Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ մարտի 17-ին, տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը։ Այն նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում նախագահող դատավորը խնդրեց հանրային մեղադրողին հայտնել՝ վերջինս հրաժարվո՞ւմ է մեղադրանքից, թե ոչ։ Վերջինս բացասական պատասխան տվեց։ Այնուհետև Դոլմազյանը հնարավորություն տվեց ամբաստանյալին «վերջին խոսքով» հանդես գալ։
«Որոշում էի կայացրել հրաժարվել վերջին խոսքի իրավունքից, սակայն այսօր մամուլում մի տեղեկություն աչքովս ընկավ, կուզենամ շատ կարճ, մի երկու րոպեի ընթացքում ներկայացնեմ իմ վերջին խոսքը՝ հաշվի առնելով այդ փոփոխությունը։
Այսօր կայքերից մեկը ժամը 14։23, դեռ 1 ժամ չի լրացել, մի նյութ է հրապարակել՝ «Կեղծ տեղեկություն․ Փաշինյանի ձայնով թուրքերեն խոսքը գեներացված է արհեստական բանականության միջոցով»։ Ինչո՞ւ եմ նշում մամուլում տեղ գտած այս հրապարակումը․ որևէ ապացույց այն մասին, որ վկայի ներկայացրած ձայնագրությունը չի գեներացվել արհեստական բանականության միջոցով, քրեական գործի նյութերում առկա չէ։
Ընդ որում, ինչո՞ւ է այս նյութը կարևոր, իմ կարծիքով, որովհետև այնտեղ նշվում է, որ տեսագրությունն է գեներացվել արհեստական բանականության միջոցով, և՛ շուրթերի շարժումը, և՛ թուրքերեն խոսքը բավականին որակյալ է արված։ Սա նշանակում է, որ շատ ավելի հեշտ է արհեստական բանականության միջոցով գեներացնել ձայնագրությունը, այլ ոչ թե տեսագրությունը։
Գործում չկա ապացույց, չկա փորձաքննություն այն մասին, որ դա ԱԲ-ի միջոցով չի արվել, չկա ապացույց, որ դա Ռուբեն Վարդազարյանի խոսքն է, որ այդ ձայնագրությունը մոնտաժված չէ։ Ավելին ասեմ, վստահ եմ, որ իմ հայտնած տեղեկությունը նախագահող դատավորին չի հետաքրքրում, սակայն ավելի շատ խոսքս ուղղված էր մամուլի ներկայացուցիչներին, վերադաս ատյաններին և ավելի շատ, երևի թե, ՄԻԵԴ-ին»,-դատարանում նշեց Ռուբեն Վարդազարյանը։
Վահե Դոմլազյանը հայտարարեց՝ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վերջինս, ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: Վարդազարյանի վերաբերյալ հաղորդումը ենթադրյալ դեպքից շուրջ 2 տարի անց ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո վերջինս նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ:
Ըստ Սիմոնյանի հաղորդման՝ Վարդազարյանը «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով է իրեն դիմել: Վահագն Աբգարյանը մեղադրվում է/էր Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև՝ սպանության գործով իր օգտին գործողություններ կատարելու համար կաշառք տալու համար: Գործում առկա է նաև ձայնագրություն. Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, Signal հավելվածի միջոցով կապ է հաստատել Անդրանիկ Սիմոնյանի հետ և համոզելու, խնդրանքի եղանակով վերջինից պահանջել փոխել Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը։
Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Մանրամասները՝ տեսանյութում։