Վերմիշյանի գործի 5-րդ դրվագ․ պաշտպանը ներկայացնում է խարդախության մեղադրանքի անհիմն լինելը

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին առաջադրված 5-րդ դրվագը վերաբերում է ենթադրյալ խարդախություն կատարելուն։ Վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց՝ դրվագն առնչվում է Զոհրապ Հովհաննիսյանի հետ։

Այս դրվագով Վահագն Վերմիշյանն արդարացվել է։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն այս դրվագով Վերմիշյանին մեղավոր է ճանաչել ենթադրյալ խարդախության կատարման համար, ինչպես նաև ՀՀ քրեական նախորդ օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1․1 և 2-րդ կետերի սանկցիաներով նախատեսված տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի՝ 1 մեկ միլիոն դրամ գումարի չափով։

Ինչպես ներկայացնում է վերջինիս պաշտպանը, այս դրվագով Վահագն Վերմիշյանին այցելում է իր հարազատներից մեկը, որը շինարարության հետ կապված խնդիր ունի, շինթույլտվություն պետք է ստանա, Վերմիշյանը բարեկամին ուղղորդում է մեկ այլ ընկերություն, այլ ճարտարապետի մոտ, գումարի մի մասն այդ ժամանակ փոխանցվում է, մյուս մասը մնում է հետո։

«Սա որակվել է որպես խարդախություն։ Տուժողը եկել, դատարանում հարցաքննվել է, որ ինքը տուժող չէ, վնաս չի պատճառվել, հակառակը, շուկայում նախագծերի արժեքը կազմել է 10 հազար դոլար, Վահագն Վերմիշյանի առաջարկությամբ նախագծվել է 5 հազար դոլարով, բայց առաջին ատյանում Մնացական Մարտիրոսյանը սրանով ևս պարոն Վերմիշյանին մեղավոր ճանաչեց»,-ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։

Դատական նիստերի ժամանակ պաշտպանը մեկ անգամ ևս վերահաստատել է իր այն դիրքորոշումը, որ սա խարդախություն չպետք է որակվեր, քանի որ Վերմիշյանի և Զոհրապ Հովհաննիսյանի միջև վստահությունը չարաշահելու դրսևորումներ չեն եղել, Հովհաննիսյանը ցուցմունքներով հայտնել է, որ իրեն տուժած չի համարում, այդ նախագծերի արժեքը 5000 դոլար է եղել, իրեն գումարը հարմար է եղել և համաձայնություն է տվել։

Պաշտպանական կողմը հիմնավորում է խարդախության մեղադրանքի անհիմն լինելը՝ հենվելով երեք առանցքային փաստերի վրա՝ Զոհրապ Հովհաննիսյանի և Վահագն Վերմիշյանի մերձավոր հարաբերությունների, գործարքի պայմանների նախնական թափանցիկության և տուժողի կողմից նյութական օգուտի ստացման փաստի վրա։ Հաշվի առնելով նաև Զոհրապ Հովհաննիսյանի՝ տուժող չլինելու մասին հստակ դիրքորոշումը և Զոհրաբ Հովհաննիսյանի տուժողի դատավարական կարգավիճակի դադարեցումը, մեղադրանքի այս դրվագը զուրկ է իրավական հիմնավորվածությունից։

Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչել և արդարացում պահանջել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել