«Արդարադատություն իրականացնելիս դատավորը պետք է կարևորի ոչ թե իր անձը, այլ դատական իշխանությունը». դատավոր Հովիկ Շահնազարյան

Iravaban.netի «Հայաստանի դատավորները» հարցազրույցների շարքի շրջանակում զրուցել ենք Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանի հետ։ Դատավորը պատմել է իր մասնագիտության ընտրության, դատավորի աշխատանքին բնորոշ տարբեր առանձնահատկությունների, համակարգում առկա խնդիրների և ոլորտային այլ հարցերի մասին։

-Պարոն Շահնազարյան, ծնվել եք Սյունիքում՝ Խնձորեսկում, կպատմե՞ք մասնագիտության ընտրության և հայրենի գյուղից Երևան տեղափոխվելու մասին։

– 6-7 տարեկանում, երբ ես Խնձորեսկ գյուղում էի բնակվում, մեր երկիրը շատ դաժան և բարդ պայմաններում էր հայտնվել։ Ազատագրական շարժումն էր, և մեր գյուղում, ինչպես նաև ՀՀ մնացած բոլոր բնակավայրերում թեժ մարտեր էին ընթանում, և ձևավորվում էին նաև ազատամարտիկների, ոստիկանների խմբեր, որոնք պայքարում էին, ըստ էության, հենց մարդկանց, ժողովրդի, հայրենիքի և կյանքի իրավունքի համար։ Այդ ժամանակ չկար, որպես այդպիսին, օրենսդրական խնդիր, օրենքից բխող իրավունք։ Կար մի իրավունք, դա ուժի իրավունքն էր, և այդ ուժի իրավունքի իրացնողները տվյալ դեպքում հենց այդ «ֆիդայիններն» էին։ Ինձ մոտ, այդ պատկերացումների համաձայն, ձևավորվեց ցանկություն՝ պաշտպանել մարդկանց իրավունքները, իսկ այդ ժամանակ դա հնարավոր էր միայն այդ մարդկանց կերպով։ Մանկուց սկսվեց իրավունքների պաշտպանության ցանկությունը։ Ինձ մոտ սերմանվեց ցանկություն՝ դառնալ իրավաբան։

-Ձեր նախագահությամբ առաջին նիստից հետո ի՞նչ զգացողությամբ դուրս եկաք դատական նիստերի դահլիճից։ Եվ, եթե կհիշեք, պատմեք այն գործի մասին, որը Ձեզ ամենից շատն է տպավորել։

-Երբ ինձ ներկայացրին որպես դատավոր, հենց ներկայացման օրը ինձ մակագրվեց 2 ծանր միջնորդություն, էլի քրեական ասպեկտից, չնայած, ես քաղաքացիական մասնագիտացմամբ դատավոր էի նշանակվել։ Մեկը վերաբերում էր բարձրաստիճան պաշտոնատար անձի կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն, մյուսը՝ թմրանյութի վաճառքով զբաղվող անձի էլի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններին։

Ինչո՞ւ եմ ես կարևորում այս գործը․ այդ դատական նիստում այդ անձի մայրը գործող դատավոր էր, զոքանչը՝ նախկին դատախազ, իմիջիայլոց, շատ հանրաճանաչ մարդիկ էին։ Բարոյահոգեբանական, հոգեհուզական և օրինականության պայքարի մեջ էի։ Արդյոք ճի՞շտ եմ անում։ Գիտակցում էի, որ պետք է գործեմ օրենքի պահանջներից ելնելով։ Առաջին հակասություններն ու հաղթահարումը եղել է հենց այդ գործի շրջանակներում։

-Պարո՛ն Շահնազարյան, որպես դատավոր տարատեսակ ճնշումների երբևէ ենթարկվե՞լ եք։

-Դե, որպես կանոն, ճնշումները լինում են ուղղակի և անուղղակի։ Սկսենք ուղղակի ճնշումներից․ զանգովի արդարադատություն, ապօրինի միջամտություն և այլն, և այլն։ Սրանք քրեորեն պատժելի արարքներ են։ Իմ կյանքում, սկսած 2014 թվականից, ես ուղղակի ճնշում ինձ վրա երբեք չեմ ունեցել։ Ինչի՞ համար չեմ ունեցել՝ չեմ կարող ասել։ Բայց կարող եմ պնդել, թե դա ինչից է եկել։ Երբ որ դու հավատարիմ ես մնում քո վարքագծի կանոններին և քո վարքագծով ցույց ես տալիս, որ անիմաստ է ճնշումը մեկ է կայացվելու է այն արդարադատության արդյունքը, որը կայացվելու է, ինքնաբերաբար այդ ճնշումները չեն էլ լինի։

-Դուք դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի նախագահն եք, այսօր գործադիրը նույնպես դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնելու լիազորություն ունի։ Միջազգային կառույցները մեկ անգամ չէ, որ պնդել են, որ գործադիրի այս լիազորությունը պետք է դադարեցվի։ Գործադիրն էլ իր հերթին նշում է, որ հանձնաժողովը գործող կազմով չի կարող անաչառ լինել։ Նախարարն էլ իր հերթին նշել էր, որ կորպորատիվիզմի դրսևորումները պետք է բացառվեն։ Ձեր կարծիքով՝ այսօր հանձնաժողովը կարողանո՞ւմ է անաչառ որոշումներ ընդունել։

-Անմտություն կլինի, եթե ես ասեմ, որ հանձնաժողովը աչառու որոշումներ է կայացնում։ Կայացնում է անաչառ որոշումներ։ Հիմա, որպեսզի ես հանրությանը համոզեմ, որ այդ անաչառ որոշման վերաբերյալ իմ հետևությունը ճշմարտացի է, արդար է, ես պետք է տրամադրեմ որոշակի տեղեկատվություն, հայտնեմ որոշակի հանգամանքների մասին, որոնք կամ հայտնի են, կամ, գուցե նաև հայտնի չեն հանրությանը։

Մենք կյանքից կտրված որոշումներ չենք կայացնում, ես չեմ ասում նախարարությունն է կայացնում, ուղղակի բացատրում եմ, թե անաչառ լինելու տեսանկյունից ինչու է այդպես ընկալվում։ Օրինակ, եթե դատավորը իր վարույթում ունի 4000 գործ և թույլ է տվել դատավարական խախտում, ուշացրել է մի քանի ամիս, օրինակ, դատական ակտի ուղարկման գործընթացի կազմակերպումը, և այս համատեքստում մենք գնահատում ենք նաև օբյեկտիվ իրավիճակը, երբ պետությունը ստանձնել է պարտավորություն անել ամեն ինչ, որպեսզի ծանրաբեռնվածության այսպիսի մակարդակ չլինի։ Հիմա, եթե այդ ծանրաբեռնվածությունը կա, մենք կարո՞ղ ենք այդ ամենի մեղավոր հանել դատավորին։ Այստեղ գոյություն ունի նաև մեղքի բացակայության հարց։

Եթե անգամ հանձնաժողովը կոլեգիալ սկզբունքով կայացնում է համապատասխան որոշում, պետք չէ նայել միայն հանձնաժողովի որոշումը, որովհետև որոշումների մի մասը ուղեկցում է այդպիսի հատուկ կարծիքներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել