Ռուսաստանի իշխանությունները որոշել են անբարյացակամ երկրների հետ գազի դիմաց վճարումները վերածել ռուբլու՝ առևտուրն ապահովելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Պեսկովին այդ հարցը ուղղած լրագրողը ենթադրել է, որ այս որոշումը կայացվել է ոչ թե ինչ-որ մեկի քթին սեղմելու համար, այլ որպեսզի Ռուսաստանը չզրկվի գազի դիմաց ստացված դոլարից ու եվրոյից։ Պեսկովը համաձայնել է սրա հետ։
«Ի՞նչ է պատահել, մենք տեսնում ենք, որ պատմության մեջ ամենամեծ պատժամիջոցների բեռը այժմ ընկնում է Ռուսաստանի Դաշնության վրա: Եվ բացի այդ, ինչպես գիտեք, որ սառեցվել են մեր այն արտարժույթի պահուստները, որոնք այլ երկրներում էին»,- ասել է Պեսկովը:
Ըստ նրա՝ այս ամենն արագացնում է համաշխարհային պահուստային արժույթի էրոզիայի գործընթացը: Գնալով ավելի ու ավելի շատ երկրներ սկսում են կասկածել դոլարի և եվրոյի հուսալիությանը։
«Իհարկե, պահուստային արժույթների նկատմամբ այս աճող անվստահության ֆոնին նախագահը առաջ քաշեց այն գաղափարը, որ անհրաժեշտ է առաջին հերթին ռիսկերը հաշվի առնել, որպեսզի այլ երկրները նորից չփորձեն թալանել մեզ՝ խոսքը գազատարի մասին է»,- պարզաբանել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ գազի գնորդները դրա դիմաց վճարել են եվրոյով, և շարունակելու են վճարել։ Բայց միևնույն ժամանակ, վերջնական վճարը կգնա վաճառողին՝ «Գազպրոմին» ռուբլով՝ այդ ճարված եվրոյով գնելով ռուսական ռուբլի։
Վերջինս հույս է հայտնել, որ մոտ ապագայում նույն պրակտիկան կկիրառվի նաև ապրանքների նոր խմբերի վրա, և դա ավելի շատ տեղ կզբաղեցնի Ռուսաստանի արտաքին առևտրային հարաբերություններում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։