Արցախահայեը 2023 թվականի հայտնի իրադարձություններից հետո հայտնվել են մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրների առջև։ Այս մասին Iravaban.net-ի «Արցախահայերի իրավական խնդիրները Հայաստանում» շարքի շրջանակում Արցախի ազգային ժողովի պատգամավոր Գոհար Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից սկզբնական շրջանում իրականացված մի շարք սոցիալական ծրագրերը որոշ առումով թեթևացնում էին բնակարանի վարձակալության ծախսերը։
«Սակայն 2025 թվականի արդեն 2-րդ կիսամյակից ՀՀ կառավարության կողմից փոփոխություններ կատարվեցին սոցիալական ծրագրերում և այսօր Արցախցիները գտնվում են շատ ծանր վիճակում՝ սկսած բնակարանի վարձակալության ծախսերից և տարբեր սոցիալական խնդիրներից»,-ասաց նա։
Խնդիրները բազմազան են և բազմաշերտ, որոնց համար ՀՀ կառավարությունը պարտավոր է որոշում կայացնել, որպեսզի արցախահայության սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավվի․ «Արդեն 17.000-ից ավել արցախցիներ արտագաղթել են ՀՀ-ից և եթե կառավարությունը հստակ քայլեր չձեռնարկի արցախահայությունը լքելու է ՀՀ-ն, որը շատ մտահոգիչ է մեզ համար»։
Գոհար Սարգսյանն անդրադարձավ նաև բնակարանային ապահովման ծրագրում առկա խնդիրներին՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների կողմից առաջարկված տարբերակն անընդունելի է։
«ՀՀ իշխանությունների կողմից առաջարկված տարբերակն անընդունելի է, քանի որ գումարի շեմը չի արտացոլում շուկայում առաջարկի և պահանջարկի իրավիճակը, տրամադրվող գումարով հնարավոր չէ գնել բնակարան։ Վերջերս կառավարության կողմից կատարվել է փոփոխություններ, որով փորձել են մի շարք բնակավայրերում բնակարանի ձեռք բերման շեմը բարձրացնել, սակայն դիմողների վիճակագրությունը ցույց է տալիս որ դրանով ևս չեն կարողացել բնակարանի ձեռք բերման խնդիրը լուծել։ Ընդհանուր առմամբ այդ ծրագիրը տապալված ծրագիր է և վերանայման կարիք ունի»,-ասաց նա։
Բնակարանային ապահովման ծրագրից օգտվելու համար պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիություն ստանալը։ Անդրադառնալով այս հարցին, մեր զրուցակիցն ասաց, որ դա արհեստական խոչընդոտ է այն արցախցիների համար, ովքեր ցանկանում են բնակարան ձեռք բերել։
«Աշխատանքի ընդունման խնդիրներ նույնպես կան, որոնք պետք է պետության ուշադրության կենտրոնում լինեն և անընդհատ աշխատանքներ պետք է տարվեն այս ուղությամբ, որը մենք չենք տեսնում»,-եզրափակեց Գոհար Սարգսյանը։