Հայաստանն ահռելի հանքարդյունաբերություն չունի, ընդերքի օգտագործման համար զբաղեցված ընդհանուր տարածքը կազմում է ՀՀ տարածքի ընդամենը 0,51%-ը։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս, տ․գ․թ․ Սերգեյ Խաչատրյանը։
Միևնույն ժամանակ, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման արդյունքում տարեկան արտադրանքի ծավալը ընթացիկ գներով ամբողջ արդյունաբերության մեջ 2018-2022 թթ․-երի ընթացքում տատանվել է ընդամենը 15,52%-ից (2018) մինչև 24,38%(2021)․ «Հանքարդյունաբերության մեջ 2019-2022թթ․զբաղված է եղել շուրջ 11300 մարդ, կազմելով ընդհանուր արդյունաբերության մեջ զբաղվածների մոտ 11%-ը»։
«Հետաքրքիր պատկեր է ստեղծվում նաև աշխատատեղերի հետ կապված վիճակագրական տվյալները վերլուծելիս։ Ըստ այդմ հանքարդյունաբերության մեջ 2019-2022թթ․ զբաղված է եղել շուրջ 11300մարդ, կազմելով ընդհանուր արդյունաբերության մեջ զբաղվածների մոտ 11%-ը»,-նշում է Խաչատրյանը։
ՀՀ հանքարդյունաբերության մեջ օգտակար հանածոների ֆիզիկական ծավալն ապահովում է պղնձամոլիբդենային հանքաքարի արդյունահանումը, ինչը 2019-2022թթ․-երի ընթացքում տարեկան կտրվածքով մշտապես գերազանցել է 30 մլն․տ-ն, 2020թ․-ին ընդհուպ մոտենալով 32մլն․ տ ցուցանիշին։
2021 և 2022թթ-ների ՀՀ-ում պղնձի հանքաքարի արդյունահանումը, որպես առաջատար ուղղություն, ընթացիկ գներով ընդհանուր հանքարդյունաբերության մեջ կազմել է համապատասխանաբար 35% և 47,6%․ «Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ պղնձի համաշխարհային շուկայի ծավալը 2022թ․-ին կազմել է մոտ 170մլրդ․ ԱՄՆ դոլար (աղբյուր՝ http://www.statista.com), իսկ տեղական արտադրությունը` (2022թ-ին ԱՄՆ դոլարի միջին տարեկան փոխարժեքը՝ 435,7 դրամ (աղբյուր ՝https://armstat.am) 555,6 մլն․ԱՄՆ դոլար, կարող ենք եզրակացնել, որ 2022թ-ին ՀՀ մասնաբաժինը պղնձի համաշխարհային շուկայում կազմել է ընդամենը մոտ 0,3%:
Այլ է պատկերը մոլիբդենի արդյունահանման դեպքում։ 2022թ․-ի ընթացքում աշխարհում արդյունահանվել է մոտ 250 հազ․տ մոլիբդեն, որից ՀՀ-ում՝ շուրջ 7800 տ, ինչը կազմում է համաշխարհային արտադրության շուրջ 3,12%-ը»:
Ամփոփելով կարելի է նշել, որ ՀՀ հանքարդյունաբերությունը ֆիզիկապես զբաղեցնելով տարածքի մոտ 0,5%-ը, կազմում է զգալի կշիռ ընդհանուր արդյունաբերության մեջ, ստեղծելով զգալի քանակությամբ բարձր վարձատրվող աշխատատեղեր և ապահովելով բյուջեի զգալի մուտքեր։
Միևնույն ժամանակ նույնիսկ ՀՀ առաջատար հանքարդյունաբերական ուղղությունները համաշխարհային շուկայում զգալի տեղ չեն զբաղեցնում։