«Ասացին, որ ադրբեջանցիները ծայրամասերից մտել են Ստեփանակերտ և նորից խուճապ սկսվեց»․ Արցախից բռնի արտագաղթած

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Գայանե Իշխանյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ ինքը տեղահանվել էր նաև Շուշիից։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը մենք 2 օր մնացինք Շուշիում, նկուղում։ Հետո մեզ ասացին, որ վտանգ կա, պետք է դուրս գանք։ Երբ պատերազմն ավարտվեց, դեկտեմբերի 9-ին գնացինք Ստեփանակերտ»,-ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծում է, որ իրենք հույս են ունեցել, որ ամեն ինչ լավ կլինի, կշարունակեն ապրել իրենց հայրենիքում։

«Այս անգամ էլ երբ սկսվեց պատերազմը, ես աշխաանքի էի, երեխաներս դպրոցում էին, մարդիկ խուճապի մեջ էին, չգիտեին որտեղ գնան։ Սարսափելի վիճակ էր, հետո երբ պարզվեց, որ դեռ Ստեփանակերտի վրա չեն կրակում, մարդիկ դուրս եկան՝ վազեցին իրենց երեխաներին գտնելու, ես էլ գնացի երեխաներիս դպրոցներից բերեցի։ Երկու օր մնացինք նկուղում, մինչև որ պարզվեց, որ թուրքերն (ադրբեջանցի-խմբ․) արդեն մոտեցել են քաղաքին, ասացին, որ արդեն ծայրամասերից մտել են քաղաք և նորից խուճապ սկսվեց, մարդիկ սկսեցին ավտոմեքենաներով գնալ դեպի օդանավակայան՝ հույսով, որ ռուսները մի բան կանեն, կփրկեն իրենց, բայց օդանավակայանից ասացին, որ կարող են հետ գնալ իրենց տները»,-պատմեց Գայանեն։

Նա ասում է, որ հետո մարդիկ սկսել են բենզին փնտրել, որ կարողանան դուրս գալ Ստեփանակերտից, բայց բենզինի պահեստում տեղի է ունեցել պայթյունը։

«Բազմաթիվ զոհեր, վիրավորներ, շատ ահավոր էր հիվանդանոցների վիճակը, պատրաստ չէին այրվածքերով այդքան մարդկանց ընդունելու։ Շատերն ուղղակի ցավից մահացան։ Պատերազմի օրերին էլ շատ զոհեր եղան, վիրավորներ եղան, դա շատ ցավալի էր, ես համալսարանում դասախոս եմ, իմ ուսանողներից շատերը զոհվեցին։ Շատ ցավալի է, բայց նաև հպարտ ենք, որ մինչև վերջին շունչը կռվեցին, մինչև վերջ պայքարեցինք»,-նշեց Գայանե Իշխանյանը։

Նա հիշում է, որ վերջին օրերին Ստեփանակերտում վիճակը սարսափելի է եղել, ավտոբուսները չէին հասցնում մարդկանց տեղափոխել, շատերը գիշերել են Վերածննդի հրապարակում։

Գայանեի խոսքով՝ ադրբեջանցիների նպատակը եղել է մարդկանց ոչնչացնելը։

«Մարդիկ, որոնք ուզում են քեզ սպանել, հնարավոր չէ նրանց հետ ապրել։ Այն ինտեգրումը, որը իրենք են առաջարկել՝ անհնար է, այսքան պատերազմներից հետո՝ առավել ևս։ Իրենց նպատակը հայաթափելն էր և մեզ ոչնչացնելը: Իրենք նպատակ չունեին ինտեգրել և մեզ հետ ապրել այնտեղ։ Դա կեղծ հայտարարություններ էին իրենց կողմից միջազգային հանրության համար»,-նշեց Գայանեն։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել