Այսօր՝ մարտի 21-ին,0 «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցով հանդես եկավ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Պաշտպանն ասաց, որ հոգեբուժական կազմակերպություններում մշտադիտարկման աշխատանքներ են կատարվել, բոլոր այցերը կրել են չհայտարարված բնույթ և իրականացվել են հատուկ խմբերով:
Պաշտպանի աշխատակազմը հոգեբուժարաններում կոպիտ խախտումներ է արձանագրել:
Մշտադիրտարկման արդյուքնում վեր հանված առաջնահերթ խնդիրներից մեկը այն է, որ չնայած հոգեբուժական օգնությունը և սպասարկումն անվճար է, սակայն արձանագրվել են հոգեբուժական վճարովի ծառայությունների տրամադրման դեպքեր, իսկ համայնքային մակարդակում հոգեկան առողջության պահպանման ծառայություններն անհասանելի են եղել:
Առկա են եղել նաև քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերով նախատեսված հարկադիր բուժման հետ կապված մի շարք օրենսդրական և գործնական խնդիրներ:
Արձանագրվել են ժամկետանց դեղերի և բժշկական պարագաների, ինչպես դեղերի ոչ պատշաճ պահպանման խախտումներ:
«ՀՀ օրենքը պետությանը պարտադրում է անվճար բուժօգնություն ցուցաբերել: Այս կապակցությամբ մտահոգիչ է ներկայումս տարվող օրենսդրական քաղաքականությունը, հարց այն է, որ Առողջապահության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որը ներառում է անվճար բուժօգնության ենթակա հիվանդությունների հիմնական ցանկը, բայց հոգեկան հիվանդությունների ցանկը չկա, այս մասին մենք մեր առարկությունը հայտնել ենք: Ավելին, հոգեկան բուժօգնության վճարովի ցուցակ կա մի շարք հոգեբուժական կազմակերպություններում՝ Ավանում, Նուբարաշենում, Գյումրիում, Սյունիքի և Լոռիի դիսպանսերներում: Այդ սակագները սահմանված են ներքին իրավական ակտերով, իսկ մարզպետարանների ենթակայության տակ գտնվող կենտրոններում մարզպետարանի որոշմամբ»,-նշել է մարդու իրավունքների պաշտպանը:
Արման Թաթոյանը հայտնեց, որ խնդիրներ կան հարկադիր բուժման հետ կապված, մի շարք դեպքերում չկան նեղ մասնագետներ, բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է, օգտագործվել են օրենքով չնախատեսված զսպման, ներգործության միջոցներ և արձանագրվել են դրանց կիրառման կարգի խախտումներ, գերբնակեցման խնդիր կա և այլն:
«Այս զեկույցում ամեն խնդիր պարունակում է առաջարկ, այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև լուծման տարբերակները ներկայացվել են ոլորտի պատկան մարմիններին»,-նշել է նա:
Պաշտպանը նշել է նաև, որ մի շարք դեպքերում առկա է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ խտրական մոտեցում:
Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները, դրանց ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև անհրաժեշտ լուծումների առաջարկները ներկայացվել են ոլորտի իրավասու մարմիններին: