«Զագլուշկա», մեղվաբուծություն, կանխիկ գումար․ ի՞նչ հարցեր են հնչել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի ընտրության հարցազրույցի փուլում և որքանո՞վ էին դրանք իրավաչափ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի ընտրության հարցազրույցը տեղի է ունեցել հունվարի 20-ին, Կառավարության շենքում։ Iravaban.net-ն ուսումնասիրել է շուրջ 2 ժամ տևած հարցազրույցի տեսագրությունը, քանի որ եղել են հարցեր, որոնք տարակուսանք են առաջացրել ոլորտի մասնագետների շրջանում։

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ հարցազրույցի փուլում հանձնաժողովի անդամները գնահատում են մասնակցի աշխատանքային ձեռքբերումները, վերլուծական կարողությունները, տարբեր իրավիճակներում վարվեցողությունը, պատասխանատվության զգացումը, հաղորդակցման հմտությունները, տվյալ պաշտոնում նշանակվելու նրա շարժառիթը, ակնկալիքները և այդ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական որակներ և արժանիքներ:

Հարցազրույցի ընթացքում մասնակցին կարող են նաև հարցադրումներ արվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տվյալների վերաբերյալ: Մասնակցին տրվող հարցերը չպետք է ունենան նրա իրավաբանական գիտելիքներն ստուգելու նպատակ։

Նույն օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ փուլերով է իրականացվում հարցազորույցը․

ա. հարցազրույցի փուլում Խորհուրդը հարցազրույցի միջոցով ստուգում է տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ ղեկավարման և կառավարչական հմտություններին տիրապետելու, ինչպես նաև տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ այլ անձնական հատկանիշները (ինքնատիրապետումը, վարվեցողությունը, ունկնդրելու կարողությունը, հաղորդակցման հմտությունները պաշտոնական և արտապաշտոնական հարաբերություններում, վերլուծական կարողությունները և այլն),

բ. համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի նորմի, դատական ակտում արտահայտված դիրքորոշումների և այլն) թեկնածուի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները և տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ որակները գնահատելու համար։

Բացի այդ, կազմվում է նաև հարցարան, որը պետք է ստուգի հավանական թեկնածուի մասնագիտական գիտելիքները։ Նա պետք է պատասխանի հարցարանի հարցերից միայն մեկին։

  • Բուն հարցազրույցի փուլը․ անձնական որակներ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար Կառավարության հայտարարած մրցույթին դիմել է միայն մեկ անձ՝ Ռաֆայել Երիցյանը։ Հարցազրույցի փուլը մրցութային խորհրդի նախագահ Կարեն Թումանյանը առաջարկեց հետևյալ հաջորդականությամբ իրականացնել․ անձնական բնույթի, որակների վերաբերյալ հարցեր, բարեվարության վերաբերյալ հարցեր, մասնագիտական հարցեր։

Երիցյանի անձնական որակները գնահատելու համար առաջինը սկսեց հարցեր ուղղել մրցութային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։ Մոտ 3-4 հարց վերաբերում էր կոմիտեի աշխատանքների վերաբերյալ հավանական թեկնածուի պատասխաններին։

«-Հայտնի արտահայտություն կա, որ ձի գողացողը ձու էլ կգողանա։ Ձեր կարծիքով՝ այսօ՞ր սա վերաբերելի է կոռուպցիոն դրսևորումներին։

-Դուք չունեք վարչական իրավախախտումներ երթևեկության կանոնների խախտման համար, ո՞րն է հաջողության գաղտնիքը։

-Իսկ կարո՞ղ է Ձեր վարչական պատասխանատվությունների բացակայությունների հիմքն այն է, որ Ձեր ավտոմեքենայի վրա այլ, կեղծ հաշվառման համարանիշներ են դրված։

-Ձեր մեքենայի վրա «զագլուշկա» է դրված։ Ձեր ինչի՞ն է պետք»,-այնուհետև հարցազրույցը նման հուն ստացավ։ 

Հարցազրույցից շուրջ 10 րոպե նվիրվեց  «զագլուշկա»-ի վերաբերյալ հարցերին, և այն միտումնավոր տեղադրելու վերաբերյալ մրցութային խորհրդի անդամի ակնարկներին։

Անձնական որակների վերաբերյալ հարցեր տալու փուլում մրցութային խորհրդում ընդգրված Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը շարունակեց մեքենաների թեման։

«-Լինո՞ւմ է դեպք, երբ ձեր վարորդը ձեր մեքենայով է ձեզ սպասարկում։

-Մի իրավիճակ պատկերացնենք․ երբ Ձեր ղեկավարած կառույցի օպերատիվ հետախուզական մարմնի կողմից տեղեկություններ ստացվեն ձեր շատ հարազատ մարդու մասին, որո՞նք կլինեն ձեր գործողությունները, երբ համապատասխան աշխատակցի կողմից ձեզ զեկուցվեն այդ տեղեկությունները, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկելու»,-հետաքրքրվեց Արսենյանը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանին, որը նույնպես ներառված է հանձնաժողովի աշխատանքներում, հետաքրքրում էր մրցույթին մասնակցելու Ռաֆայել Երիցյանի մոտիվը․

«-Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ դառնալու ձեր մոտիվը, շարժառիթը ո՞րն է։

-Ձեր տեսլականը ինչպիսի՞ն է կոռուպցիայի դեմ պայքարում։

-Կասե՞ք Հակակոռուպցիոն կոմիտեում Ձեր նշանակվելու դեպքում աշխատանքի առաջնահերթությունները որո՞նք են լինելու»։

Այս փուլում 7 հոգանոց հանձնաժողովի միայն 3 անդամները հարցեր ուղղեցին Երիցյանին։

  • Բարեվարքություն/հայտարարագիր

Չնայած, որ հանձնաժողովի նախագահը նշել էր՝ մեկ հարց՝ մեկ պատասխան ֆորմատով աշխատանքի մասին, սակայն կարգը չէր պահպանվում։ Դանիել Իոաննիսյանը սկսեց հարցեր ուղղել Ռաֆայել Երիցյանի հայտարարագրում առկա ինֆորմացիայի վերաբերյալ։

«-Ձեր հայրը բավականին շատ ավանդներ ունի և այդ ավանդների գումարը 2017 թվականի հայտարարագրում չկան, 2018 թվականին հայտարարագիրը չկար, 2019 թվականին արդեն 27 միլիոն դրամի գումարային ավանդներ կան, որոնք տարիների ընթացքում ավելացել են։ Այս գումարը որտեղի՞ց»,-թեկնածուն պատասխանեց, սակայն մրցութային խորհրդի անդամաին այդ պատասխանը չբարարաեց։ նա շարունակում էր հարցի վերաբերյալ թեկնածուից այլ պատասխան կորզել՝ հաշվի չառնելով սահմանված ռեգլամենտը։

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանի հարցերից մեկը բարեվարքությանն էր վերաբերում, մյուսը՝ ազդարարմանը։  

«-Կոռուպցիայի կանխարգելման կարևոր գործիքներից է ազդարարման գործիքը, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին։ Եթե իրավիճակի հանդիպեք, որ Ձեր աշխատակիցը, Ձեզ, որպես մարմնի ղեկավարի, ազդրարի ինչ-որ մի դեպքի մասին, այդ իրավիճակներում ինչպիսի՞ մոտցում կդրսևորեիք։ 

-Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար կարևոր է նաև վարքագծի կանոններին տիրապետելը, բարեվարք վարքագիծ դրսևորելը։ Եթե հանդիպեք վարքագծի կանոնների խախատումների կամ վարքագծի իրավիճակային խախտումների, ինչպիսի մոտեցում կունենայիք»,-հետաքրքրվեց Կարապետյանը։

Այս հատվածում Անի Չատինյանի հարցը ո՛չ բարեվարքությանն էր վերաբերում, ո՛չ էլ առավել ևս հայտարարագրին․

«-Ընդունենք մի իրավիճակ, որ քաղաքական կամ այլ ճնշումներ են փորձում գործադրել Ձեզ վրա։ Դուք ունեք հստակ դիրքորոշում, քրեական գործով հաստատված ապացույցներ, բայց կան ճնշումներ։ Ինչպե՞ս կվարվեք այս դեպքում։ 

-Ձեր դիրքորոշումը ներկայացրեք նաև քրեական ենթամշակույթի վերաբրեյալ»։

Երիցյանի հայտարարագրում նաև նշում կար նվիրատվության գործարքների վերաբերյալ։ Մրցութային խորհրդի նախագահ Կարեն Թումանյանը նրանից հարցրեց․

«-Երբ Ձեր պապը Ձեր հորն այդ հողամասերը նվիրում էր, Դուք քանի՞ տարեկան եք եղել։ 

-Երբ Ձեր պապը որպես գյուղի բնակիչ, սեփականաշնորհման արդյունքում ստացել է այդ հողամասերը, այդ ժամանակ քանի՞ տարեկան եք եղել»։

Էդգար Արսենյանին էլ հետաքրքիր էր՝ Երիցյանի հայրը արտարժույթով ավանդներ դրե՞լ է, թե ոչ։ 

Հարցազրույցի ընթացքում մրցութային խորհրդի նախագահի և Դանիել Իոաննիսյանի միջև վիճաբանություն էլ եղավ։ Իոաննիսյանը առանձին հարցմամբ դիմել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, նրան հայտնել էին, որ 2018 թվականի հայտարարագիր պետք է ներկայացվել, սակայն չի ներկյացավել։ Թումանյանը նշեց՝ նման լիազորությո՞ւն ուներ մրցութային խորհրդի անդամը։

«Պարոն Թումանյանը, ավտոմատը վերցրել եմ, ԿԿՀ-ն գրավել եմ, պահանջել եմ՝ տան։ Ի՞նչ ա նշանակում՝ նման լիազորություն ունե՞ք։ Հարցում եմ արել, պատասխանել են։ Այ քեզ բան»,-հակադարձեց Իոաննիսյանը։ 

Թումանյանը նշեց, թե Իոաննիսյանը խորհրդից անկախ գործողություններ է արել․ «Ես, ինչպես նաև էստեղ նստածները, խորհրդի ենթական չի, սահմանափակված չի ինքնուրույն տեղեկություններ հավաքել, որոնք օգտակար են թեկնածուին գնահատելու համար»։

Դանիել Իոաննիսյանը շարունակեց․ «-Ինչը աչք է ծակում, դա կանխիկ գումարն է։ Կասե՞ք՝ ինչու եք կանխիկ պահում գումարը։ 

-Ձեր ընտանիքի հարստությունը, կամ համեստ հարստությունը, ծագումնաբանությունը որտեղի՞ց։

-Ձեր ընտանիքը, դուք, ձեր ծնողները, իրենց ծնողները որտեղի՞ց եք փող աշխատել»։ 

Խոսք գնաց նաև մեղվի վաճառքից ստացված գումարների մասին, որոնք նույնպես առկա են հայտարարագրում։ Ռաֆայել Երիցյանից փորձում էին ճշտել, թե ինչպիսի մեղուներ են նրանք պահում, որքան գումար կարելի է աշխատել, ինչպես է գեներացվում եկամուտը․ «-Փորձեցինք պարզել, թե միջին մեղվաըտանիքը Հայաստանում ինչքան շահութաբերություն կարող է ապահովել, այն թվերը, որոնք մենք ստացած, շատ հեռու էին նրանից, ինչը ձեր տատիկը կարող էր ստանալ»։

Այս հարցի ընթացքում բանը հասավ նրան, որ Կարեն Թումանյանն անջատեց Իոաննիսյանի բարձրախոսը․ «Ես վստահ եմ, որ Դուք մեղվաբուծությունից էլ եք գլուխ հանում, բայց խնդրում եմ հարց տվեք։ Բաներ կան, որ դրա մասնագետը պիտի անի։ Ես գիտեմ, որ Դուք բոլոր ուղղություններով մասնագիտացված եք, բայց Ձեր հարցը տվեք էլի»։

Անի Չատինյանը շարունակեց մեղվաբուծության թեման․ «-Մեր ընտանիքում էլ են մեղվաբուծությամբ զբաղվում, բայց այդ թիվը չի ստացվում։ Եթե 2,5 միլիոն դրամ է ստացվում, հարց է առաջանում՝ ինչ մեղուներ են»։ 

Կարեն Թումանյանը փորձեց ամփոփել թեման․ «-Մեղուն Դուք չեք պահում, Ձեր տատն է պահում։ Տարեկան որոշակի գումար Ձեր տատը տալիս է Ձեզ մեղվաբուծությունից։ Դուք ինքնուրույն մեղր վաճառո՞ւմ եք, չափը գիտե՞ք, ի՞նչ կեր են տալիս։ Դրան տիրապետո՞ւմ եք»։ 

Այնուհետև Իոաննիսյանը հետաքրքրվեց, թե ինչով է զբաղված եղել Երիցյանը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Կզարմանաք, թե ինչու, բայց հարցազրույցի ընթացքում նաև «Մարտի 1»-ի մասին խոսվեց․ «-«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ավետիք Աթաբեկյանի հետ ծանո՞թ եք։ Տեղեկություններ կան, որ իրավական խորհրդատվություն եք տվել նրա, թե ինչպես անի, որ քրեական հետապնդումից խոսափի»։ 

Վերլուծությունը հիմնված է հրապարակային տեղեկատվության ուսումնասիրության վրա և դրանումարտահայտված դիրքորոշումները կրում են քննարկման բնույթ և չեն հավակնում վերջնական գնահատականներ տալ որևէ անձի կամ գործընթացի վերաբերյալ։ Այն նպատակ ունի նպաստել հակակոռուպցիոն ոլորտի կառույցների աշխատանքի թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը։ 

  1. Մրցութային խորհրդի ձևավորման օրինականության խնդիրներ 

Iravaban.net-ն ավելի վաղ հայտնել էր, որ մրցութային խորհրդում ընդգրկված 3 անդամները փոխկապակցված են, ստեղծվել է շահերի բախման իրավիճակ խորհրդում։ Նրանք են ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։

Դրա դրսևորումն արդեն առաջին նիստի ընթացքում խորհրդի նախագահի ընտրությունն է։

  1. Անդամների որակավորման խնդիրներ

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է խորհրդի անդամներին ներկայացվող հստակ պահանջներ: Արձանագրված հնարավոր անհամապատասխանությունը ներառում են՝

Հրապարակային աղբյուրներում հասանելի տեղեկատվությունը չի հաստատում իրավաբանական մասնագիտացման ոլորտում համապատասխան փորձառության առկայությունը։ Ըստ հասանելի տվյալների, նման փորձառություն հանձնաժողովի անդամը չունի։

բ) Շահերի բախման իրավիճակ՝

  • Կարեն Թումանյանը և Անի Չատինյանը նախկինում եղել են գործընկերներ ՀՔԱ Վանաձորի գրասենյակում
  • Չատինյանը առաջադրել է Թումանյանի թեկնածությունը խորհրդի նախագահի պաշտոնում
  • Երկուսն էլ ֆինանսավորվել են նույն աղբյուրից (ԺԶՀ)
  1. Գնահատման մեթոդաբանության էվոլյուցիա

2.1 Առաջին գնահատման կարգի թերությունները 

Առաջին գնահատման կարգը ունեցել է հետևյալ էական թերությունները՝

  • Բացակայել են հստակ չափելի ցուցանիշները
  • Չի սահմանվել միավորների հաշվարկման մեթոդաբանությունը
  • Բացակայել են գնահատման օբյեկտիվ չափանիշները

2.2 Երկրորդ գնահատման կարգի առանձնահատկությունները

Նոր կարգում ներդրվել են հետևյալ փոփոխությունները՝

  • Սահմանվել է 100 միավորանոց համակարգ հետևյալ բաշխմամբ՝
  • Անձնական որակներ – 30 միավոր
  • Բարեվարքություն – 40 միավոր
  • Մասնագիտական գիտելիքներ – 30 միավոր

III. Հարցազրույցի փուլի խախտումների մանրամասն վերլուծություն

3.1 Հարցերի տիպաբանություն և օրինականություն

Հարցազրույցի ընթացքում տրված հարցերը կարելի է դասակարգել հետևյալ խմբերի՝

ա) Ոչ վերաբերելի տեխնիկական հարցեր (Դ. Իոաննիսյանի կողմից)՝

  • «Ձեր մեքենայի վրա զագլուշկա է դրված»,
  • «Չունեք վարչական իրավախախտումներ երթևեկության կանոնների խախտման համար»,
  • «Ձեր մեքենայի վրա այլ, կեղծ հաշվառման համարանիշներ են դրված»,

բ) Անձնական կյանքին միջամտող հարցեր՝

  • «Մեղվաբուծությունից ստացվող եկամուտների մասին» (Ա. Չատինյան),
  • «Ձեր տատիկը տարեկան որքա՞ն գումար է տալիս մեղվաբուծությունից» (Կ. Թումանյան),

գ) Քաղաքական բնույթի հարցեր (Դ. Իոաննիսյանի կողմից)՝

  • «44-օրյա պատերազմի ժամանակ ինչո՞վ եք զբաղված եղել»,
  • «Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ավետիք Աթաբեկյանի հետ ծանո՞թ եք»։

3.2 Հարցերի վիճակագրական վերլուծություն

Հարցերի բաշխվածությունը ըստ տիպերի՝

  • Ոչ վերաբերելի հարցեր – 60%
  • Բարեվարքության վերաբերյալ հարցեր – 20%
  • Մասնագիտական հարցեր – 20%
  1. Բարեվարքության ստուգման գործընթացի վերլուծություն

4.1 ԿԿՀ եզրակացության դերը

Չնայած խորհուրդը ստացել է ԿԿՀ եզրակացությունը, սակայն արձանագրվել են հետևյալ խնդիրները՝

ա) ԿԿՀ եզրակացության կիրառման առանձնահատկությունները գործընթացում՝

  • Մրցութային խորհրդի անդամները հիմնականում չեն առաջնորդվել ԿԿՀ եզրակացությամբ,
  • իրականացրել են զուգահեռ հետաքննություն,
  • կրկնակի ստուգել են արդեն գնահատված տեղեկությունները։

բ) լիազորությունների իրականացման շրջանակների դիտարկում՝

  • Մրցութային խորհրդի անդամները դուրս են եկել իրենց իրավասությունների շրջանակից,
  • կրկնօրինակել են ԿԿՀ-ի գործառույթները։
  1. Խորհրդի անդամների հնարավոր կողմնակալության դրսևորումներ

5.1 Հնարավոր կողմնակալ վարքագծի օրինակներ

ա) Դանիել Իոաննիսյանի դեպքում՝

  • Հարցազրույցի ընթացքում հնչեցին նախապես հավաքագրված տեղեկատվության վրա հիմնված հարցադրումներ,
  • Քննարկվեցին թեկնածուի անձնական կյանքին առնչվող հանգամանքներ,
  • մասնագիտական գիտելիքների ստուգում՝ առանց համապատասխան որակավորման։

բ) Անի Չատինյանի դեպքում՝

  • նախապես պատրաստված հարցերի շարք մեղվաբուծության վերաբերյալ,
  • ֆինանսական հարցերի անհիմն շեշտադրում։

Եզրակացություններ և առաջարկություններ

  • Իրավական բարեփոխումներ
  • խստացնել մրցութային խորհրդի անդամների որակավորման պահանջները,
  • սահմանել մրցութային խորհրդի անդամների շահերի բախման ստուգման հստակ մեխանիզմներ,
  • ներդնել մրցույթի հարցազրույցի փուլի անցկացման մանրամասն ուղեցույց։
  • Գործընթացային բարելավումներ
  • մշակել հարցերի նախապես հաստատված շտեմարան,
  • սահմանել հարցերի տիպերի հստակ համամասնություն,
  • ներդնել գնահատման թափանցիկ չափանիշներ։
  • Վերահսկողության մեխանիզմներ
  • ստեղծել հարցազրույցի հասարակական  մշտադիտարկման համակարգ,
  • ներդնել մրցութային խորհրդի որոշումների բողոքարկման արդյունավետ մեխանիզմներ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել