Իրավապահ համակարգի նախկին ներկայացուցչի օժանադակությա՞մբ արդյոք պետք է ինքնամաքրվի դատական համակարգը

Դատական համակարգի բարեփոխումների փաթեթով դատավորների գնահատման նոր համակարգ պիտի գործի։ Կարգի համաձայն՝ դատավորների ընդհանուր ժողովը ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով և ուսումնական հարցերի հանձնաժողով:

Ուսումնական հարցերի հանձնաժողովը կազմված է յոթ անդամից, որոնցից հինգը` դատավոր անդամներ, երկուսը` դատավոր չհանդիսացող անդամներ: Դատավոր անդամներից մեկը ընտրվում է Վճռաբեկ դատարանի դատավորներից, երկուսը` վերաքննիչ դատարանների դատավորներից, երկուսը՝ առաջին ատյանի դատարանների դատավորներից:

Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ կարող է ընտրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն:

Իրավաբան․net-ի ուշադրությունը գրավեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի կողմից առաջադրված թեկնածուն, Գաբրիել Պետրոսյանը։  Նա ներկայացված է դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ցանկում։

Դատավորների ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ոչ դատավոր անդամների ներգրավումը նպատակ ունի ապահովել քաղաքացիական հասարակության ներագրավումը հանձնաժողովում` բացառելու համար դատական և գործադիր, այդ թվում իրավապահ մարմինների ներկա և նախկին իշխանությունների մասնակցությունը:

Դատական համակարգի բարեփոխումների այս փուլի հիմնական նպատակներից մեկը հանրային վստահության բարձրացումն է դատական իշխանության նկատմամբ:  Եվ այդ նպատակի ապահովման համար նախատեսվում է դատավորների ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ներագրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Կարծում ենք, որ Գաբրիել Պետրոսյանի առաջադրումը, որևէ կերպ չի կարող ապահովել դատավորների ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցչի ներգրավման նպատակը, քանի որ Գ. Պետրոսյանը 1997-2001թթ․-ին զբաղցերել է Երևանի դատախազության ավագ քննիչի պաշտոնը, 2001-2007թթ․՝ դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնը, 2007-2013թթ․՝ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը և ըստ իր ինքնակեսագրության, երբևէ իրեն չի դրսևորել, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։

Եթե նույնիսկ հաշվի չառնենք վերոնշյալ դիտարկումը, ապա արդյոք իր կարիերայի մեծ մասը իրավապահ համակարգում ծառայած անձը կարող է հանդես գալ, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ունենալ անկախ, պրոֆեսիոնալ, վստահելի դատական համակարգ կառուցելու տեսալական, որը դրված է դատական համակարգի բարեփոխումների այս ծրագրում։ Եվ վերջապես իրավապահ համակարգի նախկին ներկայացո՞ւչցի օժանդակությամբ արդյոք պետք է ինքնամաքրվի դատական համակարգը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել