Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ուզբեկստանի և Ղազախստանի նախագահների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի և Ղազախստանի նախագահ Ժոմարտ Տոկաևի հետ։ Պուտինն իր զրուցակիցներին տեղեկացրել է իրավիճակի մասին։ Այս մասին հայտնել է Դմիտրի Պեսկովը։

«Քասըմ Ժոմարտ Տոկաևը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։ Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը երկրում իրավակարգի պահպանման անփոխարինելի պայման են: Սա հասարակության անվտանգության և դրա հաջող զարգացման հիմքն է»,- ասված է հայտարարության մեջ։


Ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կատարվածը որակելով դավաճանություն և հարված թիկունքից․ «Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնել է դավաճանության ճանապարհը, ով պատրաստել է ռազմական խռովության, բռնել է խռովության և ահաբեկչական մեթոդների ուղին, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու օրենքի և մեր ժողովրդի առաջ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել