Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինան դեռ պատասխան չի ստացել Ռուսաստանից Ստամբուլում կայացած բանակցություններում հնչած իր առաջարկների վերաբերյալ։ Այս մասին Կուլեբան ասել է Լեհաստան կատարած այցի ժամանակ կայացած ճեպազրույցում։ Տեղեկանում ենք Украинская правда-ից:
«Ոչ, Ստամբուլում հնչած առաջարկների վերաբերյալ մենք դեռ ամբողջական պատասխաններ չենք ստացել: Մենք տեսնում ենք որոշակի հրապարակային մեկնաբանություններ, որոնք հնչում են ռուս պաշտոնյաներից, բայց մենք սպասում ենք Ռուսաստանի կողմից լիարժեք պաշտոնական պատասխանի»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ այս պատասխանից պարզ կդառնա՝ Ռուսաստանը շարունակում է խոսել վերջնագրերի լեզվով, թե վերջապես անցել է օրակարգի կառուցողական քննարկմանը և փոխընդունելի լուծումների որոնմանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։