Այսօր՝ մայիսի 29-ին, Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում քաղաքացիական հասարակության կազմակերպություների (ՔՀԿ) ինկուբատորների մասնակից ՔՀԿ-ների ղեկավարները հանդիպել են ՀՀ արդարադատության փոխնախարարներ Արթուր Հովհաննիսյանի և Վիգեն Քոչարյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
Նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին ուղղված քաղհասարակության ներկայացուցիչների հարցերը հիմնականում Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների մասին էին, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկների անբարենպաստ պայմանների, կալանավորների պահման վայրերի, ինչպեսև դատապարտյալների և նրանց հարազատների տեսակցությունների մասին։
«Աստղացոլք» կայուն զարգացումների ապահովման ՀԿ ներկայացուցիչ Իրինա Հովհաննիսյանն իր մտավախությունները հայտնեց պրոբացիայի ծառայության հետ կապված այն մասին, որ ծառայությունում աշխատում են այն մարդիկ, ովքեր նախկինում աշխատել են Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում․ «Պրոբացիայի նպատակն այն է, որ անձիք ավելի հեշտ սոցիալականացվեն, և երբ մնացել են նույն աշխատակիցները, որոնք շահառուին վերաերում են այնպես, ինչպես դատապարտյալին, արդյո՞ք դուք այստեղ խնդիր չեք տեսնում»,-նշեց նա։
Փոխնախարարը հաստատեց այն, որ խնդիր կա պրոբացիայի ծառայությունում ընդգրկված սոցիալական աշխատողների ընտրության հարցում․ «Հենց իրենք պետք է հասկանան, որ իրենք պրոբացիայի ծառայողներ են։ Ես չեմ կարծում, որ պետք է բոլոր ծառայողներին ազտենք աշխատանքից և 0-ից նորից նոր մարդիկ ընդունենք։ Որոշները կվերաինտեգրվեն, կհասկանան թե ինչ քաղաքականություն է փոխվել և հանդես կգան որպես պրոբացիայի ծառայող, իսկ նրանք, ովքեր կարծրացած կլինեն նախորդ մեխանիզմներով, բնականաբար, իրենք պետք է տեղ չգտնեն համակարգում»,-ասաց նա։
Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ նաև ԴԱՀԿ ծառայության աշխատանքին՝ նշելով, որ որքան էլ օրենքում փոփոխություններ են կատարվում, միևնույն է ոլորտում նոր օրենսդրական ակտի մշակման անհրաժեշտություն կա։
Դատվածություն ունեցած անձիք շատ հաճախ չեն կարողանում աշխատանքի անցնել, քանի որ գործատուները հիմանկանում մերժում են նրանց․ այս թեմայի մասին հարց ուղղվեց փոխնախարար Վիգեն Քոչարյանին, ի պատասխան որի, նա ասաց․ «Մենք կարող ենք այդպիսի կամայական մոտեցումների հանդիպել, այդ հարցի լուծումը տեսնում ենք երկու ուղղություններով, Աշխատանքային օրենսգրքում կարգավորումներ նախատեսելով և ավելի ֆունդամենտալ լուծում՝ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի ընդունումը, ինրը երկար պատմկություն ունի և երկար քննարկվող թեմա ու կարծես թե մոտենում ենք դրա հանգուցալուծմանը»։
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն իր խոսքում նշեց, որ նմանատիպ հանդիպումներն օգտակար են նաև նախարարության համար․ «Ի վերջո, շատ նպատակներ, շատ լուծելիք խնդիրներ ընդհանուր են, և համապատեղ լուծումներ պետք է տանք»,-նշեց նա։
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ալիսա Չիլինգարյան