ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացները պետք է շարունակական բնույթ կրեն․ դասընթացի մասնակից

Հայաստանի Ամերիկյան համալսարանում այժմ ընթանում են քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված կրթական ծրագրի 4-րդ փուլի դասընթացները:

Այս փուլի դասընթացին մասնակցում է 15 ՔՀԿ ներկայացուցիչ՝ Երևանից և մարզերից:

Կրթական այս նոր ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակը ՔՀԿ-ների ազդեցիկության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների մշակման գործընթացներում:

Այսօր դասընթացավար Արեգ Թադևոսյանը մասնակիցներին ներկայացնում էր հանրային քաղաքականության ձևավորումը՝ փաստերի վրա հիմնվելով: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ դասընթացի հիմքում պրակտիկ փորձն է,հաշվի են առնված իրական խնդիրները. «Լսարանը բավականին ակտիվ է։ Ամենակարևորը դա է։ Մարդիկ, երբ իրենք հարցերով ուղղորդվում են, հետաքրքրություն են ցույց տալիս, երևում է, որ քո աշխատանքը տեղ կհասնի։ Մարդիկ կան, ովքեր փորձառություն են ունեցել պետական կառույցներում աշխատելու, կամ նոր են սկսել, և որոշակի կտորներ համադրում ենք իրար ու համատեղ արդյունք ստանում»,-ասաց Արեգ Թադևոսյանը։

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սոնա Մակասյանը նշում է, որ արդեն հասցրել են քննարկել, թե ի՞նչ է  հանրային քաղաքականությունը, ի՞նչ է անհրաժեշտ ՔՀԿ ոլորտին՝ կառավարության հետ համագործակցելու համար,  ո՞րն է այն շարժիչ գործոնը, որը պետք է առաջ մղի հասարակական սեկտորը՝ հանրային քաղաքականությունում փոփոխություններ մտցնելու համար։

«Դասընթացը տալիս է նոր կապեր և ապագայի համագործակցության համար շատ լավ հիմք։ Հավաքվում են կազմակերպություններ, որոնք միասին փորձում են հասկանալ, թե ո՞րն է իրենց դերը և թե դասընթացներից հետո ինչ գործունեություն կարող ենք ծավալել միասին՝ տվյալ ոլորտում ավելի կայուն գործունեություն ծավալելու համար»,- նշեց Սոնա Մակասյանը։

«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Կամո Ասատրյանի կարծիքով դասընթացի արդյունավետությունը բավականին բարձր է։ Դասընթացավարերը նոր գործիքներ են ներկայացնում, որոնց տիրապետումը մեծ առավելություն է.

«Ես կարծում եմ, որ ՔՀԿ-ների կարողությունների ավելացմանն ուղղված միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ։ Այն կարողությունները, որոնք ունեն ՔՀԿ-ները, բնականաբար, տարիների ընթացքում պետք է կատարելագործվեն, ինչին էլ միտված է այս միջոցառումը։ Այդ առումով, ես կարծում եմ, որ բավականին արդյունավետ կլինի, եթե սկսենք կիրառել այդ գործիքները և՛ ՏԻՄ-երի հետ համագործակցելու շրջանականերում և՛ նաև արդեն կառավարության հետ համագործակցելու շրջանակներում»,- մանրամասնում է ծրագրի մասնակիցը։

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել