Վանո Սիրադեղյանի գործով դատական քննությունը հետաձգվեց․ փաստաբանը վատառողջ էր

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 13-ին, շարունակվեց Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, գրող և հրապարակախոս Վանո Սիրադեղյանի վերաբերյալ 2000 թվականին կասեցված, այնուհետև վերսկսված քրեական գործի քննությունը։

Զբաղեցնելով նախարարի պաշտոնը՝ Վանո Սիրադեղյանը, ըստ մեղադրանքի, 1992 թվականի ամռանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները։

Վանո Սիրադեղյանի և ևս 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան է ուղարկվել 1999 թվականի հուլիսին։ Մեղադրյալների թվում էին ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանն ու ներքին զորքերի այլ ներկայացուցիչներ։ (Արմեն Տեր-Սահակյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դատարան էր ուղարկվել ավել վաղ և լսվել է այլ դատարանում)։

2000 թվականին Վանո Սիրադեղյանը դիմել է փախուստի, նրա վերաբերյալ մասն անջատվել է Վահան Հարությունյանի և մյուսների գործից։ Վերջիններիս առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են դատարանում և դատապարտվել։ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել էր՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով։

2021 թվականի հոկտեմբերի 16-ին Վանո Սիրադեղյանը մահացել է։ Եվ, ահա, 2022 թվականին նրա վերաբերյալ հարուցված քրեական գործի քննությունը վերսկսվել էր։ Փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ Խաչատուր Սիրադեղյանը պահանջելու է շարունակել գործի քննությունը՝ արդարացման ակնկալիքով։ 

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վանիկ Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը, ինչպես նաև փաստաբան Տիգրան Եգորյանը։

Դատարանը դիմում էր ստացել պաշտպան Եգորյանից, որ դատական նիստին վատառողջ լինելու պատճառով չի ներկայացել և խնդրել է՝ իր բացակայությունը համարել հարգելի։

Վահե Դոլմազյանը որոշեց պաշտպանության կողմի բացակայության պայմաններում դատական գործի քննությունը հետաձգել։

Հաջորդ դատական նիստը՝ ապրիլի 3-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել