Փաստեր, այլ ոչ՝ մանիպուլյացիաներ. Իրավաբան.net-ի արձագանքը՝ Փաստերի ստուգման հարթակի մանիպուլյացիոն անդրադարձին

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ՀՀ օրենսդրության խախտմամբ ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Փաստերի ստուգման հարթակը՝ fip.am-ը օգոստոսի 6-ին «Մանիպուլյացիա «Իրավաբան.net» կայքում» վերնագրով նյութ է հրապարակել, որով անդրադարձել է «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ՀԿ-ների ներգրավման համար հայտարարված մրցույթը անցկացվել է խախտումներով․ արդյունքները չորս ՀԿ-ների մասով ոչ օրինական են» նյութին:

Իրավաբան.net-ը իր հեղինակած վերոնշյալ նյութում անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով հայտարարված մրցույթին ու դրանում առկա իրավական խախտումներին: Հիշեցման կարգով նշենք, որ հիշյալ մրցույթի կազմակերպումը բացառապես իրավական գործընթաց է և պետք է կազմակերպվեր վարչապետի որոշման համաձայն:

Անդրադառնալով Fip.am-ի արձագանքին, հայտնում ենք, որ թեպետ ենթադրվում էր, որ նյութում պետք է ներկայացվեին փաստերի ստուգում, սակայն դրանում ոչ միայն ներառված չէ որևէ փաստ, այլև՝ նյութն ինքնին խիստ սուբյեկտիվ, միակողմանի, մանիպուլյատիվ և իրավական հարթությունից դուրս է: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ նյութի հիմնական առանցքը «մանիպուլյատիվ» եզրույթի հաճախակի օգտագործումն է: Այսպես.

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ 1. Fip.am-ը նշում է, որ Իրավաբան.net-ը մրցույթի ժամկետների խախտման մասին գրելիս հաշվի չի առել այն, որ. «Հուլիսի 10-ին խոշոր էներգետիկ վթար էր տեղի ունեցել, ինչի արդյունքում Հայաստանի մի շարք մարզերում և, մասնավորապես, Երևանում հոսանքազրկումներ և հոսանքի տատանումներ են տեղի ունեցել՝ խաթարելով բազմաթիվ կառույցների բնականոն աշխատանքը: Չնայած ՀՀ արդարադատության նախարարությունը մրցույթի՝ մեկ օրով հետաձգման հայտարարության մեջ հստակ պատճառ չէր ներկայացրել, սակայն FIP.am-ին տրված պարզաբանման մեջ նշվել է, որ հիմնական խնդիրը եղել է էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարը, ինչի արդյունքում որոշում է կայացվել ընդամենը մեկ օրով հետաձգել մրցույթի ժամկետը՝ հնարավորություն տալով ՀԿ ոլորտի ներկայացուցիչներին»։

ՓԱՍՏ 1. Հարկ է նշել, որ վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգի 3-րդ մասի (ՀԿ-ների՝ խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով հայտեր ներկայացնելը) 5-րդ կետի համաձայն Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են նախարարություն՝ հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած 10 օրվա ընթացքում: Ըստ հիշյալ կարգի՝ հենց այսքան է նախատեսված է մրցույթի անցկացման համար: Այս կարգով նախատեսված չէ մրցույթի ժամկետը երկարացնելու վերաբերյալ որևէ դրույթ, անկախ որևէ տեսակ էներգետիկ վթարների, և որևէ նշանակություն չունի՝ «ընդամենը» մեկ, թե տասն օրով է հետաձգվել մրցույթը: Հիշեցնում ենք, որ մրցույթի անցկացումը դա բացառապես իրավական գործընթաց է, և այն կարգավորվում և կազմակերպվում է իրավական ակտերի պահանջների հիման վրա: Հետևապես, անհիմն և մանիպուլյատիվ է այն պնդումը, որ իրավական պետության ՀՀ գործադիր իշխանության մաս հանդիսացող կառույցը, թեկուզև ամենահիմնավոր պատճառաբանության պարագայում, իրավունք ունի խախտել ՀՀ օրենսդրության պահանջները, կամ էլ թե՝ այդ նույն հիմքով թույլ տրված խախտումը արդարացնել:

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ 2. Fip.am-ը նշում է. ««Իրավաբան.net»-ի հրապարակման մեջ մանիպուլյացիա է առկա նաև մրցույթի ավարտի, արդյունքների արձանագրության կազմման և խորհրդի գործունեության վերաբերյալ։ Այսպես, հոդվածագիրը պնդում է, որ «եթե մրցույթը ավարտված է համարվում հուլիսի 11-ին, ժամը 18:00-ին (ՀՀ արդարադատության նախարարության աշխատանքային ժամերի ավարտը), ապա ինչպե՞ս է դիտարկվել և դրական եզրակացություն տրվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայտին, եթե այն ուղարկվել էր հուլիսի 11-ին, ժամը 18:13-ին: Իսկ եթե մրցույթի ավարտը համարվում է հուլիսի 11-ի 23:59-ը, ապա ե՞րբ են քննարկվել և ամփոփվել մրցույթի արդյունքները, եթե կազմված արձանագրությունը ևս հուլիսի 11-ին է կազմվել»: FIP.am-ին ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ իրենց կողմից տարածված հայտարարության մեջ սահմանված է եղել միայն մրցույթի ավարտի օրը և ոչ ժամը, հետևաբար վերջնաժամկետ է համարվել հուլիսի 11-ի 23:59-ը։

ՀՀ վարչապետի 808-Ն որոշումը և վերջինիս կից հավելվածը որևէ կերպ չեն սահմանել այդ արձանագրության կազման ժամկետը»։

ՓԱՍՏ 2. Նյութում հեղինակը ոչ թե պնդում, այլ հարց է բարձրացնում մրցույթի ավարտի ժամի անհստակության վերաբերյալ: Երկրորդ՝ վարչապետի որոշմամբ հաստատված՝ Խորհրդի կազմում ներգրավվող ՀԿ-ների մրցույթի և ռոտացիայի կարգի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, մրցույթի անցկացման մասին հայտարարելիս պետք է նշել հայտերի ընդունման օրերը և ժամերը, ինչը չի արվել, որն էլ ինքնին մրցույթի անցկացման կարգի խախտում է:  Այսինքն, Fip.am-ը իրավակա՞ն է համարում արդարադատության նախարարության այն գործեալոճը, որը անհստակ է, լուրջ հարցեր է հարուցում, ինչպես նաև՝ պարունակում է իրավական խախտումներ: Իսկ արդյո՞ք Fip.am-ը չի դիմում մանիպուլյացիայի՝ ներկայացնելով վարչապետի որոշմամբ և հավելվածով արձանագրության կազման համար ժամ չնախատեսելու կարգավորումը: Ավելին, իրավական տեսանկյունից արձանագրության համար ժամ սահմանելու անհրաժեշտություն էլ չկա, դա իրավասու մարմնի որոշելու հարցն է: Ժամը սահմանելու իմպերատիվ պահանջը բացառապես վերաբերվում է հայտերի ընդունմանը, որը նպատակ է հետապնդում իրավակիրառողի կողմից այս գործընթացում բացառելու ցանկացած կամայականություն և հայեցողություն, սահմանելով բոլորի համար «խաղի նույն կանոններ»:

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ 3. Fip.am-ը նշում է. «Ինչ վերաբերում է ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի՝ հանրությունից փակ անցկացվելու մասին պնդմանը, ապա այստեղ ևս առկա է մանիպուլյացիա, քանի որ ըստ ընթացակարգի՝ նիստերի ուղիղ հեռարձակման պահանջ կամ ԶԼՄ-ներին նիստի լուսաբանման համար հրավեր ուղարկվելու պարտադիր կարգ նախատեսված չէ: Մինչդեռ նիստը, ընթացակարգի համաձայն, լուսաբանվել է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության կողմից, իսկ լրատվադաշտում նիստի անցկացման օրվա մասին հրապարակումներ եղել են։ Օրինակ, «Ազատություն» ռադիոկայանը նիստի անցկացման մասին հանրությանը ծանուցել է հուլիսի 10-ին, իսկ անդրանիկ նիստը լուսաբանել է հուլիսի 12-ին»։

ՓԱՍՏ 3. Իրավաբան.net ոչ թե մանիպուլյացիա է արել՝ նշելով, թե Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստերը թափանցիկ չեն կամ պարտադիր պետք է ուղիղ հեռարձակվեն, այլ արձանագրել է այն փաստը,  թե ինչ կարգ է նախատեսված նիստերի անկացման համար: Որպես օրինակ, կարող ենք նշել նաև այն, որ կառավարության նիստերը ուղիղ եթեր ապահովելու համար ևս պարտադիր ոչ մի կարգ նախատեսված չի եղել շուրջ մեկ տարի, սակայն հանրությունը այդ ժամանակահատվածում հնարավորություն է ունեցել ուղիղ հեռարձակմամբ հետևել նիստերին, իսկ ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են այն: Այսպես, հեղափոխությունից հետո 2019 թվականի մայիսի 8-ին «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ ՀՕ-31-Ն օրենքով փոփոխություն նախատեսվեց Կառավարության նիստերի լուսաբանման կարգում, և սահմանվեց, որ Կառավարության նիստերը դռնբաց են, բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի։ Նշենք նաև, որ մինչև հիշյալ օրենսդրական փոփոխության կատարումը, նախկին իրավակարգավորումներով թեպետ կառավարության նիստերի անցկացումը սահմանված էր դռնփակ, բայց այդուհանդերձ, չնայած այդ իրավակարգավորմանը, մինչև օրենսդրական փոփոխության փաստացի կատարումը, կառավարությունը հանրության համար նույնպես ապահովում էր նիստերի ուղիղ հեռարձակումը: Այսինքն, Իրավաբան.net-ը իր նյութում իրավացիորեն հղում անելով այս իրավակարգավորմանը, հարց է բարձրացրել, թե՝ ինչու կառավարության նիստերը դռնբաց անելու նույն քաղաքականությունը չի որդեգրվել նաև խորհրդի գործունեության դեպքում: Այսպիսով, ևս մեկ անգամ հարց է առաջանում, արդյո՞ք Fip.am-ը այստեղ ևս չի դիմում մանիպուլյացիայի՝ իրենց կողմից հեղինակած նյութում ներկայացնելով թերի և միակողմանի տեղեկություններ:

Ավելին, եթե նյութի հեղինակը ուշադիր ընթերցեր Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կարգի 15-րդ կետը, ապա կտեսներ, որ դա հենց նույն իրավակարգավորումն է, ինչ ներկայումս կիրառվում է կառավարության նիստերի հրապարակայնության ապահովման դեպքում, ըստ որի խորհրդի գործունեությունը հրապարակային է, բացառությամբ խորհրդի նախագահի պատճառաբանված բանավոր որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի: Խորհուրդն ապահովում է իր աշխատանքների  լուսաբանումը: Իսկ հրապարակային եզրույթը այս դեպքում նույնպես, ինչպես կառավարության նիստերի լուսաբանման դեպքում, ենթադրում է խորհրդի նիստերի դռնբաց անցկացում` ԶԼՄ-ների համար, ուղիղ եթերի ապահովում` հանրության համար: Մինչդեռ խորհուրդը չի կատարել վերոնշյալ կարգով նախատեսված իր պարտականությունները, ավելին` ապահովել է իր նիստի (աշխատանքների) միակողմանի լուսաբանումը միայն, և հասարակությանն ու ԶԼՄ-ներին զրկել է հնարավորությունից տեղյակ լինել խորհրդի նիստում հնչած բոլոր տեսակետներին և կարծիքներին:

Ինչ վերաբերում է ««Ազատություն» ռադիոկայանի կողմից նիստի անցկացման մասին հանրությանը ծանուցելուն», հարց է առաջանում՝ արդյո՞ք այս լրատվամիջոցը հանդիսանում է հանրային կառույց, կամ պետք է ԶԼՄ-ները և հանրությունը հետևե՞ն այս լրատվամիջոցի ողջ լրահոսին՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի այս կամ այն նիստի կամ իրադարձության վերաբերյալ ծանուցում ստանալու համար: Եվ արդյո՞ք այդ ծանուցումները կրում են պաշտոնական բնույթ: Հավելենք նաև, որ «Ազատություն» ռադիոկայանը ոչ մի պարագայում չի կարող փոխարինել կառավարության լրատվական ծառայությանը:

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ 4. Fip.am-ը նշում է. «Նիստի վերաբերյալ հրապարակումներ են առկա բազմաթիվ ԶԼՄ-ներում։ Ընդ որում, լուսաբանումները և թափանցիկությունը չեն զիջել նախկին հակակոռուպցիոն խորհրդի (որին ի դեպ անդամակցել է նաև «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն) գործունեության թափանցիկությանը: 2018 թվականի հեղափոխությունից հետո առաջին անգամ ձևավորվող հակակոռուպցիոն այս խորհրդի անդամակցության մրցույթը, սակայն, «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ն որոշեց բոյկոտել»:

ՓԱՍՏ 4. «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ն չի բոյկոտել հակակոռուպցիոն այս խորհրդին անդամակցության մրցույթը: Մրցույթին չմասնակցելու վերաբերյալ հայտարարություն տարածել է ոչ թե ԻՀԱ կառույցն անհատապես, այլ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը, ի դեմս խորհրդին անդամակցող 13-ի կազմակերպությունների, որոնց թվում է նաև ԻՀԱ-ն: Կարծում ենք, որ Fip.am-ը լինելով փաստերի ստուգման հարթակ, պետք է իր առաքելության և նպատակներին համապատասխան կատարեր փաստերի ստուգում և հանրությանը ներկայացներ այն օբյեկտիվ իրողությունը, որով պայմանավորված Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և դրա կառավարման խորհրդի անդամները ոչ թե բոյկոտել են, այլ նպատակահարմար չեն գտել մասնակցել մրցույթին, միաժամանակ, անկախ խորհրդին անդամակցելու փաստից, հայտնել են իրենց պատրաստակամությունը այսուհետ նույնպես շարունակել աջակցել ՀՀ կառավարությանը՝ հակակոռուպցիոն քաղաքականությունների մշակման և բարելավման գործում` նպատակ ունենալով ապահովել կոռուպցիայից զերծ, ներդաշնակ, և երջանիկ հասարակության կառուցումը Հայաստանի Հանրապետությունում: 

Հավելենք նաև, որ Fip.am-ը նշում է. «Հ.Գ. Հավելենք, որ Փաստերի ստուգման հարթակը «Իրավաբան.net» լրատվական կայքի կողմից ներկայացված իրավական որակումների, մեկնաբանությունների վերաբերյալ ուսումնասիրություն չի կատարել և այս պահին զերծ կմնա նաև մրցույթի անցկացման իրավական կողմը փաստերի ստուգման տեսանկյունից մեկնաբանելուց»։

Իրավաբան.net-ն արձանագրում է փաստերը, այլ ոչ՝ մանիպուլյատիվ հնարքներով փորձում մանիպուլյացիա տարածել, ինչպես դա արել է fip.am-ը` օգոստոսի 6-ին «Մանիպուլյացիա «Իրավաբան.net» կայքում» վերնագրով հրապարակած նյութում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել