Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորը ունի հնարավոր շահերի բախում և բարեխիղճ չէ նրա ներգրավումը դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կազմում

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 22-ին ներկայացրեց դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի  դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ցանկը։

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, որոնցից երեքը` դատավոր անդամներ, երկուսը` իրավաբան գիտնականներ: 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն առաջադրել է Անահիտ Մանասյանին։ Նշենք, որ վերջինս հանդիսանում է ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտորը։

Նշենք, որ Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ նախագահի կողմից հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակում՝ ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N 990-Ա որոշմամբ, 2013թ. մայիսի 2-ին «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:

Ակադեմիայի կառավարումն իրականացնում է Ակադեմիայի կառավարման խորհուրդը, որը  բաղկացած է յոթ անդամից, որի կազմում են`

1) արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալը,

2) երեք դատախազ, որոնց նշանակում է ՀՀ գլխավոր դատախազը,

3) երեք դատավոր, որոնց նշանակում է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ:

Այսինքն, արդարադատության ակադեմիան պետական ոչ առևտրային կազմակերպություն է, ոչ թե քաղաքացիական հասարակության։ Այս դեպքում արդյո՞ք կարող է ակադեմիայում ղեկավար պաշտոն զբաղեցնողներից մեկը դառնալ հանձնաժողովում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ։ 

Բացի այդ, առանց արդարադատության ակադեմիայում ուսանելու իրավաբանը չի կարող դառնալ դատավորի պաշտոնի հավակնորդ, քանի որ հենց ակադեմիան է կազմակերպում և անցկացնում որակավորման ստուգման արդյունքներով դատավորների թեկնածուների հավակնորդների մասնագիտական պատրաստումը, բացի այդ  արդարադատության ակադեմիան է իրականացնում գործող դատավորների վերապատրաստման ծրագրերը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի կողմից դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու առաջադրված Անահիտ Մանասյանը դասավանդում է արդարադատության ակադեմիայում, հետևաբար կարող է նաև անձնական կապեր ունենալ արդեն դատավոր նշանակված անձանցից շատերի հետ։ 

Ավելին արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանի համակարգման ներքո է գտնվում ակադեմիայի դատական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժինը, որը աշխատանքներ է իրականացնում հետևյալ ուղղություններով՝

  • դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստում,
  • դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստում,
  • վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված՝ իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձանց մասնագիտական պատրաստում,
  • դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստում,
  • դատավորների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցում:

Իսկ դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի հանձնաժողովները պետք է կատարաեն այն գործառույթները, որոնցից մի մասը իրականացնում է արդարադատության ակադեմիան։ 

Անդրադառնալով դատավորների գործունեության գնահատմանը, պետք է նշել որ դրա նպատակն է՝

1) առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը.

2) նպաստել դատավորների վերապատրաստման ուղղությունների ընտրությանը.

3) բացահայտել դատավորի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները.

4) նպաստել դատավորի ինքնակատարելագործմանը.

5) նպաստել դատարանի գործունեության արդյունավետության բարելավմանը:

Եվ այս ամենը փաստարկում են, որ արդարադատության ակադեմիայի պրոռեկտորը ունի հնարավոր շահերի բախում և բարեխիղճ չէ նրա ներգրավումը դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կազմում: Ավելին, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի աշխատանքի անաչառության վերաբերյալ լուրջ կասկածներ կարող են առաջանալ, քանի որ դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` իրավաբան գիտնականների նախատեսելը նպատակ ունի հաղթահարել երկու խոչընդոտ՝ դատավորների կորպորատիվիզմ և քաղաքականացում։ Ստացվում է, որ ունենք երկու խնդիր. մի կողմից՝ դատարանների անկախության եւ ինքնակառավարման ապահովում, մյուս կողմից՝ դատավորների կորպորատիվիզմի վտանգ: Այս երկուսը միասին լուծելու հիմնական ճանապարհը նաև դատավորների գործունեության գնահատման այնպիսի հանձնաժողովի ստեղծումն է, որի անդամները հավասարակշռված համամասնությամբ են։ Սա նշանակում է, որ հանձնաժողովի անդամ դատավորները ոչ միայն չպետք է բացարձակ մեծամասնություն կազմեն, նրանց պետք է հակադրվի և հավասարակշռի քաղաքացիական հասարակության անդամների ներկայությունը։ 

Եվ այս առումով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ` իրավաբան գիտնականը, տվյալ դեպքում ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, ակադեմիայում ունեցած իր աշխատանքային  կարգավիճակով պայմանավորված հնարավոր շահերի բախման իրավիճակից ելնելով, արդարացված չէ, որ լինի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի կազմում, իսկ արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի, որպես քաղհասարակության ներկայացուցչի կողմից դատավորների գնահատումը առնվազն բարեխիղճ չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել