Ադրբեջանում շատ ցավոտ են ընդունել գերեվարվածների վերաբերյալ Ֆրանսիայի և Կանադայի հայտարարությունները

Ոչ Ֆրանսիան, ոչ Կանադան իրավունք չունեն խառնվել այլ պետության ներքին գործերին: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է պետական ​​հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Վերջերս ինձ տեղեկացրին, որ Կանադայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է անում Ադրբեջանի և մեր ներքին գործերի վերաբերյալ: Ո՞վ է նրանց տվել այդ իրավունքը: Ո՞վ է իրեն համարում Կանադան: Գուցե դա գերտերություն է, որի մասին մենք չգիտեինք: Թող զբաղվեն իրենց գործով: Մենք բազմիցս ֆրանսիական կողմին առարկություններ ենք հայտնել մեր ներքին գործերին միջամտելու վերաբերյալ: Թող իրենք իրենց գործն անեն», ասել է նախագահը:

Հիշեցնենք, որ Twitter-ում Ֆրանսիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական էջերում Ադրբեջանի կողմից 3 հայ ռազմագերիներին ազատ արձակումը գնահատվել է որպես դրական քայլ և կոչ է արվել ազատ արձակել բոլոր գերեվարված անձանց: Հայտարարությունը ցավոտ է ընդունվել Ադրբեջանում։

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել