Հայրը 3-ամյա երեխային մոր մոտից հեռացրել է. Աննան շուրջ 1 ամիս է՝ իր երեխային չի կարողանում անկաշկանդ տեսնել

«Ես չէի ուզում, որ հոր և երեխայի միջև այդ կապը ընդհատվի: Չնայած որոշ հանգամանքների՝ իմ շահերը ստորադասեցի երեխայի շահերին և որոշեցի, որ հայր և երեխա պետք է շփվեն անպայման, որովհետև տղա երեխա է, կյանքում հարցեր կան շատ»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմում է Աննա Հոխիկյանը, ով շուրջ մեկ տարի համատեղ կյանքից հետո ստիպված է եղել մանկահասակ երեխայի հետ հեռանալ հայրական տուն:

«Ես  ավելի ինքնուրույն էի: Օրինակ, չէի հարցնում, թե ճաշի մեջ ինչ լցնեմ եփելուց. դա պրոբլեմ էր». Աննա

Աննան իր ամուսնուց՝ Գևորգից բաժանվել է ամուսնությունից մոտ 1 տարի անց: Երեխայի մեկ տարեկանը լրացած չի եղել, երբ վերադարձել է հայրական տուն՝ Գեղարքունիքի մարզի Երանոս համայնք: Ամուսինը բնակվում է մարզի Վերին Գետաշեն գյուղում:

Կնոջ խոսքով, նրանց ամուսնական կարճ կյանքի ընթացքում ամուսնու կողմից արժանապատիվ վերաբերմունքի չի արժանացել. «Գիշերը մի քանի ժամով էր տուն գալիս, ինձ դավաճանում էր,  իմ խնդիրը, իմ ունեցած պրոբլեմը իրեն բոլորովին չէր վերաբերում, դրան գումարած՝ իր ընտանիքը ինձ չէր ընդունում»:

Հարցին, թե ինչու ամուսնու ընտանիքը իրեն չէր ընդունում, պատասխանում է. «Ես  ավելի ինքնուրույն էի, ավելի կայացած էի: Օրինակ, չէի հարցնում, թե ճաշի մեջ ինչ լցնեմ եփելուց, դա պրոբլեմ էր: Եթե հարսը ուզում էր տան համար վարագույր գնել  իր սեփական աշխատավարձով, դա համարվում էր սանձարձակություն»:

Կինն ասում է, որ եթե փոխադարձ սեր լիներ, այդ ամենին էլ կդիմանար, սակայն նա այդ տանը ուներ բարոյական, հոգեկան ճնշվածության զգացում:

Աննայի խոսքով, հղիության ընթացքում նրան հորդորում էին ազատվել երեխայից, քանի որ «ինքը «արժանի» չէր նրանից երեխա ունենալ. «Նրա մայրը ներկա է եղել այդ խոսակցությանը, երբ նա ինձ ասել է, որ երեխայից ազատվեմ և խրախուսում էր իր տղայի վարքագիծը: Երբ ասացի, որ չի կարելի զավակասպանությամբ զբաղվել, կիսուրս ինձ ասաց, որ եթե ես մտածում էի երեխայի մասին, պետք է ինձ ավելի խելոք պահեի»:

Նրա խոսքով, ամուսինն իր նկատմամբ նաև ֆիզիկական բռնություն է կիրառել. հարվածել է, սակայն բանը չի հասել հիվանդանոց ընկնելուն. «Իսկապես ծանր է ինձ համար այդ ամեն հիշելը»:

Իրավաբան.net-ի հետ զրույցում սակայն Աննայի նախկին ամուսինը՝ Գևորգ Գևորգյանը, հերքեց այս ամենը, ասաց, թե երբեք բռնություն չի գործադրել կնոջ նկատմամբ և Աննայի պատմածը պարզապես նրա վարկաբեկելու նպատակ է ունեցել. «Ես նրան ոչինչ չեմ արել ու այսպիսի աղմուկ է բարձրացել, պատկերացնում եմ, որ նրա ինչ-որ բան անեի՝ ինչ կլիներ»:

«Քրեական օրենսգիրքը ծնողի կողմից երեխային առևանգելու վերաբերյալ որևէ դրույթ չի սահմանում». ոստիկանություն

Գևորգից հեռանալուց հետո երեխան ապրել է Աննայի հետ՝ նրա ծնողների տանը: Բանավոր պայմանավորվածությամբ՝ Գևորգը  շաբաթը մեկ-երկու անգամ տեսակցել է երեխային: Կնոջ խոսքով, նույնիսկ  եղել են դեպքեր, երբ ամեն օր է հայրը այցելել երեխային ու նախապես երբեք չի զգուշացրել իր այցերի մասին:

2017 թվականի հուլիսի մի օր Գևորգը տեսակցելու է եկել երեխայի քնի ժամին ու հարբած է եղել: Աննան խնդրել է՝  դուրս գալ:

«Թույլ չտվեցի ներս մտնել, դուրս եկավ ու ասաց, որ պարտադիր գալու է, այնտեղ վիրավորանքներ անձնական… և որոշեցի, որ կարելի է դիմել ոստիկանություն, որպեսզի զսպող մեխանիզմներ կիրառեն,- հիշում է Աննան և հավելում, որ ոստիկանությունը «ավելորդ է համարել» իր զանգը.

«Ասում էին՝ դե հիմա հայր է,  եկել է երեխային տեսի, ինչո՞ւ եք պատմություն սարքում: Ես ոստիկաններին ասացի, որ չեմ խնդրում նրան պատժել, ուղղակի խնդրում եմ, որ զսպող մեխանիզմներ կիրառեք, որ գոնե հաջորդ անգամ տուն գնալուց զանգի, պայմանավորվի»,- նույն օրը՝ 2017 թվականի հուլիսի 18-ին ոստիկանությունը Աննայից հաղորդում է վերցնում՝ տուն ապօրինի մուտք գործելու համար, սակայն քրեական գործի հարուցումը որոշ ժամանակ անց մերժվում է:

Մեզ հետ զրույցում Գևորգն իր խմած լինելու հանգամանքը նույնպես հերքեց. նշեց, որ խմած չի եղել, իսկ Աննան անտեղի լարվածություն է ստեղծել երեխային տեսակցելու նրա ցանկության համար:

«Գնում ես երեխային տեսակցելու իրենց ասած, իրենց նշած օրը, ոստիկանություն ահազանգ են տալիս, թե ապօրինի մուտք է գործել տուն: Լավ, եթե դուք չեք համաձայնվում՝ ես երեխային 2 ժամով տանեմ, առաջարկում եք տանը տեսակցել, ուրեմն տանը, չէ՞, պետք է տեսակցեմ»,- ասաց նա:

Իրավապահ մարմինները արարքը ապօրինի մուտք չեն որակել. «Նշեցին, որ հայրը հարբած չի եղել, այնինչ 3 ժամ օղու հոտը մեր տնից դուրս չէր գալիս: Դրանից հետո դիմել եմ դատախազություն, նրանք էլ ասեցին, որ գործի հարուցումը մերժվում է, քննիչները ճիշտ են վարվել»,- նշում է Աննան:

Այս դեպքից հետո Աննան դիմում է նաև իր բնակության վայրի՝ Երանոս համայնքի հոգաբարձության և խնամակալության հանձնաժողով՝ երեխայի հետ տեսակցությունների կարգը սահմանելու համար: Պայմանավորվածություն է ձեռքբերվում, որ շաբաթը մեկ անգամ մի քանի ժամով հայրը կարող է երեխային տեսնել՝ Աննայի բնակության վայրում:

Աննայի հանձնաժողով դիմելուց հետո Գևորգը 2017 թվականի հուլիսի 21-ին դիմում է դատարան՝ տեսակցության կարգ սահմանելու պահանջով: Ի դեպ, այս գործը դատարանը քննում է արդեն շուրջ երկու տարի և մինչ օրս վճիռ չկա:

Այս ընթացքում սակայն մի քանի միջադեպ է եղել: Աննան հիշում է, որ հակառակ հոգաբարձության և խնամակալության հանձնաժողովի որոշման՝ Գևորգը փորձել է երեխային գիշերակացով վերցնել իր մոտից. «2018 թվականի հունիսի 8-ին փորձել է առևանգել, պատուհանով փախցրել, տարել է երեխային»:

Աննայի խոսքով, դեպքից հետո ինքը դիմել է ամուսնու համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին, փորձել են Գևորգի հետ կապ հաստատել, պայմանավորվել են, որ նա պետք է երեխային վերադարձնի: Գևորգն ու  Աննան պայմանավորվել են, որ երեխան 4 օր պետք է մնա մոր մոտ, 3 օր՝ հոր մոտ մինչև դատական ակտով տեսակցության կարգի սահմանումը:

Իսկ մյուս նմանատիպ դեպքը տեղի է ունեցել այս տարի: Աննան պատմում է, որ փետրվարի 23-ին հերթական տեսակցության ժամանակ Գևորգն ասել է, թե երեխային տանում է խանութ, տնից դուրս են եկել ու երկար ժամանակ չեն վերադարձել:

«Տեսնելով, որ 2 ժամից ավելի է չկան՝ զանգել եմ նրան, ասել է, որ երեխային տարել է կողքի գյուղ՝ միրգ գնելու նպատակով: Եկել է տուն, ու իմ ու նրա մեջ բանավոր վեճ է եղել, որ առանց ինձ զգուշացնելու երեխային ձմռանը ծնկին դրած չտեղափոխի մեքենայով (մեքենան վարելով): Վեճին մասնակցել են նաև ծնողներս: Ես խնդրեցի, որ երեխային ինձ տա, որպեսզի նա ականատես չլինի վեճին, սակայն նա ինձ չտվեց երեխային, նրան գրկեց ու դուրս եկավ ու մինչև օրս չի վերադարձրել»,- նշում է նա:

Աննան դիմել է ոստիկանություն,  սակայն մարտի 21-ին նրան հայտնել են, որ քրեական գործի հարուցումը մերժվել է:

Հիմանվորման մեջ ոստիկանությունը նշում է.

Երեխան իր ցանկությամբ հոր գրկում եղած վիճակում, վերջինիս հետ մոր բնակության վայրից տեղափոխվել է հոր բնակության վայր և չի ցանկացել վերադառնալ մոր բնակության վայր, իսկ հայրը այդ ընթացքում չի խոչընդոտել երեխայի ազատ տեղաշարժը և երեխային մոր բնակության վերադարձնելուց հրաժարվել է այն պատճառով, որ դա չի ցանկանում երեխան, բացի այդ քրեական օրենսգիրքը ծնողի կողմից երեխային առևանգելու վերաբերյալ որևէ դրույթ չի սահամանում, հետևաբար հոր արարքում բացակայում է քրեական օրենսգրքով նախատեսված արևէ հանցագործության դեպքը:

Ոստիկանությունը նաև արձանագրել է, որ Աննայի արարքում էլ բացակայում է սուտ մատնության հանցակազմը, քանի որ «նա ցանկություն չի ունեցել Գևորգին սուտ որևէ հանցագործության մեջ մեղադրել, այլ հանդիսանալով մայր և գտնվելով հուզական վիճակում, վերջինիս կարծիքով Գևորգի արարքը հանդիսացել է քրեորեն պատժելի»:

Երեխային 2 տարի 10 ամիս խնամել է մայրը, այնուհետև հայրը մոր մոտից երեխային վերցրել է և տարել իր տուն

Աննան Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, որ 1 ամսից ավելի է՝ իր երեխայի մասին հավաստի տեղեկություն չունի, չի կարողանում նրան անկաշկանդ տեսնել և կապ ունենալ. «Երբ գնում եմ, փորձում եմ տեսնել երեխային, ստացվում է այնպես, որ բոլորը հանցագործի նման ինձ հսկում են, պատուհանները և դռները փակվում են, որպեսզի ես երեխային չվերցնեմ ու դուրս գամ տնից: Իմ և երեխայի համար շատ սթրեսային իրավիճակ է ստեղծվել: Դրան գումարած՝ նրանք փորձում են երեխայի հոգեբանության վրա ազդել, փորձում են սեպ խրել իմ և երեխայի հարաբերությունների մեջ»:

Նա նշում է, որ երեխան այնպիսի բաներ է ասում, որոնք, բացառվում է, թե նրա մտքերն են:

«Օրինակ, եթե ես գամ քո հետ, դու իմ ձեռքերը կվառես, ինձ կցավացնես: Ես իրեն հարցնում եմ, թե ով է դա քեզ ասել,  ասում է՝ պապան: Ասում է՝ ես տատիկից ու պապիկից վախենում եմ, դուք իմ պապային նեղացնում եք, դրա համար ես ձեզ չեմ սիրում, ես ձեզանից վախենում եմ: Հիմա եթե հայրը ուզում է, որ ես երեխայի հետ խոսեմ, խոսում է: Եթե պայման է ստեղծում, որ երեխան չուզի ինձ հետ խոսել, նա ինձ մերժում է: Բայց բոլորը կարող են ասել, որ մենք շատ ուժեղ հուզական կապ ենք ունեցել»,- նշում է Աննան:

Նրա խոսքով, երբ գնում է երեխային տեսնելու, սկզբնական շրջանում նա հոր գրկում է լինում և քաշվում է իրենից: Սակայն երբ երեխայի հետ է մենակ լինում, տղան խնդրում է մորը ոչ մեկի չասել, որ իրեն շատ է սիրում:

«Հենց իրեն հարցնում են՝ ուզում ես գնալ մամայի հետ, այդ ժամանակ երեխան շատ ուժեղ սթրես է տանում, սկսում է տերևի նման դողալ ու ասում է, որ չի ուզում գալ ինձ հետ»,- ասում է Աննան և հավելում, որ այս ամբողջ ընթացքում 3 անգամ է կարողացել երեխային տեսնել:

«…Հայրը պնդեց, որ ինքը երեխա չունի երեխայի մորը հանձնելու». խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով

Փետրվարի 27-ին Աննան կրկին դիմել է իր, իսկ մարտի 6-ին նախկին ամուսնու համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ՝ երեխայի կեցության պայմանների ուսումնասիրության նպատակով: Մայրը նշել է նաև, որ  երեխան կրծքով կերակրվող է և անհրաժեշտություն է, որ երեխան իր հետ մնա: Երանոս համայնքի պոլիկլինիկայի մանկաբույժի կողմից տրված եզրակացության մեջ նշվում է, որ Աննա Հոխիկյանը գտնվում է լակտացիոն շրջանում և իր 2 տարեկան 9 ամսական երեխային կերակրում է կրծքով: 

Երանոս համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը երեխային այցելելուց հետո մարտի 4-ի եզրակացության մեջ նշում է.

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ երեխան ընդհանուր առմամբ գտնվում է լավ վիճակում, հանձնաժողովի անդամների՝ հոր բնակարանում գտնվելու շուրջ 3 ժամերի ընթացքում երեխան որևէ անհանգստության նշան չի ցուցաբերել, խաղացել է իր խաղալիքներով, շփել է հոր, տատի, պապի հետ: Երեխան կապված է եղել վերջիններս, հատկապես հոր հետ, նա գտնվել է կոկիկ, խնամված վիճակում, այդ ժամանակահատվածում ուտել չի ցանկացել: Ժամը 18:00-ի սահմաններում երեխան հանգիստ քնել է: Երեխան եղել է հոր, տատի, պապի հոգածության կենտրոնում: Այսինքն, սույնով արձանագրվել է, որ հայրական տանը գտնվելու ընթացքում երեխայի կյանքին և առողջությանը որևէ վտանգ չի սպառնում»:

Ինչ վերաբերում է երեխայի՝ մայրական կաթով սնվելու դիմումով նշված հարցին և ներկայացված համապատասխան բժշկական փաստաթղթին, որի հիման վրա ներկայացվել է երեխային վերադարձնելու պահանջ, համայնքի խնամակալության մարմինը և համապատասխան հանձնաժողովը չեն վիճարկել փաստաթղթի իսկությունը, սակայն նշել են, որ երեխայի փոխանցումը մորը կիրականացվի միայն երեխայի կյանքին և առողջության սպառնացող անմիջական վտանգի բացահայտման և արձանագրման դեպքում, ինչը տվյալ դեպքի պարագայում բացակայում է:

Մայրը հանձնաժողովին առաջարկել է ուսումնասիրությանը ներգրավել հոգեբան՝ իր միջոցների հաշվին, սակայն հանձնաժողովը անհրաժեշտ չի համարել մասնագետի ներգրավումը:

Երեխայի հոր համայնքի՝ Վերին Գետաշենի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը մարտի 3-ի իր եզրակացության մեջ նույնպես նշել է, որ հոր տանը երեխայի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովված են: Հետաքրքրական է այն, որ հայրը դեմ է արտահայտնվել երեխային իր մոտից տանելուն.

«Հոր տանը առկա էին անհրաժեշտ բոլոր կոմունալ-կենցաղային պայմանները երեխայի ապրելու և հանգստի համար: Բնակարանում մեր գտնվելու ընթացքում, մտնելուց մոտ 1 ժամ անց, 18:00-ի սահմաններում երեխան քնեց: Մոտ 5 րոպե անց եկավ երեխայի մայրը, երեխան արթնացավ, մայրը երեխայի հետ առանձնացավ սենյակում: Տեսակցությունից հետո մայրը երեխայի հետ դուրս եկավ սենյակից, երեխան հանգիստ խոսում էր մոր հետ: Հայրը դեմ էր երեխային իր տնից տանելուն, ի պատասխան մոր հարցերին՝ երեխային իր հետ գնալուն, երեխան պատասխանում է, որ ցանկանում է մնալ հոր մոտ»:

Վերին Գետաշենի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2019 թվականի մարտի 6-ի արձանագրությունում նշված է հետևյալը.

«…Հայրը պնդեց, որ ինքը երեխա չունի երեխայի մորը հանձնելու, չնայած  հանձնաժողովի անդամների բազմաթիվ խնդրանքներին ու հորդորներին: Սակայն հայրը պատրաստակամություն է հայտնել իր երեխայի մորը ցանկացած օր, ցանկացած ժամին երեխայի հետ տեսակցելու հնարավորություն ընձեռել՝ միայն իրենց տանը»:

Ավելի քան 1 ամիս իր երեխայի հետ բավարար շփում չունեցող մայրը մտահոգված է. ասում է, թե ինչ կառույցի դիմում է, խնդիրը լուծելու փոխարեն պատճառ են փնտրում իրեն սխալ հանելու համար:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակի պատճառը Գևորգի պաշտոնն (աշխատում է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչությունում) ու կապերն են:

«Նա աշխատում է մարզպետարանում, իսկ նրա հորեղբայրը փոխմարզպետ է եղել, նրանց կապերը շատ են: Դրան գումարած ՝ հորեղբայրը այժմ իրենց գյուղում գյուղապետ է, մի հորաքույրը դպրոցի ամբուլատորիայի բժշկուհին է և այդ խնամակալության հանձանժողովներ էլ ինչպես են կազմված, բժշկուհին է, դպրոցի մանկավարժ, որը իր վերադասի վերաբերյալ ոչ մի բացասական եզրակացություն չի տա»,- նշում է Աննան:

Ստորություն է երեխային օգտագործելը կամ կտրելը մորից. հոր պատասխանը

Մեզ հետ զրույցում նույնպես Գևորգն ասաց, թե իրականում մայրը կարող է տեսակցել երեխայի հետ. «Մայրը ցանկացած պահի կարող է տեսակցել երեխայի հետ, ես որևէ կերպ չեմ խոչընդոտում: Նա ամեն օր զրուցում է երեխայի հետ հեռախոսով»,-նշեց նա:

Ըստ նրա՝ երեխային տարել է մոր տնից, քանի որ վերջինս չի ցանկացել վերադառնալ «մայրական օջախ», սակայն երեխայի և մոր միջև լավ հարաբերություններ են:

«Ինձ համար նույնիսկ զարմանալի է 3 տարեկան երեխայի նման պահվածքը: Նա կատեգորիկ հրաժարվում է մոր հետ տեղափոխվել նրանց տուն: Խաղում է հետը, ընդունում է: Ես երեխային տարել էի, որ հետ վերադարձնեմ: Հետո մի սկանդալ, մի իրավիճակ: Երեխան վախեցած վիճակում ուղղակի ինձ հետ եկել է իմ հայրական օջախ: Ստորություն է երեխային օգտագործելը կամ կտրելը մորից»,-ասաց նա:

Աննայի այն պնդումները նույնպես, թե հայրը երեխային տրամադրում է իր դեմ, Գևորգը հերքում է: Գևորգի խոսքով,  անկախ փորձագետների եզրակացությունները տարբերվում են մոր պնդումներից. «Նրանք նշել են, որ տվյալ տարիքի երեխային սովորեցնել հնարավոր չէ: Եթե սովորացնելու լինեի, իրեն կսովորացնեի, որ այդպիսի դիրքորոշում չունենար ու երեխայի ճակատագրի հետ չխաղար»:

Գևորգը անդրադարձավ նաև հանձնաժողովների անդամների վրա ազդելու մասին Աննայի պատմածին: Նա նշեց, որ սովորական քաղծառայող է և չէր կարողանա հանձանժողովի որևէ անդամի կամ այլ անձի վրա ազդեցություն ունենալ. «Ես սովորական աշխատավարձի հույսով, վարկեր տակ կքած անձնավորություն եմ: Ես ինչպե՞ս կարող եմ նման հարցեր լուծել: Նորից եմ ասում, ինձ վարկաբեկելու քաղաքականություն է պարզապես …Եթե ես, որպես հայ տղամարդ, մեր երեխայի տեր եմ կանգնել՝ անկախ մեր չստացված կյանքից, սխա՞լ եմ գործել»:

Խնդիրը կարող է լուծվել դատական ակտով, սակայն դատական նիստերը ձգձվում են

Տեսակցության կարգ սահմանելու մասին Գևորգ Գևորգյանի հայցադիմումը Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել 2017 թվականի հուլիսի 21-ին: Նույն թվականի սեպտեմբերի 20-ին  Աննա Հոխիկյանը ներկայացրել է հակընդդեմ հայց՝ ալիմենտային պահանջով: Աննան նշում է, որ բաժանվելուց հետո երեխայի խնամքի հարցում երկու տարվա ընթացքում հոգացել է ինքն ու իր ծնողները, իսկ երեխայի հայրը չի օգնել ոչնչով:

Դատական այս գործը 2018 թվականի  հոկտեմբերի 25-ին վերամակագրվել է, իսկ հոկտեմբերի 29-ին մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին և նույն օրն ընդունվել վարույթ:

Այս ամբողջ ընթացքում նշանակվել է 9 դատական նիստ, որոնց մի մասը տարբեր պատճառներով հետաձգվել են:

Գևորգի խոսքով, եթե դատարանը որոշի, որ երեխան պետք է մոր մոտ մնա, նա կվերադարձնի երեխային:

Երեխայի և՛ հայրը, և՛ մայրը այն կարծիքին են, որ դատական նիստերն անտեղի հետաձգվում են և հարցի լուծումն ուշանում է:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել