Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ մարտի 14-ին, շարունակվեց «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում 2008 թվականի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հայտնեց՝ անցած դատական նիստին վատառողջ լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ դատական նիստին, բայց հետևել է նիստի ընթացքին։ Դիմելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանին՝ վերջինիս «սուտասան» անվանեց։
Դրան ի պատասխան Վարդևանյանն ասաց․ «Ամեն դեպքում, պարոն Քլոյանի վիշտը ես ընկալում եմ, բայց նրան որևէ մեկը իրավունք չի տվել առավել ևս իմ նկատմամբ նման արտահայտությամբ հանդես գալու։ Ես ինձ նաև որպես հայ մարդ տարիքը հաշվի առնելով չեմ պատասխանում, բայց այն, որ Ձեր արտահայտությունը պետք է ունենա իրավական հետևանք, ի դեպ, գործընկերս գտնում է, որ Ձեր նկատմամբ քրեական հետապնդում պետք է հարուցվի։ Միևնույն է, Ձեր տարիքը հարգում եմ և դատարանին եմ հարգում, որ հիմա Ձեզ չեմ պատասխանում»։
Մեղադրյալ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց՝ իր համար հասկանալի չէ դատարանի խտրական մոտեցումը, քանի որ պաշտպանության կողմից հնչեցված յուրաքանչյուր բառի համար նախագահող դատավորը նկատողություն և սանկցիա է կիրառում, իսկ այս դեպքում՝ միայն նախազգուշացում։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս քննարկվող հարցի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ․ «Անցած անգամ, եթե չեմ սխալվում, փաստաբան Օրբելյանը նկատողություն է ստացել դեմքի արտահայտության համար, ես՝ ձեռքի շարժման համար, հիմա ես շատ կցանկանայի, որ այս դատարանը կանխատեսելի դատարան լինի։ Չեմ ցանկանում նկատողություն ստանալ, սանկցիա կիրառվի իմ կամ իմ փաստաբանի նկատմամբ, որովհետև Դուք կարող է երեք անգամ կիրառեք, հետո զրկեք ինձ պաշտպանելու փաստաբանի իրավունքից, և հասնել նրան, որ այս դահլիճում փորձառու փաստաբան ընդհանրապես չմնա։
Իրավունք ունեմ երևի մտածելու, որ նման շարժառիթ այս դատարանը կարող է ունենալ։ Հիմա իմ առաջարկը հետևյալն է․ սահմանեք՝ ինչ կարգի դեմքի արտահայտություն մենք պետք է ունենանք և ինչ շարժումներ մենք պետք է չանենք սանկցիաներից խուսափելու համար, միգուցե նկարներով, այլ տարբերակով, բայց հասկանանք՝ ոնց մեզ պահենք այս դատարանում»։
Յուրի Խաչատուրով տեղից հայտնեց՝ ամեն անգամ համոզվում է, որ նախագահող դատավորը միատեսակ վերաբերմունք չի ցուցաբերում դատավարության մասնակիցների նկատմամբ․ «Օրինակ, տիկին Սահակյանի մարտի 8-ը շնորհավորել եք, իսկ տիկին Կարապետյանինը՝ ոչ (իր թարգմանչի,-խմբ․)․ դա շատ վիրավորական է»։
Այս դիտարկումից հետո նախագահող դատավորը դահլիճում ներկա բոլոր կանանց և աղջիկներին շնորհավորեց մեկամսյակի առթիվ։
Հաջորդիվ փաստաբան Արամ Օրբելյանը անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքին, ասաց՝ հանրային մեղադրողի կողմից ներկայացված միջնորդությունը չի կարող քննության առարկա դառնալ, գործը պետք է կարճվի՝ անկախ քննության արդյունքներից։
«Այս վարույթը տեղի է ունենում գոյություն չունեցող քրեական գործի շրջանակներում․ ոչ թե մեղադրանք չկա, այլ քրեական գործ չկա։ Ենթադրյալ փոփոխված մեղադրանքը արդեն իսկ ներկայացման պահին եղել է վաղեմության ժամկետը անցած։ Մեղադրանքը փաստացի փոփոխվել է, այնինչ պնդում է արվում, որ փաստական հանգամանքների փոփոխություն տեղի չի ունեցել։ Փոփոխված մեղադրանքը չի համապատասխանում օրենքով առաջադրված մեղադրանքին վերագրվող պահանջներին, և դրա մեջ կան մեղադրանքը ոչ օրինական դարձնող որոշակի պնդումներ»,-ասաց Օրբելյանը։
Ըստ պաշտպանի՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ կան այլ անձանց կողմից ենթադրյալ հանցագործության կատարման մասին պնդումներ՝ չնայած նրան, որ այդ անձինք օգտվում են անձեռնմխելիությունից, ինչը չի հաղթահարվել։
Մատնանշելով օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առկա վերլուծությունները՝ Օրբելյանն ասաց, որ մեղադրանքի փոփոխությունը չի մտնում նախնական դատալսումների առարկայի մեջ․ «Օրենսդիրը նախնական դատալսումներում հնարավոր չի համարում քննարկել մեղադրանքը փոփոխելու հարցը, քանի որ այդ հարցի քննարկումը վերաբերում է մինչև դատարան ներկայացնելու փուլին, իսկ դատական քննության ընթացքում բացառության կարգով հիմնական դատալսումների առարկան»։
Մեկ անգամ ևս ընդգծեց՝ միջնորդությունն այս փուլում չի կարող ներկայացվել, ինչով էլ պայմանավորված է պաշտպանության կողմի՝ միջնորդությունն առանց քննության թողնելու որոշումը։
Հայտարարված 10 րոպե ընդմիջումից հետո, փաստաբանը շարունակեց ներկայացնել իր առարկությունները՝ նշելով, որ քրեական վարույթի լրիվ քննությունն էապես տարբերվում է նոր քննության արդյունքում ներկայացված ծավալից, քանի որ ի տարբերություն սկզբնական քննության, որի շրջանակներում գործադրվում է գործի քրեադատավարական ողջ գործիքակազմը, նոր քննության դեպքում սահմանվում է դրա ավելի նեղ շրջանակ, ու դրանից դուրս գալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։
Առարկությունների մյուս հատվածը կներկայացվի հաջորդ նիստին, որը տեղի կունենա ապրիլի 21-ին։
Մարիամ Շահնազարյան