2020 թվականի նախագահական ընտրություններում Բելառուսի նախագահի թեկնածու Սերգեյ Տիխանովսկին ազատ է արձակվել բանտից և լքել է երկրի տարածքը։ Քաղաքական գործչի հանդիպման տեսագրությունը շաբաթ օրը՝ հունիսի 21-ին, Telegram-ում հրապարակել է նրա կինը՝ աքսորյալ ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, փոխանցում է DW-ն։
Տիխանովսկու հետ միասին Բելառուսի բանտերից ազատ են արձակվել ևս 13 քաղաքական բանտարկյալներ։ Նրանց թվում են լրագրող Իգոր Կառնեյը, Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի նախկին դոցենտ Նատալյա Դուլինան, և անարխիստ ակտիվիստ Ակիհիրո Գաևսկի-Հանադան։
Քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ։
«Նախագահ Թրամփի վստահ առաջնորդության շնորհիվ այսօր Բելառուսում ազատ են արձակվել 14 բանտարկյալներ։ Շնորհակալություն Լիտվայի կառավարությանը՝ համագործակցության և աջակցության համար»,-գրել է սոցիալական ցանցում Քելլոգի տեղակալ Ջոն Քոուլը։