Ծնողական իրավունքներից զրկելու հիմքերը և կարգը

Ի՞նչ պետք է իմանաք

Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է միայն դատարանի միջոցով և ունի լուրջ հետևանքներ թե՛ ծնողի, թե՛ երեխայի համար։

Ո՞ր դեպքերում կարող են ծնողներին զրկել ծնողական իրավունքներից

Ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք՝

  • մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց.
  • չեն փոխում իրենց վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում.
  • առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից.
  • մեկ տարի առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ հաստատություններից.
  • չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա.
  • տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ.
  • տառապում են քրոնիկ հոգեկան հիվանդություններով, որոնց ցանկըսահմանում է ՀՀ կառավարությունը.
  • դաժանաբար են վարվում երեխայի հետ, մասնավորապես`
  • պարբերաբար այնպիսի ֆիզիկական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, որը չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ,
  • պարբերաբար հոգեբանական բռնություն են գործադրում նրա նկատմամբ, այն է`դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում` ֆիզիկական, սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը, արժանապատվության պարբերական նվաստացումը:

 Բացի այդ, ծնողը զրկվում է ծնողական իրավունքներից, եթե դատապարտվել է իր երեխայի դեմ ուղղված դիտավորյալ հանցագործության համար։

Ծնողական իրավունքներից զրկելու հիմքերի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով ամրագրված դեպքերը ծնողական իրավունքներից զրկելու հիմք չեն, եթե ծնողը գտնվում է

  • բժշկական հաստատությունում,
  • կարգապահական գումարտակում,
  • ուղղիչ հիմնարկում,
  • ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում,
  • մասնակցում է վարժական հավաքներին
  • գտնվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ,
  • մարտական գործողությունների ընթացքում զինված ուժերի կազմում,
  • գերության մեջ,
  • մեկնել է օտարերկրյա գործուղման, եթե ծնողական իրավունքներից զրկելը չի բխում Երեխայի լավագույն շահերից։
  • Դատարանը, որպես հարգելի պատճառ, կարող է դիտարկել նաև այլ իրավիճակներ:

Ո՞վ կարող է ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել դատարան

  • Ծնողներից մեկը (երեխայի այլ օրինական ներկայացուցիչը)։
  • Խնամակալության և հոգաբարձության մարմինը։
  • Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված են երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություններ
  • Նշված մարմինները պարտավոր են հայց ներկայացնել ոչ ուշ, քան ծնողական իրավունքներից զրկելու հիմքերը իրենց հայտնի դառնալու օրվանից մեկ ամիս հետո։

Ինչպե՞ս է քննվում գործը

  • Գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
  • Դատարանը հաշվի է առնում նաև սոցիալական աջակցության ոլորտի լիազոր մարմնի տրամադրած եզրակացությունը՝ երեխայի և ծնողի սոցիալական կարիքների վերաբերյալ։
  • Եթե դատարանը գործի քննության ընթացքում հայտնաբերում է քրեորեն պատժելի արարք, պարտավոր է այդ մասին տեղեկացնել իրավասու մարմիններին։
  • Ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել