«Վագներ» ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հայտարարություններն ու գործողություններն իրականում զինված քաղաքացիական հակամարտություն սկսելու կոչեր են, հունիսի 24-ին նշվել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հանրային կապերի կենտրոնի հայտարարությունում։
Այս մասին գրում է TASS-ը։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել և ամենայն հավանականությամբ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։
«Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և դանակի հարված են ռուս զինծառայողների թիկունքից, որոնք կռվում են պրոֆաշիստական ուկրաինական ուժերի դեմ»,- ասել են նրանք։
Գերատեսչությունում նշել են նաև, որ ՌԴ ՊՆ-ի կողմից «Վագներ»-ին հասցված հարվածների մասին տարածված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և սադրանք են։
«Պրիգոժինի անունից սոցցանցերում տարածված բոլոր տեղեկությունները ՌԴ պաշտպանության նախարարության կողմից «Վագներ» ՊՄԿ-ի թիկունքի ստորաբաժանումների վրա իբր հասցված հրթիռային և ռմբակոծությունների մասին իրականությանը չեն համապատասխանում և տեղեկատվական սադրանք են», – ասվում է ԱԴԾ հանրային կապերի կենտրոնում:
Բացի այդ, «Վագներ»-ի մարտիկներին կոչ է արվել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։
«Մենք կոչ ենք անում «Վագներ»-ի մարտիկներին անուղղելի սխալներ թույլ չտալ, դադարեցնել ցանկացած ուժային գործողություններ ռուս ժողովրդի դեմ, չկատարել Պրիգոժինի հանցավոր և դավաճանական հրամանները և միջոցներ ձեռնարկել նրան կալանավորելու համար», – ասվում է ԱԴԾ-ում:
Նրանք հավելել են, որ ռուսական բանակը շարունակում է մարտական առաջադրանքներ իրականացնել Ուկրաինայի զինված ուժերի հետ շփման գծում՝ հատուկ ռազմական գործողության գոտում։