Նախորդ նիստին կողմերը փորձեցին հաշտության գալ, սակայն գնորդը ոչ մի կերպ չհամաձայնեց

Այսօր ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում նախագահությամբ է. Նահապետյանի շարունակվեց նախնական դատական նիստն ըստ հայցի Մխիթար Հարությունյանի` ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժնի թիվ 08-631/11 և 08-648/11 կատարողական վարույթներով` արգելադրված գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողի 10.08.2011թ. որոշումն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջի մասին:

.

Գործով որպես պատասխանող ներգրավված ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային բաժինը դարձյալ չէր ներկայացել դատական նիստին: Դատական նիստին ներկա էին հայցվորի ներկայացուցիչը, 3-րդ անձինք` Գալուստ Առաքելյանի ներկայացուցիչը (վաճառված տան տեր), Գոհար Իսկանդարյանը և իր ներկայացուցիչ Թամարա Յայլոյանը (պարտատեր) և Գայանե Մխիթարյանի ներկայացուցիչ Աննա Դավթյանը (գնորդ):

.

Դատարանը լսելով կողմերի կարծիքները, հաշվի առնելով նաև այն հանգամանքը որ պատասխանող ԴԱՀԿ Շիրակի մարզային բաժինը ներկայացրել է հայցադիմումի պատասխան և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով որոշեց նախնական դատական նիստն անցկացնել վերջինիս բացակայությամբ:

.

Դատարանը պարզաբանման ենթակա բոլոր հարցերը պարզաբանելուց հետո` գտնելով, որ գործը պատրաստ է դատաքննության որոշեց անցնել դատաքննության փուլ: Պարզաբանվեց դատավարության կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պարզաբանվեց նաև հայցվորի հայցից հրաժարվելու և պատասխանողի հայցը ընդունելու իրավունքը:

.

Հայցվորի ներկայացուցիչը հանդես եկավ իր բացման խոսքով և պնդեց հայցը: Կողմերը նույնպես հանդես եկան իրենց բացման խոսքով, յուրաքանչյուրը պնդելով իր պահանջը: Ըստ էության գնորդը, ով հրապարակային սակարկությունների արդյունքում ձեռք էր բերել տվյալ անշարժ գույքը չհամաձայնեց հաշտություն կնքել 3-րդ անձ` Գալուստ Առաքելյանի ներկայացուցչի հետ, իսկ 3-րդ անձ` Գոհար Իսկանդարյանն էլ պնդեց, որ հայցը ենթակա է մերժման:

.

Հայցվորի ներկայացուցիչը պնդում էր, որ ԴԱՀԿ Շիրակի մարզային բաժինը թույլ է տվել օրենքի խախտում` պատշաճ չի ուսումնասիրել հրապարակային սակարկություններով իր կողմից համապատասխան կատարողական վարույթի շրջանակներում աճուրդ-վաճառքի հանված Գալուստ Առաքելյանին պատկանող անշարժ գույքը (լոտը), ուստի պետք է հայցը բավարարել և անվավեր ճանաչել էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողի 10.08.2011թ. որոշումը:

.

Գալուստ Առաքելյանի ներկայացուցիչը նշեց, որ պատրաստ են նույն գործով 3-րդ անձ`Գոհար Իսկանդարյանին, ում վերջինս գումար էր պարտք, վճարել ամբողջությամբ տոկոսների հետ միասին, սակայն քանի որ 3-րդ անձ`անշարժ գույքի գնորդ` Գայանե Մխիթարյանը համաձայն չէ, ինչպես ներկայացրեց վերջինիս ներկայացուցիչը, ապա վերջինիս համաձայությունը ըստ էության այդքան էլ էական չէր: Պարտատեր Գոհար Իսկանդարյանի ներկայացուցիչը պնդեց, որ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած գումարի բռնագանձման պահանջի մասին վճիռ, ուստի իրենք դեմ են, որպեսզի հայցը բավարարվի:

.

Ի վերջո դատաքննության ընթացքում պարզաբանվեց բոլոր այն հարցերը որոնք ենթակա էին սույն գործով պարզաբանման, ուսումնասիրվեցին գործում առկա փաստաթղթերը և հետազոտվեցին ապացույցները: Կողմերը հանդես եկան իրենց ամփոփիչ ճառով և յուրաքնչյուրը պնդեց իր դիրքորոշումը:

.

Քանի որ կողմերը չունեին միջնորդություն և ոչ մի նոր ապացույց ներկայացնելու համար դատարանին, ուստի դատարանը դատական վիճաբանությունների փուլը ևս համարեց ավարտված:

.

Դատարանը հայտարարեց, որ գործի քննությունը համարվում է ավարտված, իսկ վճռի հրապարակման համար նշանակեց նիստ նոյեմբերի 2-ին ժամը 17.00-ին:

.

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր – Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել