Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 32-ով ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք։
Սա նշանակում է, որ ոչ ոք չի կարող կամայականորեն, առանց Ձեր թույլտվության մուտք գործել բնակարան․ Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով`
- պետական անվտանգության,
- երկրի տնտեսական բարեկեցության,
- հանցագործությունների կանխման կամ բացահայտման,
- հասարակական կարգի, առողջության և բարոյականության,
- այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Կարևոր է իմանալ․ Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մտնել ձեր բնակարան առանց ձեր համաձայնության՝ դուք իրավունք ունեք․
- Բառացիորեն մերժել մուտքը՝ առանց որևէ բացատրության:
- Պահանջել իրավական հիմքերը՝ եթե ասում են, որ մտնում են օրենքով:
- Զանգահարել ոստիկանություն՝ ապօրինի մուտքը կանխելու համար:
- Դիմել դատարան կամ իրավապահ մարմիններին՝ ձեր բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքերում:
- Գրավոր հաղորդում ներկայացնել՝ հանցանքի մասին (այդ դեպքում մեղադրյալը կարող է պատժվել ՀՀ Քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածով):
Եթե Ձեր կամքին հակառակ կամ Ձեր կամքը հաշվի չառնելով ինչ-որ մեկը մտնում է Ձեր բնակարան, դա համարվում է ապօրինի մուտք և քրեորեն պատժելի արարք է: Օրենքը սահմանում է պատիժ, որը կախված արարքի ծանրությունից կարող է լինել տուգանք, հանրային աշխատանք և ընդհուպ մինչև երկու տարի ազատազրկում։
Բնակարան համարվում է շինությունը, կառույցը կամ դրանց մասը, որը նախատեսված է կամ օգտագործվում է բնակվելու համար, ինչպես նաև դրանց հարակից տարածքները՝ ծածկապատշգամբը, վերնասրահը, պատշգամբը, նկուղը կամ ձեղնահարկը։
Բնակարան համարվում է նաև ցանկացած շինություն կամ կառույց, որոնցից անարգել մուտք կա բնակության համար նախատեսված շինություն կամ դրա մաս, ինչպես նաև՝
- հյուրանոցային սենյակը,
- գնացքի մեկուսացված ճամփորդախցիկը,
- նավախցիկը, հիվանդասենյակը,
- գետային կամ ծովային նավը կամ այլ տրանսպորտային միջոց, եթե դրանք ժամանակավորապես կամ մշտապես օգտագործվում են բնակության համար։
Ձեր բնակարանը ձեր անձնական տարածքն է, և օրենքը պաշտպանում է այն ցանկացած ապօրինի մուտքից։ Ձեր բնակարանի անձեռնմխելիության մասին տեղեկացված լինելով, դուք կարող եք արդյունավետորեն պաշտպանել ձեր անվտանգությունն ու սեփականության իրավունքը: