ՍԴ դատավորներին 100 տոկոսի չափով հավելավճար կտրամադրվի

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվող լրացումների պայմաններում օրենսդրորեն կվերանայվեն սոցիալական և նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները Սահմանադրական դատարանի դատավորների համար։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագծերի ընդունմամբ Սահմանադրական դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով կտրամադրվի պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով հավելավճար, ինչպես նաև նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն պաշտոնային դրույքաչափերի գործակիցները կբարձրացվեն՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 17 (գործող 16-ի փոխարեն), Սահմանադրական դատարանի փոխնախագահինը՝ 16, իսկ Սահմանադրական դատարանի 7 դատավորներինը՝ 15 (գործող 12-ի փոխարեն)։

Նախագծի ընդունման արդյունքում հաջորդ տարվա մասով հավելավճարների ընդհանուր գումարը կազմելու է 137.779.200 ՀՀ դրամ մեկ տարվա կտրվածքով:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանը կազմված է ինը անդամից:

Ստացվում է, որ Սահմանադրական դատարանի նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը կազմում է ամսական 1․414․400 ՀՀ դրամ (83.200×17=1.414.400), իսկ տարեկան՝ 16.972.800 ՀՀ դրամ (1․414․400×12): Նույն կերպ՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահի մասով պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը կազմում է ամսական 1․331․200 ՀՀ դրամ (83.200×16=1.331.200), իսկ տարեկան՝ 15.974.400 ՀՀ դրամ (1.331.200×12): Միաժամանակ՝ Սահմանադրական դատարանի յուրաքանչյուր դատավորի մասով պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը կազմում է ամսական 1.248.000 ՀՀ դրամ (83.200×15=1.248.000 ՀՀ դրամ), իսկ տարեկան՝ 14.976.000 ՀՀ դրամ (1.248.000×12), հետևաբար տարեկան 7 դատավորի մասով պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը կազմում է 104.832.000 ՀՀ դրամ (14.976.000 x 7):

Արդյունքում, Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և 7 դատավորի մասով հավելավճարների ընդհանուր գումարը կազմելու է 137.779.200 ՀՀ դրամ (16․972․800+15.974.400+104.832.000) մեկ տարվա կտրվածքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել