Յուրաքանչյուր մարդ, հատկապես, եթե նա արվեստի մարդ է, իր մանկությունն ամբողջ կյանքում տանում է իր հետ։ Մեր մանկությունը ամենամաքուր տեղն է, որ ամբողջ կյանքում տանում ենք նաև արվեստում, ասում է նկարիչ Արմեն Վահրամյանն ու շարունակում՝ ինչ-որ այսօր նկարում է, գրեթե բոլորը գալիս են մանկությունից։
Արվեստագետը խոսում է այն ճշմարտության մասին, որ մանկությունը՝ իր անմիջականությամբ, պարզությամբ ու զգայունությամբ, մեր մեջ մնում է որպես հոգևոր ակունք։ Սա հատկապես ակնհայտ է արվեստում, որտեղ ստեղծագործողը հաճախ անդրադառնում է իր ամենախոր հիշողություններին, ապրումներին և ներշնչման աղբյուրներին։

Նրա ստեղծագործությունները, ըստ այս խոսքերի, ոչ միայն գեղագիտական արժեք ունեն, այլև մի զգացմունքային կապ են անցյալի և ներկայի միջև։
«Մենք ուզենք թե չուզենք, ապրում ենք մեր ակունքներով, ինչ-որ տեսել ենք, այդպես էլ զարգանում ենք։ Այդ նկարներում մենք ինքներս մեզ ենք նկարում, նկարում ենք մեր հարազատներին։ Շատերը ասում են, որ իմ նկարած կերպարներում իմ հեքիաթների կինը մայրս է»,-պատմում է Արմեն Վահրամյանը։
«ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի տասներեքերորդ մասը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից, դառնում է մի պատուհան՝ թափանցելու դեպի Վահրամյանի մանկություն, հոգևոր ակունքներ և ընտանիքի հանդեպ ունեցած սիրո աշխարհ՝ սեփական նկարների շնորհիվ։
«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:
«Մինչև նկարը սկսելը, շատ ժամանակ արդեն քո ենթագիտակցական դաշտում տեսնում ես այդ նկարը, արդեն ձևավորված՝ կերպարներով, ասելիքով, գույնով։

Նույնիսկ նկարներ կան, որ արդեն երազում տեսել ես, հետագայում արդեն քեզ համար ավելի հեշտ է ստեղծագործելը։ Նկարը հասունացնում ես ու բերում ես նրան, ինչ դու արդեն պատկերացրել ես»,-նշում է Արմեն Վահրամյանը։
Վահրամյանն աշխատում է ոչ միայն տեխնիկայով ու ձեռքով, այլ նախ՝ ներքին պատկերացմամբ։ Սա նման է երազին, որը փոխակերպվում է նյութական ձևի՝ գույնի, գծի, հուզական էներգիայի միջոցով։ Նման մոտեցումը արվեստագետին վերածում է միջնորդի՝ իր ներսի և արտաքին աշխարհի միջև։
Նկարը նրա համար չի սկսվում պահից, երբ վրձինը դիպչում է կտավին, այլ շատ առաջ՝ մի պահից, երբ ինչ-որ զգացողություն կամ պատկեր սկսում է ձևավորվել ներսում։
Դա կարող է տևել օրեր, շաբաթներ, կամ էլ երազի ձևով գալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը: