Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 17-ին, շարունակվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նիստը նախագահում էր դատավոր Աշխեն Ղարսլյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում պատասխանող կողմի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը և Ամրամ Մակինյանը միջնորդեցին գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող 3-րդ անձ ներգրավել «Արարատբանկ» ընկերությանը, որից հայցվոր կողմը պահանջում էր բռնագանձել բանկում Սերժ Սարգսյանին և Ռիտա Սարգսյանին պատկանող ավանդային հաշիվները։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը հայտնեց, որ հայցվոր կողմը դեմ է բանկից որպես 3-րդ անձ ներգրավելուն, սակայն դեմ չէ, եթե բանկը ծանուցվի։ Վահագն Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ընթացակարգային առումով ինչ տարբերություն կա՝ բանկը ծանուցվելու է, թե ներգրավվելու է գործով որպես 3-րդ անձ։
«Այդ առևտրային բանկի իրավունքներին և շահերին առնչվող որևէ հանգամանքը գործում չեմ տեսնում։ Ծանուցումից հետո, եթե առևտրային բանկը իր դիրքորոշումը ներկայացնի, հիմնավորումներ այն մասին, որ գործն առնչվում է բանկի շահերին, ապա այդ դեպքում գուցե Ձեր ներկայացրած միջնորդությանը դեմ չլինենք, պարոն Գրիգորյան»,-ասաց Ենոքյանը։
Փաստաբան Ամրամ Մակինյանը հիշեցրեց՝ հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ դատախազության միջնորդության մեջ նշվում է, որ բռնագանձվելու է ոչ թե ավանդի գումարը, այլ հենց ավանդը․ «Եթե հիպոթետիկ ընդունենք, որ դատարանը բավարարում է Ձեր պահանջը, Հայաստանի Հանրապետության անվամբ է «գրանցվում» ավանդը, ապա ՀՀ-ն չի դառնո՞ւմ ավանդային պայմանագրի կողմ․ մյուս կողմում էլ «Արարատ» բանկն է։ Արդյո՞ք այս պայմաններում «Արարատ» բանկի համար իրավունքներ և պարտականություններ չեն առաջանում»։
Ենոքյանը պնդեց՝ իրավունքներ և պարտականություններ պետության և բանկի միջև առաջանալու են, սակայն դա չի ազդելու բանկի՝ նշված ավանդային պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեության վրա։ Հայցվորը կարծում է, որ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը պետք է ներկայացնի հենց բանկը՝ ծանուցվելուց հետո․ «Միգուցե առևտրային բանկին ընդհանրապես հետաքրքիր չէ, թե ով կլինի ավանդի հասցեատերը»։
Վահագն Գրիգորյանը նկատեց, որ հայցվոր կողմի ներկայացրած դիրքորոշումը հակասում է այլ գործերով դատարանի կողմից ընդունված դատական ակտերին։ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի և նրա կնոջ` Արմինե Հարությունյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի և դրամական միջոցների բռնագանձման մասին Գլխավոր դատախազության հայցադիմումի քննարկման ժամանակ պատասխանողների ներկայացուցիչները նման միջնորդություն էին ներկայացրել, որը դատարանը, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, բավարարել էր։
«Մեզ անհասկանալի է, թե ինչու այլ գործով իրավասու մարմինը գոնե ծանուցելու խնդիր ի սկզբանե չի տեսել, իսկ այլ գործերով այսպիսի դիրքորոշում է դրսևորում։ Ինչքան էլ քաղաքացիական դատավարության կողմերը կիրառելի լինեն գործի մրցակցության և իրավահավասարության սկզբունքը, մենք շարունակում ենք պնդել, որ իրավասու մարմինը փաստաբանի կամ քաղաքացու դիրքորոշում կամ մոտեցում իրավունք չունի որդեգրել։ Իրավասու մարմնի դիրքորոշումը պետք է լինի միասնական»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ 3-րդ անձի ներգրավումը միայն 3-րդ անձի խնդիրը չէ, նաև պատասխանողների խնդիրն է, քանի որ կարող են իրենց մոտ էլ հարցեր առաջանալ։
Թե՛ հայցվոր, թե՛ պատասխանող կողմը շուրջ 30 րոպե տևած քննարկման ժամանակ և դրա արդյունքում մնացին նույն կարծիքին։ Դատարանը նպատակահարմար չգտավ նախնական դատական նիստում այլ դատավարական գործողությունների իրականացումը։
Դատավորը նշեց, որ առանձին ակտի ձևով որոշում կկայացնի 3-րդ անձ ներգրավելու պատասխանողների դիմումի վերաբերյալ։
Դատական նիստը հետաձգվեց։
————————————————————————————————
Հիշեցնենք, որ դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել 2018թ․ փետրվարի 9-ին «Արարատ բանկ» ընկերությունում ներդրված 107 մլն 998 հազար 657 դրամ ավանդը, իսկ անհնարինության դեպքում՝ համարժեք դրամական միջոցները, ավանդային հաշվին առկա գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսները։
Նույն բանկում ներդրված ավանդի կուտակած 44 միլիոն 280 հազար 352 դրամի չափով տոկոսները։ 2022թ․ ապրիլի 11-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Արարատ բանկ» ընկերության հաշվին առկա 44 միլիոն 280 հազար 352 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։
Բացի այդ, հայցվորը պահանջում է Ռիտա Սարգսյանի ժառանգ Սաթենիկ Սարգսյանից, օրենքի իմաստով, որպես Սերժ Սարգսյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Ռիտա Սարգսյանի անվամբ 2018 թվականի փետրվարի 12-ին «Արարատբանկ» ընկերությունում ներդրված օրենքի իմաստով՝ Սերժ Սարգսյանին պատկանող և Սաթենիկ Սարգսյանին ժառանգությամբ փոխանցված 95 մլն դրամի ավանդը, իսկ անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ։ Սաթենիկ Սարգսյանի՝ բարեխիղճ ձեռքբերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։
2021թ․ մայիսի 12-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Արարատբանկ» ընկերությունում նշված ավանդային հաշվին առկա 95 մլն դրամ գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները, անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ, իսկ բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։ Ռիտա Սարգսյանի անվամբ 2018թ․ փետրվարի 12-ին «Արարատբանկ» ընկերությունում ներդրված, օրենքի իմաստով՝ Սերժ Սարգսյանին պատկանող և ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված ավանդի նկատմամբ կուտակված 30 մլն 435 հազար 975 դրամի չափով տոկոսները, անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ։ Վճռի փաստացի կատարման օրը «Արարատբանկ» ընկերության համապատասխան հաշվում առկա 30 մլն 435 հազար 975 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ, անհնարինության դեպքում՝ բռնագանձել համարժեք դրամական միջոցներ Սաթենիկ Սարգսյանից, իսկ բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։
Պահանջվում է Սաթենիկ Սարգսյանից, որպես օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Երևանի Տերյան փողոց, 66 շենքի 64-րդ բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ Սերժ Սարգսյանից բռնագանձել գույքի շուկայական արժեքը՝ 260 մլն 900 հազար դրամ, Երևանի Տերյան փողոց, 66 շենքի 39 հասցեի ավտոկանգառը, անհնարինության դեպքում՝ 10 մլն 660 հազար դրամ, Երևանի Տերյան փողոց, 66 շենքի թիվ 39-րդ ավտոկայանատեղին (խմբ․ 2 ավտոկայանատեղիներն էլ ունեն 39-րդ համարը), իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել շուկայական արժեքը՝ 10 մլն 660 հազար դրամ։
Հայցադիմումով առաջարկվում է Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 165 մլն 854 հազար 249 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ՝ բռնագանձումը տարածելով նաև համատեղ կյանքի ընթացքում Ռիտա Սարգսյանի անվամբ առևտրային բանկերում առկա, ինչպես նաև ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված դրամական միջոցների վրա։ Ինչպես նաև 186 մլն 584 հազար 328 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2021թթ․ ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ բռնագանձումը կրկին տարածելով համատեղ կյանքի ընթացքում Ռիտա Սարգսյանի անվամբ առևտրային բանկերում առկա, ինչպես նաև ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված դրամական միջոցների վրա։