«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Նորայր սարկավագ Ավդալյանի հետ զրուցել է 10 պատվիրանների մասին։
-Ինչպե՞ս են ստեղծվել 10 պատվիրանները և ինչու՞։
-10 պատվիրանները տրվել է հրեա ժողովրդին և մարդկությանը, հրեա ժողովրդի եգիպտական գերությունից ելնելու կոնտեքստում։ Աստված Սինա լեռան վրա Մովսես Մարգարեին շնորհում է 10 պատվիրանները և կարգադրում՝ որպեսզի պահվեն։
-Արդյո՞ք պատվիրանները համարվում են հոգևոր օրենքներ։ Ի՞նչ հիմնական հոգևոր խորհուրդ և նշանակություն են կրում դրանք:
-Երբ կարդում ենք պատվիրանները, առաջին հայացքից թվում է, թե դրանք իրավաբանական նշանակություն ունեցող նորմերի ժողովածու է։ Հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ սրանք աստվածատուր օրենքներ են և տրված են սիրո գաղափարի վրա, այսինքն մարդ-Աստված սիրո և մարդ-մարդ սիրո։
-Եթե դրանք դիտարկենք, որպես հոգևոր օրենքներ, ապա գոյություն ունե՞ն սահմանված պատիժներ այդ օրենքերը խախտելու համար, ինչպես օրինակ գոյություն ունեն պատիժներ աշխարհիկ օրենքներ խախտելու համար:
-10 պատվիրաններում չկան պատիժներ, որովհետև 10 պատվիրաններն աստվածատուր օրենքներ են և բնականաբար աստվածային օրենքները չունեն ավելորդ հաստատման կարիք։
-Ե՛ս եմ քո Տեր Աստված, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար: Արդյո՞ք այլ աստված ասելով՝ նկատի ունեն Հիսուս Քրիստոսին, եթե այո, ապա հոգևոր գիտակացության մեջ Հիսուս Քրիստոսը ի վերջո ֆիզիկական անձ է, թե՞ աստված: Եթե աստված է, ապա կտա՞ք դրա քրիստոնեկան հոգևոր բացատրությունն ու խորհուրդը:
-Առաջին պատվիրանը սահմանում է, բովանդակում է քրիստոնեական կրոնը, որպես միաստվածային կրոն, այսինքն՝ կրոն, որտեղ կա մեկ աստվածություն։ Այս պատվիրանը ցույց է տալիս, որ աշխարհում եղած բոլոր բարիքների, աշխարհում եղող ամեն ինչի պատճառ միայն մեկ Աստված է։ Քրիստոնեական միաստվածությունն ունի իր առանձնահատկությունը՝ Սուրբ Երրորդությունը, սակայն սա հեթանոսություն չէ։
-Քեզ համար կուռքեր չշինե՛ս։ Արդյոք այս պատվիրանը հավասարապես վերաբերում է մարդու և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր, և՛ մտավոր ասպեկտներին: Եթե, այո՝ կխնդրեմ առավել մանրամանս ներկայացնել: Արդյո՞ք ինչ-որ հայտնի մեկին երկրպագելը կամ կենդանու երկրպագելը համարվում է մեղք։
-Կռապաշտությունն իր դրսևորումները մարդկային պատմության բոլոր փուլերում ունեցել է։ Դա ունի և՛ մարմնավոր, և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր, և՛ մշակութային ասպեկտներ։ Կռապաշտությունը դատապարտելի է նրանով, որ դա փչացնում է ճշմարիտ աստվածաճանաչողությունը։ Մենք կարող ենք սիրել տարբեր բաիքներ, տարբեր հայտնի մարդկանց, գնահատել նրանց տաղանդը, գնահատել նրանց գործերը, արժաիքները, սակայն մեր կատարյալ վստահությանը արժանի է միայն Աստված։
-Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես: Կբացրատրե՞ք այս պատվիրանի խորհուրդը։ Ի՞նչ ասել է՝ զուր տեղը։ Ե՞րբ կարելի տալ Տեր Աստծո անունը:
-Աստծո էությանը մենք պետք է մոտենանք երկյուղածությամբ և պատկառանքով։ Տերունական աղոթքում ասվում է՝ սուրբ եղիցի անուն քո, սա ցույց է տալիս քրիստոնյա մարդու և ընդհանրապես մարդ արարածի վերաբերմունքը Աստծո անվան նկատմամբ։ Ինքնին անբարո է, երբ մարդը շահարկում է ուրիշ մարդու անունն այլ նպատակներով։
-Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: Ինչո՞ւ է պետք շաբաթը սուրբ պահել, դա հենց շաբաթ օրվա մասին է, թե՞ այլ, և ի՞նչ ասել է սուրբ պահել։ Ո՞րն է հոգևոր խորհուրդը այս պատվիրանի:
-Եբրաերենով շաբաթ նշանակում է հանգիստ։ Հոգեբանական իմաստով սա առանձնահատուկ հոգեվիճակ է, որի պայմաններում մարդը իրեն զրկելով իր աշխարհիկ հաճույքներից, ցանկություններից, կրքերից առանձնանում է Աստծու հետ։ Սա մարդ-Աստված առանձնության հոգեվիճակ է։ Քրիստոս հարություն առավ կիրակի օրը և իր հարությամբ նոր ուխտ է հաստատվում և մարդ-Աստված հարաբերության օրը դառնում է կիրակի օրը։
-Պատվի՛ր քո հորն ու մորը։ Կբացատրեք այս պատվիրանի իմաստն ու նշանակությունը, արդյոք աներկբա է, որ անկախ ամեն ինչից զավակի կողմից հոր և մոր նկատմամբ պետք է հարգանք տածել և նրանց պատվել։
-Սա առաջին պատվիրանն է, որը վերաբերում է մարդ-մարդ հարաբերությանը։ Ծնողի և զավակի միջև հարաբերությունը Աստծոո տեսանկյունից բերվում է առաջին պլան։ Քրիստոս նաև ասում է՝ նա ով սիրում է իր հորն ու մորը առավել, քան ինձ, արժանի չէ իմ արքայությանը։ Այստեղ երբեմն լինում է ընտրություն լավի ու լավագույնի միջև։
-Մի՛ սպանիր։ Աշխարհիկ կյանքում, դիցուկ քրեական օրենսդրությունում, սպանության համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն, այդ թվում՝ որոշ երկներում նաև մահապատիժ: Ո՞րն է աստվածաշնչյան «մի սպանիր»-ի խորհուրդը և կարելի՞ է արդյոք զուգահեռներ կառուցել աշխարհիկ իրավունքում գործող սպանության հանցակազմի հետ:
-10 պատվիրանների հիմքում կայանում է կյանքը գնահատելու կարևորությունը։ Անդրադառնանք պատերազմի իրականությանը։ Պատերազմում մարդիկ սպանում են մեկը մյուսին։ Պատերազմները տեղի են ունենում սեփական արժեքները, կրոնը, էությունը, հայրենիքը, ընտանիքը պահպանելու համար։ Չկռվելը կարող է ավելի մեծ չարիքների հանգեցնել, քան պայքարելը և սպանելը։ Այստեղ կա մի կարևոր փաստ՝ մենք սպանում ենք մեր այն թշնամուն, որի սպանությունն ունի ռազմավարական նշանակություն, մենք չենք սպանում ոճիր գործելու համար, մենք չենք սպանում խաղաղ ժողովրդին։ Մենք սպանում ենք այն զինվորին, որը վտանգ է ներկայացնում այն արժեհամակարգի համար, որը մենք ստիպված ենք պայքարել։
-Մի՛ շնացիր։ Աստվածաշնչում սա արդյոք միայն բարոյական իմաստ և նշանակություն ունի: Կխնդրեի առավել մանրամասն բացատրել այս պտվիրանի հոգևոր խորհուրդը:
-Այս պատվիրանով պաշտպանվում է ընտանեկան սրբությունը։ Մի շնացիր ասելով՝ մենք չպետք է հասկանանք այն արարքը, ակտը, որն արվում է այս պատվիրանը խախտելիս։ Մենք ամբողջ մեր կենսակերպի մեջ պետք է հասկանանք, որ մեր ամբողջ կյանքին է սա վերաբերվում։ Մարդը չպետք է դրդր մեկ ուրիշին կատարել այդ արարքը։ Շատ անգամ մեր հասարակության մեջ կան անբարո մարդիկ այն կարևոր պատճառով, որ հասարակությունն ինքն է թույլ տվել, հասարակությունն ինքն է դարձրել մարդուն այդպիսին։
-Մի՛ գողացիր։ Այս դեպքում նույնպես նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Որն է աստվածաշնչյան «մի գողացիր»-ի խորհուրդը և կարելի է արդյոք զուգահեռներ կառուցել աշխարհիկ իրավունքում գործող գողության հանցակազմի հետ:
-Մի գողացիր պատվիրանի մեջ հիմնական սկզբունքը, որից և օգտվում է աշխարհիկ իրավունքը, նրանումն է, որ գողությամբ մենք յուրացնում ենք ուրիշի ստեղծած բարիքը, վերցնում ենք այն, ինչը մերը չէ։ Սա մեծագույն հանցանք է, քանի որ մենք նաև յուրացնում ենք այն վարձքը, որը տրված է ուրիշի բարի արարքների դիմաց։ Այդ պիտվիրանը հասկանում են միայն անձնական իմաստով, բայց մարդը չպետք է գողանա պետությունից։ Մենք շատ չարիքների ականատեսն ենք լինում այս պատվիրանի սխալ ընկալման հետևանքով։ Հասարակությունը կարծում է, որ ուրիշի գողությունը հանդուրժելը չի վերաբերում իրեն։ Իրականում որևէ մեկի կատարած գողությունն ազդում է ամբողջ հասարակության վրա։ Չպետք է գողանալ նաև ուրիշի արժեքները։
-Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։ Առհասարակ, ի՞նչ է սուտ վկայությունը, քո հարևան ասելով՝ հասկանում ենք հենց հարևան, դրկից, թե՞ այլ իմաստ կա։
-Պատվիրանն ունի ավելի մեծ բարոյական խորություն։ Սուտ վկայությունը, միան իրավաբանական ընկալումը չէ, սա ավելի ընդլայված ձևով նշանակում է՝ մի ստիր։ Իրականում մարդիկ կարծում են, որ մի ստիր պատվիրան կա, բայց նման պատվիրան չկա գրված: Քո հարևան նշանակում է քո նմանի դիմաց, մենք այստեղ պետք է հասկանանք, որ Աստծուն հավատացող մարդիկ մեկ ժողովուրդ են և Աստծու ժողովուրդների մեջ պետք է տիրի արդարության միջավայրը։
-Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ունեցվածքի վրա աչք մի ունեցիր: Որն է այս պատվիրանի հոգևոր իմաստն ու բարոյական նշանակությունը:
-Եթե ավելի մանրամասն կարդանք պատվիրանը, որը գրված է Սուրբ գրքում, կհասկանանք, որ նա ասում է՝ մի ցանկացիր քո նմանի կնոջը, քո նմանի տունը կամ ագարակը։ Այստեղ նաև մի շնացիր պատվիրանն է, եթե դու աչք չես ունենում ուրիշի կնոջ վրա, դու չես շնանում։ Վերջին պատվիրանը գալիս է ամրապնդելու այն բարոյական նորմերը, որոնք վերաբերում են մարդկային հարաբերություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան