Ապրիլի 12-ի վթարի հետևանքով մահացած Դավիթ Հակոբյանը բազմանդամ ընտանիքից էր․ 4 եղբայր, 1 քույր

ՊՆ-ն երեկ՝ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, հայտնել էր, որ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում, որի հետևանքով կա 4 զոհ և 20 վիրավոր։

Վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են` Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։

Մահացած զինծառայող Դավիթ Հակոբյանի վերաբերյալ տեղեկություններ իմանալու համար Iravaban.net-ը խոսել է Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի քարտուղարի հետ։

«Մեր քաղաքից էր, Սևանից էր, պարզապես երկար տարիներ իրենք այստեղ չեն բնակվել, տեղափոխվել են Արմավիրի մարզ։ Իրենք բազմանդամ ընտանիք են՝ 4 եղբայր, 1 քույր, բավականին համեստ ընտանիք են՝ իհարկե սոցիալական որոշակի դժվարություններով։ Երեխաները խելացի երեխաներ են, շատ կարգապահ, գիտեմ, որ Դավիթը գերազանցությամբ ավարտել է նաև խոհարարական կուրսեր։ Անցած տարի ինքն ու եղբայրը զորակոչվել էին բանակ»։

Մեր զրուցակցիը նաև նշեց․ «Սևանում է լինելու հուղարկավորությունը, քանի որ զինվորի տատիկն ու պապիկն այստեղ են ապրում, իսկ ծնողները Մեծամորում են։ Հայրը տեսողական խնդիրներ ունի, վատառողջ է մի քիչ։ Դավիթը 2004 թվականի ծնված է։ Ընտանիքում փոքրը քույրն է, ամբողջ ընտանիքն աշխատանքի բերումով տեղափոխվել է այնտեղ»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել