկայումս հանրային, քաղաքացիական և համայնքային ծառայողները, ինչպես նաև պետական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները չեն կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Խնամատարությունը համարվում է ծառայությունների մատուցում, որի դիմաց տրվում է վարձատրություն, հետևաբար այն ներկայումս արգելված է պետական ծառայողների համար:

Նախագծով նախատեսվում է հստակ բացառություն սահմանել, որը թույլ կտա հանրային, համայնքային և քաղաքացիական ծառայողներին, ինչպես նաև պետական կազմակերպությունների ղեկավարներին դառնալ խնամատար ծնող և ստանալ խնամատար ծնողի համար օրենսդրությամբ սահմանված վարձատրություն:

Փոփոխությունների հիմնավորում

Տարիքային սահմանափակումների վերացման հիմնավորում.

  1. 2023 թվականի մայիսի 3-ին ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ուժը կորցրել են աշխատանքային պայմանագիրը տարիքի հիմքով լուծելու դրույթները, սակայն առանձին օրենքներ դեռևս պարունակում են տարիքային շեմի հիմքով աշխատանքային հարաբերությունների դադարեցման վերաբերյալ դրույթներ:
  2. Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի II մասի 24-րդ հոդվածի և Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովի մեկնաբանությունների համաձայն՝ աշխատանքի դադարեցումը միայն այն հիմքով, որ անձը հասել է կենսաթոշակային տարիքին, արդարացված չէ:
  3. ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված է արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման նպատակով պարզեցնել և բարելավել աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները՝ համապատասխանեցնելով նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։
  4. ՀՀ կառավարության 17.10.2024 թ. N 1641-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ. ռազմավարությամբ որպես նպատակներից մեկը սահմանված է «Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավմամբ ու իրենց ներուժի ավելացմամբ»:

Խնամատար ծնող լինելու հնարավորության հիմնավորում.

  1. Խնամատարությունը հանդիսանում է երեխայի այլընտրանքային խնամքի առավել նախընտրելի տարբերակ, քան հաստատությունում խնամելը: Երեխայի շուրջօրյա խնամքի հաստատությունների բեռնաթափման գրավականներից մեկը խնամատարության ինստիտուտի զարգացումն է:
  2. Ներկայիս կարգավորումներով ստեղծվում է մի իրավիճակ, երբ անձանց մեծ խումբ, որն ունի ցանկություն երեխայի խնամքը և դաստիարակությունը իր ընտանիքում կազմակերպելու համար, զրկվում է այդ հնարավորությունից:
  3. Խնամատարության պայմանագրով մատուցված ծառայությունը չի համարվում աշխատանք և չի առաջացնում ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված երաշխիքներ և արտոնություններ, սակայն գործող օրենսդրությամբ այն դիտարկվում է որպես վճարովի այլ աշխատանք, ինչը խոչընդոտում է հանրային ծառայողների խնամատար ծնող դառնալու հնարավորությունը:

Ակնկալվող արդյունքներ

Նախագծերի ընդունման արդյունքում՝

  1. Վերոնշյալ օրենքներով նախատեսված պաշտոններ զբաղեցնելու տարիքային շեմերը կվերանան:
  2. Աշխատանքային հարաբերությունների դադարեցումը չի պայմանավորվի զուտ միայն որոշակի տարիքի հասնելու հանգամանքով, ինչը թույլ կտա փորձառու մասնագետներին շարունակել իրենց գործունեությունը:
  3. Հանրային, համայնքային և քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև պետական կազմակերպությունների ղեկավարները կկարողանան դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի և դաստիարակության համար:
  4. Կընդլայնվի խնամատարության ինստիտուտը՝ նպաստելով երեխաների խնամքի այլընտրանքային միջոցների զարգացմանը:

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ըստ ներկայացված նախագծի՝ օրենքներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվանից չորս ամիս հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել