Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։ Այն նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ինչպես նախորդ, նաև այս դատական նիստը հայցվորի ներկայացուցչի միջնորդությամբ հետաձգվեց՝ ՍԴ որոշման համատեքստում դիրքորոշմամբ հանդես գալու համար։
Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը, նիստը հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա մայիսի 26-ին։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին հայցվոր կողմը ներկայացրել էր միջնորդություն, որով առաջարկվում էր հայցի հիմքն ու առարկան փոխել, շուրջ 4 միլիոն դրամ պակասեցվել է։
Մեզ հետ զրույցում փաստաբան Արմեն Մելքումյանը նշել էր, որ դա այս փուլում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք իրավակարգավորումների հետ հակասության մեջ է․ «Երբ ապացույցներն արդեն բաշխվել են, չես կարող հայցի հիմքն ու առարկան փոխելու միջնորդություն բերել»։
Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը նիստի ժամանակ հայտարարել էր՝ ՍԴ որոշմամբ պայմանավորված՝ անորոշություն կարող է առաջանալ, և քննության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ անհրաժեշտ է հետաձգել միջնորդության լուծումը և հրավիրենք ևս մեկ դատական նիստ։