Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունի հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալված անձը

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածը սահմանում է ձերբակալված անձի իրավունքները, պարտականությունները, դրանց իրականացման պայմաններն ու երաշխիքները։

Ե՞րբ է ձերբակալված անձը ստանում մեղադրյալի համար նախատեսված բոլոր վերաբերելի իրավունքները և պարտականությունները:

Ձերբակալման որոշումն ստանալու պահից, իսկ եթե օրենքով սահմանված ժամկետում այն չի հանձնվել, ապա իրեն ազատությունից փաստացի զրկելուց հետո 6 ժամը լրանալուց սկսած՝ անձը ստանում է մեղադրյալի համար նախատեսված բոլոր վերաբերելի իրավունքները և պարտականությունները։

Մինչև այդ պահը ինչ իրավունքներ ունի ձերբակալված անձը

Ձերբակալված անձը իրավունք ունի՝

  • իմանալու իրեն ազատությունից զրկելու պատճառը,
  • պահպանելու լռություն,
  • իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին,
  • հաղորդակցվելու և տեսակցելու փաստաբանի հետ,
  • իր պահանջով ենթարկվելու բժշկական զննման։

Այս իրավունքները ծագում են այն պահից, երբ անձը մուտք է գործում հետաքննության մարմնի կամ վարույթն իրականացնող մարմնի վարչական շենք, բայց ոչ ուշ, քան ազատությունից փաստացի զրկվելուց հետո 3 ժամը լրանալուց։

Ի՞նչ պարտականություններ ունի ձերբակալված անձը մինչև մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելը

Ձերբակալված անձը պարտավոր է՝

  • ենթարկվել ձերբակալումն իրականացնող անձի, հետաքննության մարմնի և վարույթն իրականացնող մարմնի կարգադրություններին,
  • ենթարկվել անձնական խուզարկության,
  • ենթարկվել բժշկական զննման, մատնադրոշմման, լուսանկարվելու, ինչպես նաև փորձաքննության համար նմուշներ հանձնելու։

Ինչպե՞ս են ապահովվում ձերբակալվածի իրավունքները

  • Ձերբակալումն իրականացնող անձը պարտավոր է անմիջապես պարզաբանել ձերբակալվածին՝ նրան ազատությունից զրկելու պատճառը, ինչպես նաև նրա իրավունքները և պարտականությունները։
  • Հետաքննության մարմինը կամ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է՝
    • անմիջապես տրամադրել ձերբակալվածին իր ստորագրությամբ իրավունքների և պարտականությունների ցանկը,
    • ապահովել, որ նրա ընտրած անձը տեղեկացվի գտնվելու վայրի մասին,
    • փաստաբան հրավիրել և չխոչընդոտել փաստաբանի հաղորդակցվելը ձերբակալվածի հետ,
    • պահանջի դեպքում կազմակերպել բժշկական զննում։

Կարո՞ղ են սահմանված իրավունքները հետաձգվել

Այո։ Ձերբակալվածի՝ իր ընտրած անձին տեղեկացնելու իրավունքը կարող է հետաձգվել առավելագույնը 12 ժամով, եթե առկա են հիմնավոր պատճառներ, որ դրա անհապաղ իրականացումը կխոչընդոտի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կանխմանը, խափանմանը կամ հանգեցնի ապացույցների ոչնչացման կամ վնասման։

Այդ մասին ձերբակալվածին անհապաղ գրավոր ծանուցում են, ինչպես նաև կազմվում է առանձին որոշում՝ նշելով հետաձգման պատճառները։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել