Անտառային հողեր և դրանց պետական հաշվառում․ ինչպե՞ս է իրականացվում կադաստրը Հայաստանում

Հայաստանում անտառները և անտառային հողերը ունեն հատուկ իրավական կարգավորում։ Դրանց արդյունավետ և կայուն կառավարումն ապահովելու համար իրականացվում է պետական հաշվառում և անտառային պետական կադաստրի վարում։

Ի՞նչ է համարվում անտառային հող

ՀՀ հողային օրենսգիքրի 25-րդ հոդվածի համաձայն՝ անտառային հողեր են համարվում

  • անտառապատ տարածքները,
  • կենդանական և բուսական աշխարհի պահպանման ու բնության պահպանության համար նախատեսված հողերը,
  • անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար հատկացված կամ նախատեսված հողերը։

Անտառային հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են`

  • անտառների.
  • վարելահողերի.
  • խոտհարքների.
  • արոտների.
  • թփուտների.
  • այլ հողերի:

Ո՞րն է սեփականության կարգավորումը

Անտառներն ու անտառային հողերը կարող են լինել

  • պետական,
  • համայնքային,
  • մասնավոր։

Պետական անտառներն ու անտառային հողերը չեն կարող օտարվել համայնքներին, իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին։ Իսկ համայնքների, իրավաբանական անձանց և քաղաքացիների սեփական հողերի վրա հիմնված անտառները համարվում են նրանց սեփականություն։

Բոլոր սեփականության և գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ի՞նչ է անտառների պետական հաշվառումը և անտառային կադաստրը

ՀՀ անտառային օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն՝ անտառների պետական հաշվառումը և կադաստրի վարումը իրականացվում է՝

  • անտառների կայուն կառավարման ապահովման,
  • անտառների քանակական և որակական փոփոխությունները պարբերաբար գրանցելու,
  • ՀՀ կառավարությանը, ՏԻՄ-երին, շահագրգիռ իրավաբանական անձանց և քաղաքացիներին անտառային հողերի մասին տեղեկատվություն տրամադրելու համար։

Ի՞նչ նպատակով են օգտագործվում տվյալները

Անտառների պետական հաշվառման և կադաստրի տվյալները կարող են օգտագործվել

  • անտառային հողերի վրա աշխատանքների կազմակերպման և կատարման համար,
  • անտառների նպատակային կամ գործառնական նշանակությունը փոխելու դեպքում,
  • անտառօգտագործողների տնտեսական գործունեությունը գնահատելու նպատակով։

Որքա՞ն հաճախ է իրականացվում հաշվառումը

Անտառների պետական հաշվառումն իրականացվում է հինգ տարին մեկ անգամ։ Դրա ֆինանսավորումը կատարվում է․

  • պետական բյուջեից,
  • ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։

Արդյո՞ք տվյալները մատչելի են

Այո՛։ Անտառային պետական կադաստրի և անտառների պետական հաշվառման տվյալները մատչելի են բոլորի համար։ Սա ապահովում է թափանցիկություն և հնարավորություն է տալիս հանրությանը ծանոթանալ անտառային հողերի վերաբերյալ պաշտոնական տվյալներին։

Ո՞վ է սահմանում կարգը

Անտառային պետական կադաստրի վարումը, անտառների պետական հաշվառումն ու տվյալների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Կարևոր է իմանալ

  • Անտառների հաշվառումը պարտադիր և պարբերական գործընթաց է։
  • Բոլոր քաղաքացիները կարող են օգտվել անտառային կադաստրի տվյալներից։
  • Տվյալները կարևոր են ինչպես բնապահպանական, այնպես էլ տնտեսական ու համայնքային որոշումների կայացման համար։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել