Կառավարության ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ նշել են՝ դատական համակարգում խորքային խնդիրներ կան։ Այս խնդիրները գործադիրը փորձեց լուծել դատական համակարգի բարեփոխումների փաթեթով․ «Մենք հասնելու ենք նրան, որ ունենանք վստահելի դատական համակարգ»,-նշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Բարեփոխումների փաթեթի հիմնաքարային փոփոխություններից մեկը վերաբերում է դատավորների գործունեության գնահատմանը։ Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով և ուսումնական հարցերի հանձնաժողով:
Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երեքը` դատավոր անդամներ, երկուսը` իրավաբան գիտնականներ, իսկ ուսումնական հարցերի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որոնցից հինգը` դատավոր անդամներ, երկուսը` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այդ թվում իրավաբան գիտնականներ:
Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 22-ին ներկայացրեց դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ցանկը։
Մեր ուշադրությունը գրավեց թեկնածուներից Աշխեն Ղարսլյանը, որը առաջադրված է 2 հանձնաժողովներում։ Գնահատման հանձնաժողովում Ղարսլյանի թեկնածությունը առաջադրել են Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը։ Իսկ ուսումնական հարցերի հանձնաժողովում Աշխեն Ղարսլյանը ինքնառաջադրվել է։
Չնայած, որ թեկնածուի առաջադրումը ֆորմալ առումով չի խախտում օրենսդրությունը, սակայն այստեղ առկա է ակնհայտ շահերի բախում։ Ինչպե՞ս հանձնաժողովի ոչ դատավոր անդամը կարող է անկախ ու չկաշկանդված գնահատական տալ, երբ վերջինս 2019 թվականից առ այսօր աշխատում է Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնակատար, իսկ մինչ այդ` 2014-2019թթ․ եղել է Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականը։
Այսինքն, փաստացի, սերտ կապեր և փոխկապակցվածություն ունի դատական համակարգի հետ և հարցականի տակ է դրվում նրա անաչառությունը՝ դատավորների գնահատման և ուսումնական հարցերի գործընթացքում։ Բացի այդ, հանձնաժողովների կազմում արդեն իսկ իրավունք ունեն լինել «դատավորների շահերը ներկայացնողներ», 3 և 5 դատավորներ, որոնք ընդգրկվելու են համապատասխանաբար դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմերում։
Դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում իրավաբան գիտնականների նախատեսելը նպատակ ունի հաղթահարել երկու խոչընդոտ՝ դատավորների կորպորատիվիզմ և քաղաքականացում։ Ստացվում է, որ ունենք երկու խնդիր. մի կողմից՝ դատարանների անկախության եւ ինքնակառավարման ապահովում, մյուս կողմից՝ դատավորների կորպորատիվիզմի վտանգ: Այս երկուսը միասին լուծելու միակ ճանապարհը դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի այնպիսի հանձնաժողովների ստեղծումն է, որի անդամները հավասարակշռված համամասնությամբ են։ Սա նշանակում է, որ հանձնաժողովի անդամ դատավորները ոչ միայն չպետք է բացարձակ մեծամասնություն կազմեն, նրանց պետք է հակադրվի և հավասարակշռի քաղաքացիական հասարակության անդամների ներկայությունը։ Եվ այս առումով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, այդ թվում իրավաբան գիտնականները ոչ մի դեպքում չեն կարող լինել դատական համակարգի բարձրաստիճան պաշտոնյա:
Համանման կարգավորումներ են նախատեսված դատական խորհուրդների (օրինակ` ՀՀ-ի դեպքում բարձրագույն դատական խորհրդի) կազմավորման հիմքում:
Վերը նշված փաստարկները թույլ են տալիս եզրակացնելու, որ Աշխեն Ղարսլյանի թեկնածության առաջադրումը դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովների կազմերում ընդգրկվելու համար ոչ միայն արդարացված չէ, այլ նաև հակասում է անկախ, արդյունավետ և վստահելի դատական համակարգ ունենալուն ուղղված ներկայումս ՀՀ-ում իրականացվող դատական բարեփոխումների ոգուն և նպատակին:
- Հանձնաժողովը պետք է իմանա ու հասկանա դատավորների կարիքները․ Արտաշես Խալաթյան
- Դատավորը երբեք չպետք է մտածի, որ ինքը ինչ-որ մեկին ենթակա է․ Արսեն Թավադյանը՝ դատավորների գնահատման մասին
- Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորը ունի հնարավոր շահերի բախում և բարեխիղճ չէ նրա ներգրավումը դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կազմում
- Իրավապահ համակարգի նախկին ներկայացուցչի օժանադակությա՞մբ արդյոք պետք է ինքնամաքրվի դատական համակարգը
- Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նպատակը մեկն է․ նպաստել դատական համակարգի առողջացմանը․ Սյուզաննա Սողոմոնյան