Վահագն Վերմիշյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 3 ամսով

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում օգոստոսի 30-ին շարունակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատաքննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Կարեն Ամիրյանը, կազմում են դատավորներ Արմեն Հովհաննիսյանը ու Մեսրոպ Մակյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստը սկսվեց նախատեսված ժամից կես ժամ ուշ՝ ոստիկանության աշխատակիցների կողմից Վահագն Վերմիշյանին դատարան ուշ տեղափոխելու պատճառով։

Նիստի սկզբում դատախազ Ծովակ Մնացականյանն անդրադարձավ մի քանի հարցերի, որոնք, ըստ դատախազի, կարևոր են դատարանի կողմից դատական ակտի հիմնավորվածությունը ստուգելու համար։

Մասնավորապես, նա անդրադարձավ ամբաստանյալ Ջոն Ֆարխոյանի պաշտպան Երեմ Սարգսյանի այն պնդումներին, որ գործի շրջանակներում մի շարք ապօրինի, օրենքից չբխող և անհիմն գործողություններ են կատարվել։

Դատախազի խոսքով՝ խախտումներ տեղի չեն ունեցել, վերադաս դատախազն օգտվել է իր լիազորություններից, սահմանված կարգով ԱԱԾ աշխատակիցներին հանձնարարել է կատարել գործի համար կարևոր նշանակություն ունեցող գործողություններ։

«Նշվեց, որ 5 ամիս շարունակ նյութեր են տրաստվել, թեպետ նյութերի նախապատրաստման համար սահմանված ժամկետը տասնօրյա է։ Չեմ կիսում պարոն Սարգսյանի մոտեցումը, քանի որ մենք գործ ունենք ոչ թե նյութերի նախապատրաստման հետ, այլ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հետ, որոնց դատավարական կարգը պահպանված է, բխում է օրենքի 36-րդ հոդվածից։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալները հաղորդման տեսքով ուղարկվել են նախաքննական մարմնին, և հարուցվել է քրեական գործ»,-ասաց Մնացականյանը։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ դատախազը նշեց, որ դրանք օգտագործվել են տեղին և ճիշտ, ապացույցի ներկայացումը Քրեական դատավարության օրենսգրքով չարգելված ընթացակարգ է, որը հետազոտվել և կցվել է մյուս ապացույցներին։

Հաջորդիվ քննարկվեց Վահագն Վերմիշյանի նկատմամբ ընտրված փախանման միջոց տնային կալանքը փոխելու կամ երկարաձգելու հարցը։

Դատախազը հայտնեց, որ տնային կալանքի ժամկետը պետք է երկարաձգել 3 ամիս ժամկետով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական նիստերն ինտենսիվ կերպով նշանակված են, և մոտ են դատական գործի հանգուցալուծմանը․ «Այս փուլում ընտրված խափանման միջոցը փոփոխելը, կարծում եմ, այդքան էլ ռացիոնալ չի լինի»։

Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսադնր Կոչուբաևը հայտնեց, որ վերջին օրերին իր պաշտպանյալի առողջական վիճակը սրվել է, ինսուլտի կասկածով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ 1 օր պահվել է, և անգամ տեխնիկական հսկողություն չկար։

«Վահագն Վերմիշյանը դրսևորել է չափազանց պատշաճ վարքագիծ և հիվանդանոցից ինքնուրույն գնացել է իր տուն, զանգահարել  Պրոբացիայի ծառայությանը։ Այսինքն՝ համակցության մեջ վարույթ իրականացնող մարմինը հիմա հնարավորություն ունի գնահատելու այն, որ Վահագն Վերմիշյանն առանց որևէ հսկողության մնում է ազատության մեջ․ ի՞նչ է տեղի ունենում, ոչինչ տեղի չի ունենում, ինչը հնարավորություն է տալիս պնդելու, որ առանց տնային կալանք խափանման միջոցի Վահագն Վերմիշյանը պատշաճ վարքագիծ է դրսևորում»,-ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա միջնորդեց խափանման միջոց գրավը պահպանել և դրան համակցված կիրառել վարչական հսկողությունը՝ արգելելով Վահագն Վերմիշյանին շփում ունենալ վարույթին մասնակցող անձանց՝ և՛ մեղադրյալների, և վկաների հետ։ Պաշտպանը պնդեց՝ եկել է ժամանակը, որպեսզի Վերմիշյանը ազատ տեղաշարժման խնդիր չունենա, հատկապես այն դեպքում, երբ շուրջ 4 տարի եղել է անազատության մեջ։

Դատարանին ներկայացվեց նաև Վերմիշյանի առողջական խնդիրների հետ կապված հիվանդանոց տեղափոխելու, բուժման վերաբերյալ փաստաթղթեր։

Վահագն Վերմիշյանն իր հայտարարության մեջ ասաց, որ 2020 թվականից սկսած իր նկատմամբ անհիմն մեղադրանքներ են ներկայացվում, կնոջ, երեխաների հաշիվները փակված են, որևիցե գործողություն, դրսից գումարներ ստանալ չեն կարողանում, զրկված է ընտանիքի համար անհրաժեշտ կենսական ծախսեր հոգալուց։

Նա նշեց, որ այժմ էլ պատվիրատուներ ունի, որոնք սպասում են, թե երբ պիտի դուրս գա ու նախագծային աշխատանքները շարունակի․ «Նույնիսկ շինարարությունը չեն սկսում, սպասում են՝ երբ պիտի ես նախագիծն անեմ, որ շարունակեն»։

Երկու րոպե ընդմիջումից և խորհրդակցությունից հետո դատարանը որոշեց Վահագն Վերմիշյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով՝ մինչև դեկտմեբերի 6-ը։

Նիստը հետաձգվեց։ Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել