Դավիթ Սանասարյանից գումար շորթելու մասին հրապարակման առթիվ քրեական գործ է հարուցվել

Պետական վերահսկողության ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝  ՔՕ 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Դատախազությունը քրեադատավարական կարգով ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ուղարկել լրատվամիջոցներում հրապարակված «Սանասարյանը երեխայի ծնողներին մեղադրում է շանտաժի մեջ» վերտառությամբ հրապարակումը: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ, Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,-ասաց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ըստ հրապարակման՝ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 12-ին վրաերթի է ենթարկել անչափահաս Ա.Ղ.-ին, որի մայրը հեռախոսազրույցի ընթացքում Դավիթ Սանասարյանից պահանջել է գումար՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհայտնի լրատվամիջոցներին:

Այս մասին հայտարարություն է արել նաև Դավիթ Սանասարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել