«Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» այսօր ներառվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում՝ արժանանալով համապատասխան կոմիտեի հավանությանը։ Այս մասին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Նախորդ տարի արդեն իսկ այդ ցանկում գրանցել էինք Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը։ Այսինքն, վերջին երկու տարում երեք հայտ ենք ներկայացրել և ներառել ցանկում։
Դրանից առաջ նման աշխատանք արվել էր 1990-ականների սկզբին։ 1995-ի դրությամբ 4 հուշարձան ունեինք նախնական ցանկերում։ Այսինքն շուրջ 30 տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից որևէ նոր հուշարձան չէր գրանցվել։ Այսօր արդեն չորսին գումարվել է ևս երեքը։
Մենք այս աշխատանքը շարունակելու ենք՝ որպես մեր ամենօրյա աշխատանք։
Հայտերը պատրաստվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ և պատվերով՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների կողմից՝ համապատասխան գիտնականների ներգրավմամբ: Շնորհակալություն մեր մեծ թիմին՝ աշխատանքի համար»,-նշել է նա։