Ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին զգալի առաջընթաց է անվանել բանակցությունների երկրորդ փուլի արդյունքներով ուկրաինական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են բնակչության համար մարդասիրական միջանցքների շուրջ։

«Գլխավոր խնդիրը, որ այսօր լուծվեց, մարդկանց, խաղաղ բնակիչների փրկության խնդիրն է, որոնք հայտնվել են մարտական ​​բախումների գոտում, ուստի կողմերը՝ ՌԴ ՊՆ-ի, Ուկրաինայի ՊՆ-ի ներկայացուցիչները պայմանավորվել են ռեժիմի ձևաչափի մասին՝ խաղաղ բնակչության ելքի համար մարդասիրական միջանցքների պահպանման, խաղաղ բնակչության ելքի ժամանակահատվածում հումանիտար միջանցքի հատվածում ռազմական գործողությունների հնարավոր ժամանակավոր դադարեցման մասին։ Կարծում եմ, որ դա նշանակալի առաջընթաց է»,- ասել է ռուսական պատվիրակության ղեկավարը լրագրողների հետ զրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Մեդինսկին նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հարցերի երեք բլոկ՝ ռազմական, միջազգային հումանիտար և հակամարտության ապագա քաղաքական կարգավորման հարցը։

«Դիրքորոշումները միանգամայն հստակ են, դրանք կետ առ կետ գրված են, մի քանիսի համար մեզ հաջողվեց փոխըմբռնման գալ: Ռուսաստանի Դաշնությունը ևս մեկ անգամ կոչ է անում այս իրավիճակում հայտնված խաղաղ բնակիչներին, եթե ռազմական գործողությունները շարունակվեն, օգտվել այդ հումանիտար միջանցքներից կամ անել հնարավորը ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- եզրափակել է Մեդինսկին։

Նշենք, որ փետրվարի 28-ին Գոմելի մարզում կայացել են ռուս-ուկրաինական առաջին բանակցությունները, հանդիպումը տևել է հինգ ժամ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նա հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է ուկրաինական կողմի հետ բանակցել այնքան ժամանակ, որքան կպահանջվի պայմանավորվածությունների հասնելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել