Եվրոպական իրավունքի ամառային դպրոցը մեկնարկել է

Աղվերանում հուլիսի 8-ից մեկնարկել է Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամի, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամի կազմակերպած Եվրոպական իրավունքի ամառային դպրոցը:

Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամի և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ղեկավար Կարեն Զադոյանը դասընթացի ժամանակ նշեց, որ Եվրոպական իրավունքի վերաբերյալ ամառային դպրոցի գաղափարը դեռևս 2012 թվականին է եղել: Վերջինիս խոսքով՝ նոր սերնդի իրավաբանների կրթության գործում մեծ տեղ պետք է հատկացվի Եվրոպական իրավունքին:

Առաջին օրը մասնակիցների համար դասախոսել է ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա խոսեց Եվրոպական կառույցներում Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ համագործակցությունը հիմնական ուղղության մասին:

Արտաքին գործերի փոխնախարարն անդրադարձավ ԵՄ Ասոցացման պայմանագրին՝ նշելով, որ դրա վավերացումը Հայաստանին հնարավորություն կտա հեշտությամբ կիրառել եվրոպական օրենքներն ու նորմերը, ինչպես նաև ապահովել Հայաստանի անվտանգությունը:

Եվրոպական միության ձևավորման պատմական նախադրյալները, եվրոպական իրավունքի ձևավորումը, կառուցվածքը, աղբյուրներն ու սկզբունքները: Այս թեմաների վերաբերյալ դասախոսություն կարդաց գերմանացի փորձագետ Հայնց Վիլհելմ Շաումանը:

Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի մասնակիցները եվրոպական իրավունքի կառուցվածքի, աղբյուրների ու սկզբունքների վերաբերյալ խմբային գործնական աշխատանքներ կատարեցին: Կազմակերպիչները հոգացել են նաև սպորտային միջոցառումներ կազմակերպելու խնդիրը: Առաջին օրը մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին սեղանի թենիս մարզաձևում:

Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ինֆորմացիոն գործընկերը Իրավաբան.net-ն է:

 Իրավաբան. net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել