Փաստերի ստուգման հարթակը (Fip.am) նորից խեղաթյուրում է փաստերը, անհիմն անվանարկում Iravaban.net-ի անունը

Փաստերի ստուգման հարթակը՝ Fip.am-ը մայիսի 11-ին, 19։04-ին «Ինչ է ասել Լավրովը ականապատ դաշտերի քարտեզի վերադարձի մասին. Iravaban.net-ը սխալ է ներկայացրել» վերտառությամբ նյութ է հրապարակել:

Հարկ ենք համարում հայտնել, որ պնդումը չի համապատասխանում իրականությանը։

Մանրամասնենք․ մայիսի 11-ին Բաքվում մամուլի ասուլիսով են հանդես եկել Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը։ Ասուլիսի ժամանակ հարց է հնչել նաև, թե «Որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ ՝ Ռուսաստանն ի՞նչ ջանքեր է գործադրում ականապատ դաշտերի քարտեզներ ձեռք բերելու համար»։ Ինչին Լավրովը պատասխանել է․

«Мы за то, чтобы все вопросы, имеющие гуманитарное значение (от необезвреженных мин гибнут люди), решались максимально оперативно и без каких-либо предварительных условий: возвращение военнопленных и тел погибших, прояснение судьбы пропавших без вести и урегулирование проблем, связанных с «материальными» остатками войны, в данном случае мин»․

/ «Մենք կողմ ենք, որ մարդասիրական նշանակության բոլոր հարցերը (մարդիկ մահանում են չմաքրված ականներից) լուծվեն հնարավորինս արագ և առանց որևէ նախապայմանների. ռազմագերիների և զոհվածների մարմինների վերադարձ, անհայտ կորածների ճակատագրի պարզում և պատերազմի «նյութական» մնացորդների հետ կապված խնդիրների լուծումը, այս դեպքում ՝ ականները»։

Լավրովը նաև հավելել է․ «5-6 мая с.г. в Ереване обсуждали этот вопрос. Мне показалось, что у армянского руководства есть понимание необходимости решать эту проблему. Первые предварительные шаги на этом направлении были сделаны. Я о них проинформировал руководство Азербайджана. Рассчитываем, что этот процесс будет существенно ускорен и позволит полностью решить эту проблему»: / «Ս․թ մայիսի 5-6-ին այս հարցը քննարկվել է Երևանում: Ինձ թվում է, որ Հայաստանի ղեկավարությունը հասկանում է այս խնդիրը լուծելու անհրաժեշտությունը: Այս ուղղությամբ առաջին նախնական քայլերը կատարվել են: Դրանց մասին ես տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը: Հուսով ենք, որ այս գործընթացը զգալիորեն կարագանա և ամբողջովին կլուծի այս խնդիրը»:

Սրանից հետևում է, որ մեր նախորդ հրապարկման մեջ նշվածը՝ թե «Լավրովի խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է ականապատ դաշտերի քարտեզը հանձնել Բաքվին», համապատասխանում է իրականությանը։ Նորից առավել մանրամասնենք՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ իր կարծիքով Հայաստանի ղեկավարությունը հասկանում է այս խնդիրը լուծելու անհրաժեշտությունը: Այս ուղղությամբ առաջին նախնական քայլերը կատարվել են։ Այս ամենից հետևում է, որ թե՛ վերնագիրը, թե՛ նյութում առկա տեքստը համապատասխանում են իրականությանը։

Միաժամանակ նշենք, որ Iravaban.net-ը չի պնդում, թե հայկական կողմը կտրամադրի այդ քարտեզները․ մենք հրապարակել ենք բացառապես Սերգեյ Լավրովի եզրակացությունը, ում անունը նշվում է հենց նյութի վերնագրում։

 

Այս ամենը հրապարակված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում, որի նշված հատվածը ներկայացնում ենք նաև լուսանկարով։

Iravaban.net-ը Fip.am-ի գործընկերներին կոչ է անում՝ հաջորդ անգամ նման նյութեր հրապարակելիս նորից ու նորից ստուգել նյութի իսկությունը՝ այլ լրատվամիջոցի «սխալ» ներկայացնելուց առաջ, զերծ մնալ մանիպուլյացիաներից։

Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսին էլ Fip.am-ը մեկ այլ թեմայի վերաբերյալ նյութ հրապարակեց՝ ««Մանիպուլյացիա «Իրավաբան.net» կայքում» վերնագրով։ Խոսքը վերաբերում էր Իրավաբան.net-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման համար հայտարարված մրցույթը անցկացվել է խախտումներով․ արդյունքները չորս ՀԿ-ների մասով ոչ օրինական են» նյութին:

Այդ ժամանակ ևս՝ ի պատասխան փաստերի ստուգման հարթակի մանիպուլյատիվ պնդումների՝ ներկայացրինք մեր հիմնավոր հակափաստարկները։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել