Գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության, մեր միջնորդություններն անտեսվել են․ «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյան

Սահմանադրական դատարանի դատավորների հարցուպատասխանից, ինչպես նաև արձանագրված որոշ փաստերից ելնելով անհանգստություն է առաջացել այն մասով, որ գործը պատշաճ նախապատրաստված չէ դատաքննության։

Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ բացատրություններով հանդես գալու ժամանակ ասաց «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը։

««Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ դիմումների և գործը դատաքննության պատրաստելու ժամանակ ձեռք բերված փաստաթղթերի պատճեները կողմերին են ուղարկվում նիստից առնվազն 5 օր առաջ և նաև դատավորներին են ուղարկվում։ Այս առումով պետք է տեղեկացնեմ, որ առ այսօր «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը չի ստացել մյուս երեք դիմողների դիմումները, մեկ գործի շրջանակում է քննարկվում, մենք չունենք այդ դիմումները, նիստից մեկ օր առաջ մեզ տրամադրվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 692 թերթից բաղկացած փաստաթղթերը և 3-րդ անձի՝ 54 թերթից բաղկացած դիրքորոշումը։

Առ այսօր «Զարթոնքը» չի ստացել ԿԸՀ-ի դիրքորոշումը։ Սա ուղղակի ի գիտություն ՍԴ-ին։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտեց, որ դիմումների մասով կճշտեն, կասեն։

Արա Զոհրաբյանը նաև հայտնեց, որ չեն քննարկվել և քվեարկության չեն դրվել կուսակցության միջնորդությունները։ «Մենք մեր դիմումի տեքստում 5 միջնորդություն էինք նշել, առ այսօր մենք չունենք որևէ որոշում։ Մինչդեռ, մենք արձանագրել ենք, որ ՍԴ-ն աշխատակարգային որոշումներով անդրադարձել է այլ դիմողների միջնորդություններին։ Մեր միջնորդություններն անտեսվել են։ Դրանք ուղղված էին պետական մարմիններից որոշակի տեղեկություններ պահանջելուն և հատուկ էինք դիմումի հետ ներկայացրել, որպեսզի այդ ժամանակը տնտեսեինք։ Արդեն 6 օր է անցել, բայց մենք ՍԴ-ի դիրքորոշումն այդ մասով չունենք»,-ասաց նա։

Հավելենք, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեկան կուսակցությունն առանձնացրել է Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների՝ ազատության և հավասարության խախտումները, ընտրողների կամքի ազատ ձևավորման և արտահայտման վրա էական ազդեցություն գործադրելը, քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրողներին ուղղորդելը և նրանց կուտակումները, պետական գործառույթների և կուսակցական շահերի միահյուսումը և այլն:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել