«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստվայրում այսօր՝ փետրվարի 20-ին, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ դատարանը հրապարակեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի ներկայացրած միջորդության վերաբերյալ որոշումը:

Հիշեցնենք, որ պաշտպանը միջնորդել էր, որպեսզի նախաքննության ընթացքում իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին, վերացվի և նոր խափանման միջոց չընտրվի՝ հաշվի առնելով այն, որ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքով խափանման միջոցի կիրառումը չեղարկվում է:

Դատախազն այս միջնորդության դեմ առարկել էր:

Դատարանը որոշեց, որ համաներման օրենքի համատեքստում՝ Բեգլարյանի և Հովսեփյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցները, այսինքն, երաշխավորությունը և չհեռանալու մասին ստորագրությունը կիրառելու համար օրենքով նախատեսված իրավաչափ նպատակը բացակայում է կամ լիարժեք չէ:

«Բացակայում են խափանման միջոցի կիրառման հիմքերը»,- նշեց Դավիթ Հարությունյանը և վերացրեց գործով 2 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցները, իսկ երաշխավորի վճարած 500 հազար դրամը կվերադարձվի վերջինիս:

Նշենք, որ կողմերից և ոչ մեկ չէր ներկայացել դատական նիստին՝ լինելով պատշաճ ծանուցված: Պատճառը աշխատանքային ծանրաբեռնավածությունն էր:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին`բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար, հայտնում են ՔԿ-ից:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Ն.Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը՝ հարազատների հետ միասին, ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար: Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ.Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել է ընկերությանը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել