ՓԱՍՏԱԲԱՆ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒ

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան
Լիանա Հարությունյան
Հունիս 2006թ.
ՓԱՍՏԱԲԱՆ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Ներկայումս կիրառվող դատական պրակտիկայում շատ հաճախ փաստաբանը բախվում է մի խոչընդոտի, որը կապված է քաղաքացիական դատավարությունում կիրառվող դատական ներկայացուցչության ինստիտուտի կիրառման հետ, և որի հետևանքով ոչ միայն ոտնահարվում են փաստաբանի իրավունքներն ու օրինական շահերը, այլ արժեզրկվում է փաստաբանության ինստիտուտը:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, իսկ համաձայն 20-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
Նշված դրույթների իրականացումը, որպես որակյալ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի երաշխիք, կոչված է ապահովելու նաև փաստաբանությունը: Այն հանդիսանում է յուրաքանչյուր ժամանակակից իրավական պետության իրավապաշտպան համակարգի կարևոր և բաղկացուցիչ մասնիկը: Պատահական չէ, որ դեռևս հին հռոմեական իրավունքում գոյություն ուներ «Advocatus Legum Miles» լատիներեն արտահայտությունը, որը նշանակում է «Փաստաբանը իրավունքի զինվորն է»:
Այսպես, քաղաքացիական դատավարությունում փաստաբան-ներկայացուցչի դատավարական լիազորությունները սահմանվում են ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ, 41-րդ, 42-րդ, 28-րդ հոդվածներով, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածներով:
Համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի՝ դատարանում ներկայացուցիչ կարող է լինել ցանկացած քաղաքացի, որն ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն, իսկ նույն օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ փաuտաբանի լիազորությունները հաuտատվում են oրենքով uահմանված կարգով: Փաստաբանի լիազորությունների՝ օրենքով սահմանված լինելու հանգամանքն էլ հաստատվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ Փաստաբանների պալատի կողմից տրված փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագրով: Վերը նշված դրույթներից հստակ է դառնում, որ ներկայացուցիչը քաղաքացիական դատավարությունում մասնակցում է միայն պատճաշ ձևակերպված լիազորություն ունենալու դեպքում, իսկ փաստաբան-ներկայացուցչի դեպքում՝ այն փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիրն է: Այն հնարավորություն է ընձեռում փաստաբանին իրականացնել միայն այնպիսի դատավարական գործողություններ, որոնք կապված չեն վստահորդի նյութական իրավունքների տնօրինման հետ: Իհարկե, արտոնագրի առկայությունը բավարար չէ, եթե փաստաբան-ներկայացուցիչը պետք է օգտվի ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված լիազորություններից, որոնց համար նա պետք է ունենա նաև պատճաշ ձևակերպված լիազորություն՝ լիազորագիր:
Այսպիսով, իմ կարծիքով, վերը նշված օրենսդրական ձևակերպումները չեն արգելում փաստաբան-ներկայացուցչին դատարանում հանդես գալ արտոնագրով՝ առանց լիազորագրի, եթե վստահորդը նրա կողքին է: Նշված կարծիքին են նաև հայտնի ռուս իրավաբան գիտնականներ՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գ. Ա. Ժիլինը, իրավաբանական գիտությունների թեկնածու Ա. Ա. Վլասովը:
Սակայն կիրառվող դատական պրակտիկայում կան դատարաններ, մասնավորապես ՀՀ Տնտեսական դատարանը, որոնք, անկախ այն հանգամանքից, որ դատական նիստում փաստաբան-ներկայացուցիչը հանդես է գալիս վստահորդի հետ միասին, փաստաբան-ներկայացուցչից պահանջում են նաև վստահորդի կողմից տրված լիազորագիր՝ անտեսելով փաստաբանական արտոնագիրը և արգելելով փաստաբան-ներկայացուցչին դատական նիստում օգտվելու օրենքով իրեն վերապահված դատավարական իրավունքներից: Եթե նման տրամաբանությամբ շարժվենք, ապա փաստաբանական արտոնագիրը կորցնում է իր իրավաբանական նշանակությունը՝ դրանով իսկ արժեզրկելով փաստաբանական ինստիտուտը: Փաստաբանի կողմից նման խնդրի հետ բախումը հնարավորություն չի տալիս նրան լիարժեք իրականացնելու այն, ինչին կոչված է փաստաբանությունը ամբողջ աշխարհում, քանի որ փաuտաբանն է աջակցում հաuարակության մեջ իրավունքի գերակայության ամրապնդմանը, իրականացնում oրինականության քարոզչություն` մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու և միջազգային հանրաճանաչ նորմերը ամրապնդելու ուղղությամբ:
Իմ կարծիքով, նշված խնդրի արդիականությունն ու կարևորությունը կայանում է նաև նրանում, որ որոշ դատարանների կողմից ցուցաբերվող նման վերաբերմունքով ոչ միայն չի ապահովվում ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 20-րդ հոդվածներով երաշխավորված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, այլև խախտվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը և մրցակցության սկզբունքը:
Ուստի, վերոնշյալ խնդրո առարկայի օրենսդրորեն ճիշտ կիրառումը ապահովելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է դրա պաշտոնական պարզաբանումը ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի կողմից՝ այդ ոլորտում միասնական դատական պրակտիկայի կիրառումը ապահովելու համար:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել